ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Նեյրոկրթության հետքերով» խորագրով միջգիտակարգային պանելային քննարկում

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում տեղի ունեցավ «Նեյրոկրթության հետքերով» խորագրով միջգիտակարգային պանելային քննարկում

Նեյրոկրթությունը բավականին նոր գիտություն է, որը միավորում է նեյրոգիտության, կրթական հոգեբանության և կրթական տեխնոլոգիաների հետազոտողներին, ինչպես նաև այնպիսի մասնագետների, ինչպիսիք են մանկավարժները՝ պարզելու կրթության և ուղեղի գործընթացների միջև կապը: Այս չափազանց հետաքրքիր ոլորտի նպատակն է կամրջել լաբորատորիայի հետազոտողների և իրական աշխարհում մանկավարժությամբ զբաղվողների միջեւ առկա բացը:

Կայացած քննարկման նպատակն էր ոլորտն առավել ճանաչելի ու քննարկելի դարձնել։

Փիլիսոփայության մասնագետ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ափսոսանք հայտնեց, որ մեր երկրում կրթական համակարգը դեռևս ամբողջությամբ հաշվի չի առնում և չի կիրառում ուղեղի հետազոտությունները։

Նեյրոհոգեբան Լուսինե Խանդանյանի խոսքով՝ կարևոր է առանձնացնել ու հասկանալ՝ նեյրոգիտության ընձեռած որ գիտելիքներն են արդյունավետ ուսանողի առաջընթացն ապահովելու տեսանկյունից։

ԵՊԲՀ շրջանավարտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտ, նեյրոգիտության, մենեջմենթի և հետազոտությունների մասնագետ Ռուբինա Դանիլովան ընդգծեց․ «Նեյրոգիտությունը մեզ պետք է, որպեսզի մեր կրթական համակարգը վերափոխվի, եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ երիտասարդ սերունդ»։

Neurohub Business Academy-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Անի Կյուրեղյանի համոզմամբ՝ ցանկացած գիտական ուղղվածություն, այդ թվում՝ նեյրոգիտությունը, կոմերցիոն գործիք է, ապահովում է ֆինանսական ձեռքբերումներ։ «Հետևաբար նեյրոգիտությունը շատ հետաքրքիր է նաև կոմերցիայի տեսանկյունից», – հավելեց նա։