Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստ անցկացվեց։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացած պրոֆեսոր, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, գիտական խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանի հիշատակը։ Երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև առողջապահության և կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացավ Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Մելիքյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց անվանի վիրաբույժին կատարած աշխատանքի համար՝ հայտնելով, որ պրոֆեսորը տեղափոխվում է արտերկիր, փոխում է մշտական բնակության վայրը։ «Անկախ նրանից կաշխատեք հաստիքով, թե որպես հրավիրյալ պրոֆեսոր, բժշկական համալսարանում միշտ սպասված եք, հարգված և սիրված»,-ասաց ռեկտորը։Արմեն Մելիքյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բժշկական համալսարանում։ Նա համառոտ ներկայացրեց տարիներ առաջ իր ղեկավարած ամբիոնի ստեղծման պատմությունը՝ ընդգծելով՝ ինչպես ամբիոնի կազմավորման տարիներին, այնպես էլ հիմա անհնար է պատկերացնել էնդոսկոպիկ վիրաբուժությունն առանց գիտական նվաճումների ներդրման և պրակտիկ գործունեության։ Մասնագետը կարևորեց ոլորտում երիտասարդ կադրերով ապահովման հարցը։
Հաջորդիվ ռեկտորը գիտական խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Արմեն Մուրադյանը նշեց, որ գիտական խորհրդի և մասնագիտական միավորումների համատեղ հայտը բավարարվել է և Հովհաննես Սարուխանյանը նման կոչման է արժանանում նաև բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար:
Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը, ներկայացնելով բուհում դեռևս նախորդ տարի գիտխորհրդի հաստատմանն արժանացած, ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվանական կրթաթոշակը, նշեց՝ կրթաթոշակին կարող է հավակնել ռազմաբժշկական ոլորտում զինծառայողների, արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ առանձնակի հոգատարություն ցուցաբերած Ռազմաբժշկական ֆակուլտետի առավել բարձր ադաջադիմություն ունեցող կուրսանտը:
Վարդան Ծատուրյանի փոխանցմամբ՝ ֆակուլտետի խորհուրդը քննարկել է երեք թեկնածուի հավակնությունը և արդյունքում առաջադրել է ֆակուլտետի 5-րդ կուրսի կուրսանտ, արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, սերժանտ Նիկոլայ Գրիգորյանի թեկնածությունը: Պատերազմի ընթացքում մերօրյա հերոսը Շուշիից, ռմբագոծության տակ վիրավորների տարհանումը կազմակերպելուն մասնակցելու համար Արցախի Հանրապետության պետական պարգևի՝ «Արիության համար» մեդալի է արժանացել:
Գիտական խորհուրդը հաստատեց Ռազմաբժշկական ֆակուլտետի երաշխավորած անվանական կրթաթոշակառուի թեկնածությունը:
Ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ սահմանված այս կրթաթոշակը նվիրված է մի երիտասարդի, որը զենքի ամբողջ պաշարը սպառելուց հետո շարունակել է պաշտպանել իր դիրքը՝ մարտական փառահեղ ուղի անցնելով:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի կատարելագործման դասընթացների ուսումնական պլանները և ծրագրերը, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի կողմից։
Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք- Նուբարյանը ներկաների ուշադրությանը հրավիրեց ռեկտորի նախաձեռնությամբ ստեղծված ՀՀ 2021-2025 թվականների առողջապահության համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգ-գիտագործնական ձեռնարկին: Նրա խոսքով՝ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից մշակված գիտագործնական ձեռնարկը վերջին տասնամյակների առողջապահական տարբեր ցուցանիշներ ամփոփող կարևոր փաստաթուղթ է, որի վերլուծության հիման վրա առաջարկվել են շրջանակային լուծումներ առողջապահական համակարգի կառուցվածքային բոլոր բաղադրիչներով: Փաստաթուղթն առաջին հերթին ուղղված է մարդու առողջության ստեղծմանը, պահպանմանը, բարելավմանը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերականգնմանը: Կազմված ծավալուն աշխատանքը կներկայացվի գիտական խորհրդի անդամներին ծանոթանալու և կարծիքներ ներկայացնելու նպատակով:
Ամփոփելով նիստը՝ բժշկական բուհի ղեկավարն ասաց, որ, չնայած կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հեռավար գործունեությանը, բուհը հսկայական, վիթխարի աշխատանք է իրականացրել վերջին մեկ ու կես տարում, որի մասին հանգամանալից կզեկուցվի առաջիկայում։
Նիստի ընթացքում քվեարկության արդյունքում շնորհվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ: Քննարկվեցին ընթացիկ աշխատանքներին վերաբերող այլ հարցեր: