Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երիտասարդ բժիշկ- հետազոտողի կարծիքով՝ գիտությունը պետք է ձեռք ձեռքի քայլի պրակտիկ բժշկության հետ

Յուրաքանչյուր կրթական հաստատության առաջընթացի երաշխավորներից են երիտասարդ հետազոտողները: Մարդիկ, որոնք իրենց ստացած գիտելիքները, փորձը, ամենօրյա աշխատանքը  ծառայեցնում են գիտությանը:

Արթուր Մելքոնյանը ԵՊԲՀ-ն ավարտել է գերազանցությամբ: Կլինիկական օրդունատուրայում սովորելուց հետո, հետբուհական կրթությունը շարունակել է ասպիրանտուրայում, որից հետո զորակոչվել է բանակ։ 2020 թվականի հունվարից Պաշտպանության Բանակի զինվորական հոսպիտալներից մեկում` ծառայում-աշխատում է որպես էնդոկրինոլոգ։

Նա նախ մասնագիտացել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայում (2014-2016թթ.), ապա 2017-2019թթ. ասպիրանտուրային զուգահեռ հերթապահություններ է իրականացրել նույն կլինիկայում՝ որպես բժիշկ-էնդոկրինոլոգ։

«Աշխատանքը պատասխանատու էր և ծանր։ Գործ ունեինք և երեխաների և մեծահասակների հետ։ Փորձում էի աշխատանքս համատեղել գիտական հետազոտության հետ, որն իրականացնում էինք նույն կլինիկայում` տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների շրջանում»,- պատմում է բուժծառայության լեյտենանտը:

Գիտական աշխատանքը, որը նախկին ասպիրանտն իրականացրել է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի ղեկավարությամբ, վերաբերում է տիպ 1 շաքարային դիաբետի պաթոգենեզին, մասնավորապես աղիքային միկրոֆլորայի դերակատարմանը հիվանդության զարգացման հարցում։ Միաժամանակ, շաքարային դիաբետով հիվանդների պերիֆերիկ արյան լեյկոցիտներում, երիտասարդ մասնագետն ուսումասիրել է Լ-արգինինի նյութափոխանակության տեղաշարժերը, որոնք նույնպես ներգրավված են հիվանդության զարգացման համար պատասխանատու աուտոիմուն գործընթացներում։

Բանակ զորակոչվելուց առաջ ավարտել էր գիտական աշխատանքի հետազոտական մասը, իսկ ատենախոսությունը նախապաշտպանության փուլում էր։ Մնացյալն արել և անում է բանակին զուգահեռ:

«Պատերազմ կոչվող արհավիրքի պատճառով շատ բան հետաձգվեց։ Կարծում եմ շուտով կհասնեմ վերջին՝ թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը»,- մանրամասնում է էնդոկրինոլոգը, ում կարծիքով՝ երիտասարդ գիտնականին, տվյալ դեպքում` բժիշկ-գիտնականին, անհրաժեշտ է աշխատասիրություն, նվիրվածություն, համառություն, համբերություն։

«Պետք է փորձել հաճախակի լսել հոգու ձայնը»,- կարծում է համալսարանականը:

Գիտության՝ բժշկագիտության ցանկացած ճյուղ Արթուր Մելքոնյանը համարում է հեռանկարային։

«Գիտության գրանիտն (տվալ դեպքում` մարդու օրգանիզմն) իր մեջ թաքցնում է գաղտնիքների բազմաշերտը, որ դեռևս պետք է բացահայտվի բժիշկ-գիտնականների բազմաթիվ սերունդների կողմից»- նշում է նա՝ հավելելով. «Անառարկելի է փաստը. կլինիկական բժշկությունը պետք է ունենա ամուր տեսական հենք, գիտությունը պետք է ձեռք ձեռքի քայլի պրակտիկ բժշկության հետ»։

Նրա խոսքով՝ գիտության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին համալսարանական հաջողություններն ակնհայտ են:

Արթուր Մելքոնյանը գիտական հոդվածների և  թեզերի հեղինակ է, որոնք տպագրվել են հայաստանյան և օտարերկրյա գիտական պարբերականներում։