Բժշկական 100-ամյա բուհի Ֆիզիոլոգիայի ամբիոնում ուսումնական, կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ կորոնավիրուսային համավարակին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում մեծ տեղ է հատկացվել գիտական աշխատանքների իրականացմանը:
«Գիտական հետազոտությունների անցկացմանը մեր ամբիոնում մշտապես մեծ տեղ է հատկացվել, առավելապես այդ աշխատանքներում սովորողների, ապագա բժիշկների ներգրավմանը»,- նշում է Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը:
Լինելով ԵՊԲՀ-ի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարը (1972-1984թթ.), միջազգային կապերի գծով առաջին պրոռեկտորը (1989-1991թթ.)՝ աշխատել է նաև որպես բուհի գիտական գծով պրոռեկտոր (2006-2008թթ.), հիմնադրել և զարգացրել է «Բնականոն և ախտաբանական պայմաններում կալցիում-ֆոսֆատային փոխանակության կարգավորիչ հորմոնային համակարգի դերը տարբեր օրգանների գործունեության մեխանիզմներում», գիտական ուղղությունը, որը դարձել է համալսարանի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի և հետագայում իր ղեկավարած ամբիոնի գիտական մշակումների առարկան:
Ամբիոնում մշակվել է նաև «Պրենատալ սթրեսը՝ որպես օնտոգենեզի հետծննդյան շրջանում օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հիմք» թեման:
Պատահական չէ, որ պրոֆեսոր Խուդավերդյանի ղեկավարած ամբիոնում գիտությունը քայլում է ժամանակին համընթաց:
Համալսարանականը մեծ աշխատանք է իրականացնում գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:
Ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Տեր-Մարկոսյանի խոսքով՝ ամբիոնը մշտապես զարկերակի վրա է պահում գիտական թեմաների ուսումնասիրությունը:
2013 թվականից Աննա Տեր-Մարկոսյանն իր ղեկավարած թիմի հետ զբաղվում է կալցիում-կարգավորիչ հորմոնային համակարգի դերի ուսումնասիրությամբ՝ սրտի գործունեության մեխանիզմներում: Ամբիոնի կողմից առաջարկված երեք դրամաշնորհային թեմաները հաստատվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտեի կողմից:
«Այս դրամաշնորհների շնորհիվ արդի թեմաների շուրջ հնարավորություն ընձեռվեց իրականացնել բազմաթիվ հետազոտություններ»,- նշում է Աննա Տեր-Մարկոսյանը: Վերոնշյալ դրամաշնորհները հաստատվել են 2013 -2015, այնուհետև 2015-2017 և 2018-2020 թվականների համար:
«Հետազոտություններն իրականացվել են մեկուսացված սրտի վրա փուլերով: Առաջին փուլում ուսումնասիրել ենք պարաթհորմոնի ազդեցության մեխանիզմները: Առանձին փորձաշարով իրականացրել ենք նաև կլինիկական հետազոտություններ կալցիում-կարգավորիչ հորմոնային համակարգի կարգավիճակի ուսումասիրությունը սրտային անբավարարության պայմաններում: Երկրորդ փուլում ուսումնասիրել ենք կալցիտոնինի և վիտամին D-ի ազդեցության մեխանիզմները և վերջապես երրորդ փուլը վերաբերում էր նախաբորբոքային գործոնների ազդեցութանը և դրա հետ մեկտեղ պարաթհորմոնի փոխազդեցությանը այդ նյութերի հետ, քանի որ վերջիններս կարող են առաջացնել սրտային անբավարարություն, սրտային գործունեության խանգարումներ»,- մանրամասնում է Աննա Տեր-Մարկոսյանը՝ հավելելով, որ պարաթհորմոնը կարգավորում է սրտի գործունեությունը:
Համալսարանականները համագործակցել են Շվեդիայի Կարոլինսկա բժշկական համալսարանի գործընկերների հետ, համատեղ հրապարակումներ հրատարակել դեռևս 2007 թվականից: Կատարված հետազոտությունները տպագրվել են բարձր ազդեցության գործոն ունեցող գիտական հոդվածներում:
Գիտական ձեռքբերումները չեն շրջանցել նաև միջազգային բնագավառը: Ֆիզիոլոգիայի ամբիոնի գիտնականները մասնակցելով եվրոպական մասնագիտական միավորումների կողմից նախաձեռնած միջազգային, այդ թվում FEBS-ի՝ եվրոպական կենսաքիմիկոսների ընկերությունների ֆեդերացիայի վեհաժողովին՝ ներկայացրել են կատարած ուսումնասիրությունները: Վերջին միջազգային համագումարը տեղի է ունեցել այս տարի՝ առցանց տարբերակով:
«Եվս մեկ դրամաշնորհային ծրագիր ենք ներկայացրել գիտության կոմիտե, որը վերաբերում է նախաբորբոքային գործոնների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը: Միևնույն ժամանակ մտադիր ենք Covid-19-ի պայմաններում սրտային անբավարարություն ունեցող հիվանդների շրջանում ուսումնասիրել կալցիում-կարգավորիչ հորմոնային համակարգը»,- ընդգծում է ավելի քան 130 գիտական աշխատանքի հեղինակը՝ ավելացնելով, որ սրտի հետ առնչվող հիմնախնդիրների ուսումնասիրության թեմայի ընտրությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ԱՀԿ-ի տվյալներով աշխարհում, նաև Հայաստանում շատ բարձր են սրտանոթային հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշները:
Ամբիոնի հիմնական գիտական ուղղությունը չէր կարող շրջանցել կորոնավիրուսային համավարակը:
Պրոֆեսոր Հասմիկ Հասրաթյանի ղեկավարությամբ նոր թափ է հավաքում քովիդի ընթացքում և դրանից հետո տարբեր ժամկետներում արյան մակարդման գործընթացի խանգարումներում կալցիում կարգավորիչ հորմոնային համակարգի դերի ուսումնասիրությունը:
«Ինչպես գիտենք, Covid-19-ով վարակված հիվանդների արտահայտված և տարածված բարդություններից է թրոմբոզների առաջացումը: Կալցիումի իոններն առաջնային դեր ունեն արյան մակարդման գործընթացում, ուստի տեղին է ենթադրել, որ վիրուսն անմիջապես ազդում է կալցիում-կարգավորիչ հորմոնային համակարգի վրա և գուցե հենց այստեղ է պետք փնտրել թրոմբոզների առաջացման պատճառը: Ներկա պահին մեր թիմով համակարգում ենք առկա գիտական գրականությունը, որից հետո կկազմենք առաջիկա հետազոտությունների պլանն ու կդիմենք Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհային ծրագրի»,- նշում է Հասմիկ Հասրաթյանը:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆիզիոլոգիայի ամբիոնը սկսել է համագործակցել COBRAIN թիմի հետ: Մասնավորապես ընդգրկված է քովիդից հետո հոտառության և համի խանգարումների հետազոտական աշխատանքներում:
Ամբիոնի գիտական ուղղվածության աշխատանքներում ակտիվ դերակատարում ունեն նաև ապագա բժիշկները:
Ավագ դասախոս Կարինե Մելքումյանը ղեկավարում է Ֆիզիոլոգիայի ամբիոնի գիտական խմբակը, որը վերջին երեք տարում փոխելով ձևաչափը՝ դարձել է ֆիզիոլոգիայի ակումբ:
«Խմբակի այս նոր տարբերակն առավել մեծ հավանության արժանացավ ուսանողների կողմից: Այստեղ ուսանողն է ակտիվ դերում, իսկ դասախոսն ավելի շատ ուղղորդիչ, համակարգող աշխատանք է իրականացնում: Ամբիոնի պրոֆեսորները ևս մեծապես աջակցում են ուսանողներին, ինչը շատ մոտիվացնող է ուսանողների համար»,- պատմում է գիտաշխատողը:
Ֆիզիոլոգիայի ակումբին անդամակցում է 100-ից ավելի ուսանող՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսից: Ուսանողական այս ակումբի համակարգողի խոսքով՝ հավատարիմ ակումբականներ կան նաև 3-րդ և 4-րդ կուրսերից:
«Ակումբում քննարկվող թեմաները փորձում ենք զուգակցել ուսանողների՝ ֆիզիոլոգիա առարկայից այդ պահին ուսումնասիրվող նյութին: Քննարկում ենք նաև ժամանակի սղության պատճառով ուսումնական ծրագրից դուրս մնացած, բայց շատ հետաքրքիր ու կլինիկական նշանակություն ունեցող խնդիրները, կազմում ու լուծում իրավիճակային խնդիրներ: Յուրաքանչյուր քննարկման արդյունքում պատրաստվում են զեկույցներ, որոնց ներկայացմանը, որպես փորձագետ, հրավիրում ենք նեղ մասնագետներ»,-ասում է Կարինե Մելքումյանը:
Գարնանը գիտական խմբակը նախատեսում է անցկացնել գիտաժողով՝ ընգրկելով ընտրված ամենահետաքրքիր թեմաները: Ակումբական այս նոր ձևաչափի հիմքում ուսանողին իր նախընտրած թեման ընտրելու հնարավորություն տալն է:
«Ուսանողները մտքի ստեղծարար թռիչք ունեն: Ահա այդպիսի մի օրինակ. ուսանողի առաջարկած թեմաներից մեկը վերաբերում էր երաժշտական կրթության ազդեցությանն ուղեղի ֆունկցաների վրա: Առաջին հայացքից թվաց ինչ-որ արտասովոր բան, սակայն արդյունքում մասնագիտական պրպտումները ցույց տվեցին, որ երաժշտական կրթության ազդեցությունը մեծ է ուղեղի կոգնիտիվ ֆունկցիայի վրա: Այս հանգամանքն անգամ գրավեց ամբիոնի պրոֆեսորների, վարիչի ուշադրությունը»,- պատմում է դասախոսը:
Սա վկայում է այն մասին, որ նաև արտալսարանային աշխատանքը, հաղորդակցությունը դասախոսի հետ, դասախոս-ուսանող կապի ստեղծումը կարևոր է և արդյունավետ, թե՛ ուսանողների սովորելու մոտիվացիան բարձրացնելու, թե՛ գիտական միտքը զարգացնելու համար:
Ուսանողն ուսանողի համար սկզբունքով ակումբում քննարկվում և վերլուծվում են նաև ֆիլմեր, անցկացվում են վիկտորինաներ, քվեսթեր:
Դասերից հետո՝ յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ուսանողները հանդիպում են մասնագիտական պրպտումների, օրգանիզմի գաղտնիքները՝ գիտական տեսական նոր ու հետաքրքիր տեսակետից բացահայտելու ցանկությամբ: