«Վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ-ում այսօր վերանորոգումից և արդիականացումից հետո վերաբացվեց լաբորատոր մասնաշենքում տեղակայված 6-րդ լսարանը, որն այսուհետ կկրի ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անունը: Գիտական խորհրդի հանդիսավոր նիստն խորհրդանշական էր. հրավիրված էր պրոֆեսոր Խոստիկյանի ծննդյան օրը, նվիրված` նրա հիշատակին:
Համալսարանականները հնարավորություն կունենան Նելլի Խոստիկյանի ընտանիքի միջոցներով վերանորոգված և նորագույն տեխնիկայով հագեցած դահլիճում անցկացնել միջոցառումներ, նիստեր, հանդիպումներ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ազդարարելով գիտական խորհրդի մեկնարկի մասին՝ նշեց, որ համալսարանում վերականգնվում է բնականոն կյանքը։
Նա ընդգծեց, որ համալսարանի որդեգրած «Վերադարձ» ծրագիրը թույլ է տալիս բժշկագիտության նվիրյալներին յուրահատուկ ձևով վերադառնալ համալսարան։
Բժշկական բուհի ղեկավարը ներկաներին դիմեց խնդրանքով` կոչ անելով ծրագրի վերաբերյալ երբևէ չունենալ ձևական և պարտադրված մոտեցումներ` գնահատելով նվիրյալների սերունդներ կրթելու, մասնագիտություն զարգացնելու կարևորագույն ներդրումը:
«Նելլի Գուրգենի Խոստիկյանն իր ժամանակների անփոխարինելի անձնավորություն է, որը կարողացավ այս ծանր ոլորտում համախմբել մասնագետների, ապահովել զարգացում: Բացառիկ գիտնական և մասնագետ, խստապահանջ և մարդկային»,- ասաց Արմեն Մուրադյանը` պրոֆեսոր Խոստիկյանին բնորոշելով որպես համալսարանի նվիրյալ, որը երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչների սովորեցրել է ժամանակակից մտածել, ծանոթանալ բժշկագիտության համաշխարհային մոտեցումներին։
«Նելլի Գուրենովնան խորապես գիտակցելով իր պրոֆեսոիանալ տեղը և դերը դա երբեք ի ցույց չէր դնում` շարունակելով իր մասնագիտական զարգացման ուղին»,-նկատեց Արմեն Մուրադյանը` ապագա բժիշկներին մաղթելով բարձր պահել նվիրյալների պատիվն ու շարունակել նրանց պայծառ ուղին։
Բուհի ղեկավարը համառոտ ներկայացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք վերջին տարին կյանքի են կոչվել համալսարանական մեծ թիմի ջանքերով։
Խոսեց ոչ միայն ձեռքբերումների, այլև մարտահրավերների մասին` հայտնելով, որ բուհում վերջին մի քանի ամսվա քննարկման արդյունքում մեկնարկել է միջազգային հավատարմագրման գործընթացը, որը պահանջում է բարեփոխումներ, երկարատև աշխատանք։
Կարևոր այս գործում անելիքներ ունեն ինչպես աշխատակիցները, այնպես էլ ուսանողները։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ամիսներ առաջ կյանքից հեռացած անվանի բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի հիշատակը:
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Նաիրա Կարալյանը ներկայացրեց պրոֆեսոր Խոստիկյանի անցած ուղին, անդրադարձավ երկարամյա ղեկավարին՝ որպես հայ մարդ, գիտնական, կազմակերպիչ, մայր, ուսուցիչ։
Նելլի Խոստիկյանը կյանքից հեռացավ 2020 թվականի վերջին՝ անավարտ թողնելով կարևոր այն առաքելությունը, որն արդեն վեց տասնամյակ կատարում էր մեծ նվիրումով: Նրա անունը սերտորեն կապված է մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ:
ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում նա աշխատում էր 1965 թվականից, իսկ 2006 թվականից մինչև կյանքի վերջ ղեկավարում էր այն: Նրա ղեկավարած ամբիոնում իր հետ կապված հիշողությունները բազմաթիվ են ու շատ ջերմ: Աշխատակիցների խոսքով՝ յուրաքանչյուրի, որպես մասնագետ կայացման գործում, նա մեծ ներդրումն ունի. ծնողի նման հոգատար էր, նրբանկատ և ուշադիր, ամեն մեկի հետ յուրովի վերաբերմունք ու մոտեցում ուներ:
Կրտսեր գործընկերների գնահատմամբ՝ լինելով բարձրակարգ մասնագետ, հանրապետության գլխավոր ախտաբան՝ միաժամանակ, շատ համեստ էր ու զուսպ, չէր սիրում իր մասին խոսել, կիսվում էր իր փորձով ու գիտելիքներով: Լի էր նոր մտահղացումներով, կարդում և հետաքրքրվում էր գիտական նորություններով:
ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից Նելլի Խոստիկյանը ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ»: Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմի պաշտոնը: Առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի, բժշկագիտության զարգացման և կադրերի պատրաստման գործում ներդրած գնահատելի ավանդի համար, մասնագիտական բարձր պատրաստվածության և պատասխանատվության համար ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմ Նելլի Խոստիկյանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 և 2017թթ. պարգևատրվել է պատվոգրերով: Պրոֆեսորը հեղինակ էր մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: 2016 թվականի վերջին լույս է տեսել նրա «Կլինիկական մորֆոլոգիա» դասագիրքը:
Ցուցադրվեց Նելլի Խոստիկյանի մասնակցությամբ 2020 թվականին նկարահանված տեսաուղերձ, որտեղ պրոֆեսորը բուհի 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական խոսք էր հղում և մաղթում միջազգային հաջողություններ։
Հիշատակի խոսքեր հնչեցրին գործընկերները։ Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը ջերմորեն հիշեց գործընկերուհուն` ընդգծելով, որ նա մշտապես հպարտացել է իր որդիներով։
Նրան բնորոշեց՝ որպես գերպատասխանատու, պարտաճանաչ անձնավորություն։
Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը նույնպես անդրադարձավ իր ամբիոնակցի կատարած գիտական աշխատանքների կարևորությանը, անցած մասնագիտական ճանապարհին։
Ընտանիքի անդամները` որդիները, ևս կիսվեցին հուշերով՝ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին ընձեռած հնարավորության համար։
«Հերացի 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանը նշեց, որ այսօր իր համար հպարտության, երջանկության և, իհարկե, տխրության առիթ է։
Նրա գնահատմամբ` իր մայրն ուներ երեք հիմնական սկզբունք. իմաստ և առաքելություն, ընտանիք և աշխատանք, վերջինը բաժանվում էր երկու մասի՝ կրթություն և գիտություն։
Ավագ որդին` PicsArt ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով` մայրը ծայրահեղ ազնիվ անձնավորություն էր և ուներ ծայրահեղ մոտեցումներ ամեն հարցում։
«Դժվար է գտնել մարդ, որը երբեք չէր դավաճանում իր ներքին սկզբունքներին։ Ծայրահեղ էր և՛ աշխատանքում, և՛ աշխատանքից դուրս: Նվիրված էր ընտանիքին, հարազատներին, կապող օղակ էր բոլորիս համար»,- պատմեց Հովհաննես Ավոյանը։
Ժպիտով հիշեց, որ ծնված օրվանից կապված է եղել ամբիոնին: Առ այսօր չի մոռանում ամբիոնի այն ցուցանմուշները, որոնցից վախեցել է փոքր տարիքում։
Խոստովանեց, որ մայրիկի սահմանած նշաձողը շատ բարձր էր, և հենց այդ չափանիշներին հասնելու ձգտումն իրեն հնարավորություն է ընձեռել կյանքում հասնել հաջողության։
Հանդիսավոր նիստն ուներ նաև հագեցած աշխատանքային մաս։ Ներկայացվեցին գիտական խորհրդի նոր անդամները, հաստատվեցին կանոնակարգեր, ինչպես նաև շնորհվեցին գիտական կոչումներ։
Առաջիկայում գիտական խորհրդի նիստերը բժշկական բուհում հաճախակի են դառնալու՝ օրակարգային հարցերի քննարկման և հաստատման նպատակով։
Միջոցառման երկրորդ հատվածը ախտաբանական անատոմիայի լսումներով, մասնագիտական զեկուցումներով էր հարուստ: