ԵՊԲՀ մասնագետները մասնակցեցին “Neuroscience Initiative in Armenia” գիտաժողովի շրջանակում կազմակերպված առցանց հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում COBRAIN ծրագրի միջազգային գործընկերների կողմից հնչեցին բազմաթիվ ուղերձներ:
Շվեդիայի Լունդի համալսարանի պրոֆեսոր, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ոլորտում առաջատար հետազոտող Դենիս Կիրիկն ընդգծեց․ «Նյարդային համակարգի դեղերի հաստատումն ավելի դժվար է, քան մնացած բոլորը։ Դեղագործական ընկերություններն արդեն հասկացել են, որ դեղերի ստացման ողջ գործընթացում մեծ է հետազոտողի դերը։ Նեյրոգիտության այսօրվա հետազոտողը շատ ավելի մեծ ներգրավվածություն պետք է ունենա։ Ուստի կառուցեք ձեր ապագան այնպես, որ գերազանցեք ձեր ուսուցիչներին»։
Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր և լաբորատորիայի վարիչ Լուսինե Դանիելյանի կարծիքով՝ նեյրոգիտությամբ զբաղվելու հազար դրդապատճառ կա։ Ըստ նրա՝ հենց նեյրոգիտության ոլորտում են ամենազարգացած գործիքները, մեթոդները, հետազոտական մոդելներն ու ֆինանսավորման աղբյուրները։ «Եղե’ք համարձակ և օգտվե՛ք համագործակցությամբ ընձեռված հնարավորություններից», – հավելեց նա։
Իսկ Գերմանիայի Բոխում քաղաքի Ռուրի համալսարանի մարդկային գենետիկայի ամբիոնի վարիչ Հոա Նգույենը վստահեցրեց, որ, անկախ ով լինելուց, հետազոտության մեջ հաջողել հնարավոր է, եթե կա ցանկություն և մղում։