Նոյեբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պետական բժշկական համալսարանում օդը պարուրված էր գիտական շնչով: Հինգ օր տևողությամբ «Գիտության շաբաթ 2017» միջոցառումը մեկտեղ էլ էր բժշկագիտության ոլորտով հետաքրքրված՝ տարբեր սերունդների և համալսարանների գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին: Միջոցառումը սկսվեց ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակին նվիրված Ուսանողական գիտական օրով, որի գլխավոր դերերում հենց ուսանողներն էին իրենց հետազոտական աշխատանքներով և պատրաստած սարքերով:
Երկրորդ՝ Երիտասարդական գիտական օրվա ընթացքում ներկայացվեցին մի շարք հետաքրքիր զեկույցներ, մասնավորապես, թե որքան կարևոր է համագործակցությունը մեր օրերում և ինչպես նոր կապեր ստեղծել ոլորտի մասնագետների հետ, խոսվեց գիտության մեջ կրեատիվության անհրաժեշտության և Հայաստանում կլինիկական հետազոտությունների հեռանկարների մասին: Օրվա երկրորդ մասում իրենց կատարած աշխատանքները ներկայացրեցին երիտասարդ հետազոտողները, որն ի դեպ մրցույթային էր: Երրորդ բուն գիտական միջոցառման ընթացքում եղան մի քանի առանցքային դասախոսություններ, որոնց մեջ իր ուրույն տեղն էր զբաղեցնում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի դասախոսությունը՝ «Գլխուղեղը որպես ժամանակակից գիտության շարժիչ ուժ», որի ժամանակ խոսվեց համալսարանի այսօրվա ձեռքբերումների մասին: Չորրորդ օրվա ընթացքում տարբեր մասնագիտական սեսիաների ընթացքում ներկայացվեցին մոտ 70 բանավոր և 55 պաստառային զեկույցներ, ինչպես տեսաբանների, այնպես էլ պրակտիկ բժիշկների կողմից:
Հինգերորդ օրը «Հորիզոն 2020»-ի մասին տեղեկատվական օր էր, որի ժամանակ ծրագրի «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտի նորությունները գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց ԵՊԲՀ գիտության վարչության պետ, «Հորիզոն 2020» ծրագրի Ազգային կոնտակտային անձ Սեյրան Քոչարյանը, ինչին հաջորդեց «Հորիզոն 2020» շրջանակներում հաջողված նախագծի փորձի ներկայացումը Դավիթ Պիպոյանի կողմից:
Գիտաժողովն ամփոփվեց համալսարանի գիտակոորդինացիոն նիստի ընթացքում, որտեղ բարձրաձայնվեցին գիտաժողովի ձեռքբերումներն ու թերացումները: