Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգը ներկայացվեց Գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգը ներկայացվեց Գիտական խորհրդի նիստում

Գիտությունն էր Գիտական խորհրդի երեկ անցկացված հերթական նիստի օրակարգում։ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԵՊԲՀ գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգը։ Պրոռեկտորի խոսքով՝ այս կարևոր փաստաթղթի մշակումը ժամանակի հրամայականն էր։ Հայեցակարգի ստեղծման համար հիմք են հանդիսացել ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթները, գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրի դրույթները, Շանհայի վարկանիշավորման խորհրդատվական կազմակերպության կողմից իրականացված բենչմարքինգ-վերլուծությունները, «ԵՊԲՀ գիտության զարգացման ռազմավարությունը և քաղաքականությունը 2015-2020» ծրագիրը և ԵՊԲՀ 2016-2021թթ. գործունեության ծրագիրը՝ հաստատված բուհի Հոգաբարձուների խորհրդի կողմից: ԵՊԲՀ գիտության զարգացման 2018-2028/38 թվականների հայեցակարգը հետազոտական, գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում գերազանցության խթանման և միջազգային ասպարեզում, առաջին հերթին՝ Եվրոպական հետազոտական տարածքում մրցունակ կրթական և հետազոտական հաստատություն ստեղծելուն ուղղված միջոցառումների ու դրանց արդյունավետության գնահատման առանցքային ցուցանիշների ամբողջություն է:

 Իր զեկույցում պրոֆեսորը հանգամանալից անդարադարձավ ԵՊԲՀ-ում գիտության բնագավառին թե´ Խորհրդային Միության տարիներին, թե´ անկախացման ժամանակահատվածում։ Պրոռեկտորն ընդգծեց, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան իր մարտահրավերներն է դնում բոլոր ոլորտների, այդ թվում գիտության առաջ, հետևաբար «խաղի» կանոները, մարտավարությունը ևս տարբեր է։ Կոնստանտին Ենկոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի ռեկտորի հանձնարարությամբ կատարվել է համեմատական-համադրական վերլուծութուն՝ բենչմարքինք:

«Հպարտությամբ կարող ենք նշել, որ ԵՊԲՀ-ն առաջին հաստատությունն է, որը նման վերլուծություն է անցել Շանհայի վարկանիշավորման խորհդատվական կազմակերպության կողմից՝ նպատակ դնելով որպես ուղենիշ ռենկինգային համակարգը, որը ընթացիկ իրավիճակի վերաբերյալ հնարավորություն է ընձեռում ունենալ օբյեկտիվ վերլուծություն և գնահատական: Վերլուծության արդյունքների՝ օբյեկտից ցուցանիշների հիման վրա, աշխարհի առաջին 1000 բուհերի հետ համադրության արդյունքում մենք կարողացանք կառուցել զարգացման հայեցակարգն իր գաղափարախոսությամբ, հիմնական դրույթներով, տեսլականով, առաքելությամբ և ճանապարհային քարտեզով»,- մանրամասնեց Ենկոյանը։ Նրա խոսքով՝ մեր համալսարանի գիտության զարգացման տեսլականն ու առաքելությունն է՝ 2028/38 թվականներին դառնալ արդյունավետ կառավարման համակարգ և միջազգային ակադեմիական հեղինակություն ունեցող համալսարան, որը կհամապատասխանի զարգացման համաշխարհային միտումներին և ճկուն կարձագանքի գլոբալ փոփոխություններին: Գերիշխող կրթական դաշտից սահուն անցում գիտակրթական դաշտ. սա մշակված հայեցակարգի հիմնական գաղափարախոսությունն է: Ամփոփելով զեկույցը՝ Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ գերակա է ԵՊԲՀ մրցակցային դիրքը և դրա կայուն առաջընթացը համաշխարհային գիտակրթական շուկայում հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններում իրականացվող գերազանցության ծրագրերի միջոցով ապահովելը։ Բանախոսն անդրադարձավ նաև այն ճանապարհային քարտեզին, որում նախանշված քայլերի իրականացման պարագայում հնարավոր է կյանքի կոչել գիտության ոլորտում նախանշված հավակնոտ ծրագրերը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ առանց գիտության այսօր հնարավոր չէ պատկերացնել որևէ բարձրագույն ուսումնական հաստատության զարգացում: Մեծապես կարևորելով գիտական աշխատանքների իրականացումն ու գիտության միջազգայնացումը բժշկական համալսարանում նա համապատասխան հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին։ Ներկայացված հայեցակարգի վերաբերյալ կարծիքներ և առաջարկություններ ներկայացրին նաև ԵՊԲՀ երկարամյա պրոֆեսորները։ ԵՊԲՀ գիտության զարգացման 2018-2028/38թթ. հայեցակարգն արժանացավ հավանության և հաստատվեց Գիտական խորհրդի կողմից: Նիստի վերջում հաստատվեց համալսարանի կողմից առաջիկայում տպագրվող գրականության ցանկը, քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր: