Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանում COVID-19-ով վարակվածների 35%-ն ունեցել է համի և հոտի կորուստ․ հետազոտողների անդրադարձը գիտաժողովում

Հայաստանում COVID-19-ով վարակվածների 35%-ն ունեցել է համի և հոտի կորուստ․ հետազոտողների անդրադարձը գիտաժողովում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվում է «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» (“Neuroscience Initiative in Armenia”) խորագրով քառօրյա գիտաժողովը։

Միջոցառման երկրորդ օրը զեկույցով հանդես եկավ Նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Սենիկ Մատինյանը՝ ներկայացնելով իր հետազոտական աշխատանքի ընթացքում ստացված և դեռևս չհրապարակված արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները Հայաստանի և արտերկրի գիտական խմբերի միջև։ Սենիկ Մատինյանը մանրամասնորեն անդրադարձավ կենդանիների վարքագծի ուսումնասիրման տարբեր մեթոդներին կաթվածի առկայության և դրա բացակայության դեպքում։ Իսկ զեկույցի ավարտին երիտասարդ գիտաշխատողն ուսանողներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել բժշկական բուհի նախաձեռնած հետազոտական աշխատանքներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր սկսնակներին։ «Մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանը գրավիչ միջավայր դառնա գիտության համար», – ընդգծեց Սենիկ Մատինյանը։

ԵՊԲՀ գիտական թիմը համավարակի ողջ ընթացքում ուսումնասիրել և ուսումնասիրում է նաև կորոնավիրուսային վարակի հետ կապված նյարդաբանական խանգարումները։ Գիտաժողովի ընթացքում Ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Կարինե Մելքումյանը ներկայացրեց պացիենտների մոտ նկատվող համի և հոտի խանգարումները՝ պարզաբանելով նաև այդպիսի խանգարումների կենտրոնական և ծայրամասային մեխանիզմները։ Մասնավորապես, համաձայն հետազոտության արդյունքների, մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների 35%-ը բախվել է համի և հոտի կորստի խնդրին։ «Մենք կարող ենք տարբերակել 7-10 հազար հոտ, հիշել և վերհիշել դրանք։ Հոտառական ուղին զգայական ուղիներից ամենակարճն է․ դա է պատճառը, որ հիվանդության հետևանքով հենց հոտառությունն է տուժում», – շեշտեց Կարինե Մելքումյանը։ Առանձնացնելով հոտառության խանգարման 4 տեսակ՝ հիպօսմիա (հոտառության մասնակի կորուստ), անօսմիա (հոտառության լրիվ կորուստ), պարօսմիա (հոտառության աղավաղում) և ֆանտօսմիա (հոտառության հալյուցինացիա)՝ մասնագետը ներկայացրեց կատարված ուսումնասիրության հիմնական մեթոդները և կիսվեց համապատասխան եզրակացություններով։ Վերջինների շարքում կարևոր է ընդգծել հետևյալը․

  • հոտառության խանգարումները կարող են տևել տարուց ավելի,
  • խանգարվում են հիմնականում նույնանուն սննդի համն ու հոտը (հայերի դեպքում դա կարող է լինել նարինջը, վարունգը, մսեղենը և կանաչեղենը),
  • պարօսմիայի առաջացման ընթացքը և ժամկետները խիստ օրինաչափ են,
  • ընդգծված պարօսմիկներն ու ֆանտօսմիկներն ունեն կոգնիտիվ խանգարումներ և դեպրսիայի բարձր ֆոն, խանգարված է հիշողությունը,
  • համերից ամենահաճախը տուժում է դառի զգացողությունը։

«Հետազոտել ենք 222 պացիենտի և ցավով պետք է նշեմ, որ 10-15%-ի մոտ դեռևս չի վերականգնվել հոտառության զգացողությունը։ Սակայն, մյուս կողմից, մտավախություն չկա, որ հոտառության նյարդը կարող է մահանալ», – եզրափակեց Կարինե Մելքումյանը։ Նշենք, որ գիտական միջոցառումն աշխատանքները կամփոփի սեպտեմբերի 20-ին։