Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետի հիմնադիր, ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Օլեգ Մեդվեդևի՝ «Անհատականացված բժշկություն. առողջ սնունդ և աղիների միկրոբիոտա» գիտական զեկույցի ներկայացումը։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ողջունելով հյուրին և միջոցառման մասնակիցներին, նշեց․ «Հայաստանի Հանրապետության համար դժվարին ժամանակներ են, շնորհակալ ենք Ձեզ այցի համար։ Բոլոր նմանատիպ այցերը մեզ համար ոչ միայն գիտական, այլև շատ ուժեղ բարոյական և հոգեբանական աջակցություն են։ Շատ ուրախ եմ, որ այսօր բժշկական համալսարանի տանիքի ներքո հավաքվել են ֆարմակոլոգիայի և ֆիզիոլոգիայի ոչ միայն մեր, այլև մի շարք գիտահետազոտական ինստիտուտների մասնագետներ։ Կարծում եմ՝ կուտակված փորձը կկարողանաք փոխանցել մեր աշխատակիցներին՝ է՛լ ավելի ամրապնդելով ֆարմակոլոգիայի դպրոցի կողմից հաստատված կապերը»։
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հակոբ Թոփչյանը շեշտեց, որ թեման շատ արդիական է։ «Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք կապված են աղիների նորմալ աշխատանքի, այսինքն՝ աղիների վրա նորմալ միկրոֆլորայի ազդեցության հետ։ Աղիների միկրոօրգանիզմներն ապահովում են մեզ համար տարբեր վիտամինների սինթեզ, նրանց փոխադրումը, այսինքն՝ մասնակցում են մեր առողջ ապրելակերպին։ Ուստի, ուսումնասիրելով աղիքային միկրոֆլորան և ճիշտ հետևություններ կատարելով, մենք կարող ենք ուղղել մեր օրգանիզմում տեղի ունեցող տարբեր կենսաքիմիական գործընթացներ։ Հատկապես մեծ է հակաօքսիդանտների նշանակությունը, որոնք անմիջական ազդեցություն են ունենում ուղեղի, արյան շրջանառության, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների վրա», – ընդգծեց համալսարանական մասնագետը։
Պրոֆեսոր Օլեգ Մեդվեդևը մեկնարկեց գիտական զեկույցը վաղաժամ մահվան հիմնական ռիսկերից։ «Մարդու ԴՆԹ-ում նույնականացված է 23 հազար գեն։ Միկրոբիոտայում պարունակվում է 10 միլիոնից ավելի գեն։ Ահա թե ինչու է միկրոբիոտան շատ կարևոր», – շեշտեց Օլեգ Մեդվեդևը՝ մանրամասնորեն անդրադառնալով աղիների միկրոբիոտայի դերին առողջության պահպանման և հիվանդությունների առաջացման գործում։
Վաղաժամ մահվան հիմնական ռիսկերի շարքում անդրադառնալով սննդի դերին՝ մասնագետը հավելեց․ «Ֆրուկտոզան մարդկային կյանքի ամենավտանգավոր բաղկացուցիչն է։ Նույնիսկ առաջացել է նոր տերմին՝ ֆրուկտոիզացիա»։