Ավանդույթի համաձայն նոյեմբերի վերջին գիտության շնչով լցված շաբաթն այս տարի ունեցավ շուրջ 600 մասնակից: Շաբաթի մեկնարկը հայտարարած Ուսանողական գիտական օրվա ընթացքում բանավոր զեկուցմամբ հանդես եկան 8, իսկ պաստառային զեկուցմամբ՝ 20 ուսանող: Զեկուցողների կողմից ներկայացված թեզիսները կտպագրվեն ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական հանդես» գիտական պարբերականում:
Օր երկրորդ
«Գիտության շաբաթ 2018»-ի 2-րդ օրը նվիրված էր գիտական դիվանագիտությանը, գիտական համագործակցություններ ձեռք բերելու հմտություններին, դրանց կարևորությանը և այն նրբություններին, որոնք կօգնեն երիտասարդներին դեռ այդ տարիներից սկսել ձևավորել ամուր նեթվորքինգ: Խոսվեց նաև LinkedIn և ResearchGate մասնագիտական և գիտական շփման հարթակների մասին, ինչպես նաև երիտասարդները ստացան խորհուրդներ, ինչպես միշտ տեղեկացված լինել միջազգային գիտաժողովներից, գիտական դպրոցներից և դրամաշնորհներից, ինչպես ծախսելով փոքր գումար մասնակցել աշխարհի տարբեր երկրներում անկացվող կարևոր գիտաժողովներին, որը նեթվորքինգ ստեղծելու լավագույն հարթակներից է: «Համագործակցությունը որպես գիտական հաջողության բանալի» երիտասարդական գիտական դպրոցին մասնակցեց շուրջ 90 երիտասարդ, ովքեր նախապես բաժանվել էին թիմերի, իսկ վերջում ստացան հանձնարարություններ ձեռք բերված տեսական գիտելիքները արդեն գործնականում կիրառելու և երկու շաբաթ ժամանակ՝ դրանք կյանքի կոչելու համար:
«Տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» 3-րդ գիտական դպրոց
Երրորդից 5-րդ օրերը նվիրվեցին «Տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» 3-րդ գիտական դպրոցին, որը սկսվեց ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի «Արմատներից աստղեր» տեսլականային դասախոսությամբ: Երեք օրերի ընթացքում ուսանողները լսեցին մի շարք տեսական
դասախոսություններ նեյրոգիտության ուսումնասիրման մեջ կիրառվող ժամանակակից մեթոդների մասին, որոնց մեջ պետք է ընդգծել speckle imaging-ը, երկֆոտոնային միկրոսկոպիան, որոնք Հայաստանում առաջին անգամ են ներդրվում:
Դասախոսություններից հետո մասնակիցները դպրոցի շրջանակներում հնարավորություն ստացան գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները տարբեր լաբորատորիաներում՝ ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայում ուսումնասիրեցին վեստերնբլոտինգ և ծանոթացան բջիջների կուլտիվացման սարքերին, ANEL գիտահետազոտական լաբորատորիայում ուսումնասիրեցին մուլտիսայտային էլեկտրոֆիզիոլագիական գրանցումների տեխնիկան, իսկ «Քենդլ» գիտահետազոտաան կենտրոնում ծանոթացան speckle imaging-ին և երկֆոտոնային մանրադիտակին։
Հաշվետու ելույթներ
Չորրորդ և 5-րդ օրերը ընթանում էին ԵՊԲՀ հետազոտական խմբերի հաշվետու ելույթները, որի ընթացքում շուրջ 20 հետազոտական խմբեր ներկայացրեցին իրենց հաշվետվությունները և ձեռքբերումները:
Ձեռքբերումներ նեյրոգիտության ոլորտում
Գիտության շաբաթն ամփոփվեց գիտակոորդինացիոն խորհրդի նիստում, որի ընթացքում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց «ԵՊԲՀ գիտության առաջնահերթությունները. Նեյրոգիտության ներկան և զարգացման հեռանկարները 2018/2028թթ.» զեկույցը, որտեղ մանրամասն անդրադարձավ վերջին 4 տարիների ընթացքում ԵՊԲՀ-ում նեյրոգիտության ոլորտում ձեռքբերումներին, մասնավորապես, բարձր ազդեցության գործոն ունեցող ամսագրերում տպագրված հոդվածներին, նորաստեղծ Նեյրոգիտության լաբորատորիայի և ձեռքբերված սարքավորումներին, ձևավորված հետազոտական խմբերի աշխատանքին և առաջիկայում պլանավորվող քայլերին:
Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի ստեղծումը՝ հիմնական նպատակ
Իսկ ամենավերջում ակնառու դարձավ հիմնական նպատակը՝ Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի ստեղծումը, որը երաշխավորվեց գիտակոորդինացիոն խորհրդի կողմից: