Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Ամեն ինչ քնի մասին» խորագրով միջոցառում՝ նվիրված քնի համաշխարհային օրվան:
Միջոցառումը կազմակերպվել էր Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի և ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության միջև վերջերս կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ քնի կարևորության, հիգիենայի, խանգարումների մասին՝ առանձնահատուկ շեշտելով «Քնի խանգարումների տարածվածությունը Հայաստանում» գիտական հետազոտական աշխատանքի արդյունքները։
Բացման խոսքով հանդես եկավ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին հարցը հարթակ բարձրացնելու և շատերին հասանելի դարձնելու համար:
«Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում են լավ քնել, ավա՛ղ երբեմն լավ քնելու ժամանակ չի լինում, բայց ի վերջո քունը չի կարող կապված չլինել ուղեղի հետ, իսկ ուղեղի հետ կապված ամեն ինչ մեզ հետաքրքիր է»,-ասաց նա:
Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ չպետք է մոռանալ քնի կարևորության մասին ամեն օր՝շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին հյուրընկալելու համար:
Սամսոն Խաչատրյանը ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության կողմից ստացավ շնորհակալագիր՝ Հայաստանում քնի բժշկության ոլորտում բազմամյա գործունեության և կրթագիտական և երիտասարդական ծրագրերում ունեցած մեծ ավանդի համար:
Այնուհետև «Քուն և քնի խանգարումներ. ընդհանուր ակնարկ» թեմայով ելույթունեցավ ԵՊԲՀ Երիտասարդ հետազոտողների միության անդամ, նյարդաբանության կլինիկական օրդինատոր Գագիկ Եգանյանը:
«Պատկերացնենք ունենք մի կշեռք, որի մի նժարին դնում ենք քնի նշանակությունը մեր կյանքում, մյուս նժարին՝ մեքենա, միանշանակ կշեռքի նժարը ցույց կտա քնի նշանակության կարևորությունը, իսկ եթե համեմատենք, թե ինչքան ուշադրություն ենք դարձնում մենք քնին և ինչքան մեքենային, ապա նժարները մեքենայի ուղությամբ կթեքվեն: Այս իսկ պատճառով մենք կազմակերպել ենք միջոցառումը, որպեսզի դուք ինքներդ որպես մարդ, ապագա և ներկա բժիշկ հասկանաք՝ ինչքան կարևոր է քունն առողջության պահպանման հարցում, քնի հարցում ձեռք բերեք այլ մոտեցում»,-ասաց նա:
Նշենք, որ զեկուցումները կշարունակվեն վաղը՝ մարտի 16-ին, որտեղ կներկայացվեն կլինիկական դեպքեր քնի բժշկությունից։