Գիտական խորհրդի այսօրվա նիստին ներկայացված օրակարգի առաջին հարցը «Հետբուհական և շարունակական կրթության 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվության» զեկուցումն էր:
Հետբուհական և շարունական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը սկզբում ներկայացրեց գիտական խորհրդի հանձնարարականները, որոնց ուղղությամբ տարվել են աշխատանքներ:
Ներկայացնելով այս ուսումնական տարվա ընդունելության արդյունքները՝ պրոռեկտորն ասաց, որ ընթացիկ տարում կլինիկական օրդինատուրա՝ բուժական մասնագիտություններով ընդունվել է 609, ստոմատոլոգիական մասնագիտություններով 193, դեղագիտականով՝ 7, և ռազմական մասնագիտություններով՝ 27 կլինիկական օրդինատոր:
«Այս տարի ստոմատոլոգիական մասնագիտություններով կլինիկական օրդինատուր ընդունվողների թիվն ավելի շատ է, ինչը պայմանավորված է Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ներդրմամբ, ուսումնական գործընթացի բարելավման համար անհրաժեշտ նյութերի ապահովմամբ, թիրախային դասախոսությունների կազմակերպմամբ և կրթության որակի բարձրացմանն ուղղված այլ աշխատանքներով»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով շարունակական կրթությանը՝ Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ այս պահի դրությամբ ավագ բուժաշխատողների լրացուցիչ մասնագիտացում անցել են 83, իսկ կատարելագործման դասընթացներ՝ 1242 բժիշկ, բուժքույրական անձնակազմից՝ 95 բուժքույր անցել է լրացուցիչ մասնագիտացում, 1684-ն անցել է կատարելագործումներ:
Գիտական խորհրդի անդամները թեմայի հետ կապված տարբեր հարցեր ուղղեցին զեկուցողին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ անհրաժեշտ է կրթական որակի հետ կապված հարցերի վերաբերյալ լայնածավալ ու առարկայական քննարկումը պահել ուշադրության կենտրոնում: Հետբուհական և շարունական կրթության գծով պրոռեկտորը զեկույցի վերջում ծանոթացրեց 2018 թ-ի ֆինանսական տարեկան հաշվետվությանը:
Նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կանոնադրությունը, որն իր մեջ ներառում է կենտրոնի գործունեության նպատակը, քաղաքականությունը, կենտրոնի հաշվետվողականությունը և այլ:
Գիտական խորհուրդը հաստատեց Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կանոնադրությունը: