Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ անցկացվեց

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ անցկացվեց

Ավարտվող տարվա վերջին Գիտական խորհրդի նիստը ԵՊԲՀ-ում անցկացվեց դեկտեմբերի 27-ին։ Նիստին ներկա էր բուհի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը։

Ռեկտոր Արմեն Մուրադյանը 2023 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս ընդգծեց, որ կխոսի թե՛ բացերի, թե՛ հաջողությունների մասին.

«Ձեռքբերումների և խնդիրների մասին խոսելը հնարավորություն կտա Գիտական խորհրդի անդամներին ստանալ բուհական բոլոր գործընթացների մասին հետաքրքրող հարցերի պատասխանները»։

Գիտական խորհրդը համալրվել է նոր անդամով: Ռեկտորը խորհրդին ներկայացրեց կրտսեր գործընկերոջը` Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս, կրծքային վիրաբույժ  Լևոն Մինասյանին:

Երիտասարդացման գործընթացը, նրա փոխանցմամբ, օրակարգում է` հաշվի առնելով, որ կան ամբիոններ, որոնց ղեկավարումն իրականացվում է ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից։

«Երիտասարդացման գործընթացը իրականացվող բարեփոխումների մի մասն է կազմում»,-շեշտեց պրոֆեսոր Մուրադյանը։

Երիտասարդ մասնագետների ներգրավումը կրթագիտական համակարգում նա կարևորեց հատկապես տեսական ամբիոններում։

Բժշկական համալսարանի ղեկավարի զեկույցն ընդգրկում էր կրթական, գիտական, կլինիկական, միջազգային ոլորտների, ինչպես նաև ընդհանուր առանցքային ձեռքբերումները։

Ռեկտորի տեղեկացմամբ` բարեփոխումները կվերաբերվեն նաև որոշ ստորաբաժանումների աշխատանքների ընդլայնմանը և համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։

Շրջանավարտների հետ կապի ամրապնդմանը նույնպես մեծ ուշադրություն է հատկացվում։

Ապագա բժիշկների համար բարեվարքության դասերից մինչև մասնագիտական կողմնորոշման դասընթացներ, օտարերկրացի ուսանողների թվի ավելացում, սոցիալական պատասխանատվություն, այլ նախաձեռնություններ ընդգրկված էին հաշվետվության մեջ։

365 օր համալսարանական երեք հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված։ Այս բուժհաստատություններում ևս պացիենտների հարմարավետությանը և բուժօգնության որակի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակական են։ Բոլոր բարեփոխումներն արդյունավետության բարձրացման նպատակ ունեն։

«Հաջորդ տարի նախատեսել ենք ակնաբուժական լազերային վիրահատություններ իրականացնել համալսարանական Ակնաբուժական կլինիկայում»,-տեղեկացրեց ռեկտորը` խոսելով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գործունեության մասին։

Նոր  սարքերով համալրումը, հատկապես եզակի ռենտգենով, անգիոգրաֆով, Արմեն Մուրադյանը մեծ ձեռքբերում համարեց։

Կրթելու և սովորեցնելու բաղադրիչը նա կարևորեց համալսարանական բոլոր բնագավառներում։

Զեկույցը ռեկտորը ամփոփեց «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման վերաբերյալ տեղեկացմամբ։

90.000 փաստաթղթից կազմված ԵՊԲՀ փաթեթը գնահատվել է հինգ բաղադրիչով և վերջնական արդյունքը կհրապարակվի հաջորդ տարվա հունվարի կեսին։

Զեկույցի, կատարված աշխատանքների մասին կարծիք հայտնեց պրոֆեսոր, Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Արա Բաբլոյանը` համաձայնելով այն կարծիքին, որ երիտասարդացման քաղաքականությունն առաջընթացի լավագույն հիմքն է։

Միքայել Ադամյանը հաղթանակ և հաջողություն համարեց  բուհի հաջողությունները, որոնք առաջխաղացման երաշխավորն են։

«Համալսարանի առողջապահական համակարգում հսկայածավալ աշխատանք է կատարում ինչպես բուժական, այնպես էլ կրթական ոլորտներում:  Օտարերկրացի ուսանողների 42 տոկոսը Հայաստանում ԵՊԲՀ-ում է կրթություն ստանում, ինչը վկայում է կրթագիտական խոշոր կենտրոն լինելու մասին»,- շեշտեց Միքայել Ադամյանը`  ավելացնելով, որ կատարվող աշխատանքների մեծ մասում Հոգաբարձուների խորհուրդն ակտիվ մասնակցություն և աջակցություն ունի։

Որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի և բժիշկ նա շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին։

Եզրափակելով տարեվերջյան նիստը` ԵՊԲՀ ռեկտորը խոսքն ուղղեց բոլոր հերացիականներին. «Ամփոփում ենք 2023 թվականը բոլոր պարտություններով, խնդիրներով, այնուամենայնիվ մեզ հաջողվեց միասին ևս մեկ  տարի անցկացնել` աշխատանքային, գործընկերային դաշտում»,- ասաց նա` կարևորելով յուրաքանչյուրի ներդրումը համալսարանի զարգացման, նոր սերունդ ձևավորելու գործընթացում, որը ապահովում է  համալսարանի բնականոն կյանքը նա նաև հույս հայտնեց, որ գալիք տարում կհաջողվի այս կազմով ևս հանդիպել այս դահլիճում` ձևավորելով երկրի համար պրոֆեսիոնալ բժիշկներ` օժտված բարձր մարդկային որակներով և արհեստավարժությամբ, որն անշուշտ հայրենասիրության դրևսրում է:

Բացի այդ, որպես ռեկտոր, գործընկեր, բժիշկ, շատերի աշակերտ, նա շնորհավորեց համալսարանականների ընտանիքի անդամներին, հատկապես այն դեպքում, որ շատ հաճախ կլինիկական բնագավառի ներկայացուցիչները օրն ու ժամանակի մեծ մասն անցկացնում են հիվանդանոցներում, աշխատավայրում:

Լավատեսության մթնոլորտի տարածումը ինչպես սովորողների, այնպես էլ պացիենտների շրջանում անհրաժեշտություն է, քանի որ մեկդարյա այս կրթական հաստատությունը մեր երկրում, մեր քաղաքում մշտապես եղել է լավատեսության մետրոնոմը և տվել է այն զարկերի հաճախականությունը, որով մեր երկիրը առողջացել է:

«Եղեք առողջ, որ առողջացնեք, բոլորիդ լավն ու բարին եմ մաղթում»,- նշեց նա:

Գիտական խորհուրդը հաստատեց «Ակադեմիական անձնակազմի մասին» կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ինչպես նաև տպագրելու երաշխավորություն տվեց ներկայացված ուսումնական գրականության ցանկին: