Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնն այսօր առաջին անգամ ընդունեց գիտությամբ ու բժշկությամբ հետաքրքրված ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին, որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմթյամբ և հաղթանակներ են գրանցել օլիմիպադներում:

«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավար, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն աշակերտների հետ շրջայցը սկսեց կենտրոնի նախասրահից՝ աշակերտներին մանրամասն ցույց տալով և ներկայացնելով այն լուծումները, որոնք դրված են գիտության ոլորտում կարևոր առաքելություն իրականացնող կառույցի ստեղծման հիմքերում:

«Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը նշեց, որ այցին ներկա աշակերտները բժշկական բուհի ապագա ուսանողներ են, որոնք հետաքրքրված են ինչպես բժշկությամբ, այնպես էլ գիտությամբ:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը խոսելով ապագա բժիշկների մասնագիտական կողմնորոշման մասին՝ շեշտեց, որ գիտությամբ զբաղվելու և գիտնական դառնալու համար անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել ուսումնառության վաղ փուլերից սկսած: «Դա կօգնի հասկանալ և բացահայտել գիտության դաշտում տեղի ունեցող գործընթացները»,-ասաց նա՝ հավելելով, որ գիտնականի աշխատանքը տարբերվում է բժշկի առաքելությունից:

«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավարը բժշկագիտությամբ հետաքրքրված հերացիականներին Նեյրոգիտության լաբորատորիայում հանգամանալից ծանոթացրեց գիտական կարևոր նշանակության մի շարք ուսումնասիրությունների հետ:

Դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանի խոսքով՝ կարևորվում է դպրոց-բուհ կապը: «Բուհում իրականացվող հետազոտական և գիտական աշխատանքներին ծանոթացնելով՝ նպատակ ունենք, որ երիտասարդ սերունդը գնահատի գիտությունը, բժշկությունը, խելացի, գիտակից և պատասխանատու մոտենա այն աշխատանքին, որը վերաբերում է մարդու կյանքին և առողջությանը»,-շեշտեց նա՝ ավելացնելով, որ այս հանդիպումը նաև խրախուսանք է դպրոցի լավագույն աշակերտների համար:

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն այցը շարունակվեց ԵՊԲՀ նորաբաց թանգարանում: Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանն աշակերտներին ներկայացրեց բժշկության պատմությունը, բժշկագիտության և բուհի ստեղծան գործում ավանդ ունեցած, իրենց կյանքը մարդկանց առողջությանը նվիրած երախտավորներին: Այցի նպատակներ էր աշակերտներին ցույց տալ, անվանի բժիշկների օրինակն ու ներդրումը, որոնց համար սպիտակ խալաթ կրելը եղել է ոչ միայն պատիվ, այլև բարձր պատասխանատվություն: