«Նեյոգիտության շաբաթ»-ը բժշկական բուհում ամփոփեց Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Stress and Behavior Society – ISBS) ՝ «Սթրես և վարքագիծ» 29-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը։
Երկօրյա գիտաժողովը մեկնարկեց մայիսի 18-ին՝ ԵՊԲՀ-ում, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի և Չինաստանի առաջատար համալսարանների մասնագետները քննարկեցին թեմային վերաբերող տարբեր խնդիրներ:
Մայիսի 19-ին աշխատանքները շարունակվեցին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Այստեղ Հայաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի և Լիտվայի անվանի գիտնականներն անդրադարձան մի շարք թեմաների` նվիրված սթրեսին, տագնապին, հիշողությանը, նեյրոդեգեներատիվ հիվանդություններին, նեյրոքիմիային և այլն։
Մասնավորապես՝ հայ մասնագետները ներկայացրին «Ուսանողների ակադեմիական հույզերի գնահատման ճանաչողական առանձնահատկությունները COVID-19-ի համատեքստում», իսկ Ն․Ն․ Բուրդենկոյի անվան պետական բժշկական համալսարանի մասնագետ Վերա Սեմիլետովան անդրադարձավ մարմնի վրա ազդող նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմներին։
Հայաստանում սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանը ներկայացրեց «Մահվան անհայտ ազդանշանները․ Աղաջանյանի էֆեկտը. հիշողությունն է ղեկավարում մեզ․ ամեն նորը լավ մոռացված հինն է» վերտառությամբ զեկույցը։
Միջոցառման ընթացքում կայացավ ISBS նախագահ, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդագիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆի «Երեք ձկների հեքիաթը. ինչպե՞ս գրել հանրաճանաչ գիտական գիրք երեխաների համար զեբրաձկան նեյոգիտության մասին» գրքի շնորհանդեսը։