Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինտերնները փորձեցին իրենց ուժերը գիտագործնական համաժողովում

Ինտերնները փորձեցին իրենց ուժերը գիտագործնական համաժողովում

Ավանդույթի համաձայն՝ մեր համալսարանում անցկացվեց ինտերնների համար ամենամյա գիտագործնական համաժողով, որին մասնակցում էին թե՛ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, թե՛ ուսանողները:

Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է դեռևս ուսանելու տարիներից ինտերնների հետաքրքրությունն ուղղորդելու դեպի գիտագործնական գործունեություն:

Միջոցառումը կազմակերպված էր մրցույթի ձևով: Դասախոսներից բաղկացած հանձնաժողովը գնահատում էր զեկուցումներն ըստ սահմանված չափորոշիչների: Ինտերնները, ելնելով իրենց գործունեությունից և հակումներից, ղեկավարների խորհրդատվությամբ ընտրել էին նախասիրած թեմաներ, որոնք խոսում էին նրանց հետաքրքրությունների լայն շրջանակների մասին:

Առաջինը հանդես եկավ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերն Ռոբերտ Ազարումյանը՝ ղեկավար, ռազմադաշտային թերապիայի ամբիոնի պետ, դոցենտ, բ.ծ. փոխգնգապետ Վարդան Ծատուրյանի աջակցությամբ պատրաստած վահանաձև գեղձի ծավալային գոյացությունների վերաբերյալ արդիական մոտեցումներով հագեցած զեկույցով:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ինտերն Լուսին Կարահակոբյանի «Ասցիտ» թեմայով բովանդակալից զեկուցման հարցում մասնագիտական խորհուրդներ էր տվել ղեկավարը՝ համալիրի փորձաքննությունների պատասխանատու Տաթևիկ Հովհաննիսյանը:

Նույն համալիրի ինտերն Վահե Շահմորադին և նրա ղեկավար, սրտաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լաուրա Սահակյանը նախապատրաստել էին կլինիկական դեպք, որը քննարկվեց ունկնդիրների մասնակցությամբ: Հիվանդի կլինիկական եզրափակիչ ախտորոշումը դրվեց համատեղ ուժերով, ինտերակտիվ վերլուծության շնորհիվ:

Հաշվի առնելով լսարանի մասնագիտական բազմազանությունը և հետաքրքրությունները՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրի թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ինտերն Ջուլիետ Սարդարյանն անդրադարձավ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտանշանների դրսևորումներին: Նա զեկուցումը կազմել էր ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրսի պրոֆեսոր, Վալերի Տատինցյանի խորհրդատվությամբ:

Ներկաները առավել հետաքրքրությամբ ընդունեցին ռազմաբժշկական ֆակուլտետի երկու ինտերնների զեկուցումները. նրանցից՝ Արամայիս Հայրապետյանը պատրաստել էր «Պահակային ավշային հանգույց» թեման օնկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Արտեմ Ստեփանյանի ղեկավարությամբ:

Իսկ Էդգար Մկրտչյանը «Ֆունկցիոնալ մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգտագործումը հոտառական անալիզատորի ակտիվ զոնաների հայտնաբերման համար ի պատասխան օդորանտներով գրգռմանը» թեմայով զեկուցումը պատրաստել էր նյարդաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Իռենա Հովհաննիսյանի օգնությամբ:

Պետք է նշել, որ ինտերնները համաժողովին նախապատրաստվել էին բարձր պատասխանատվությամբ, զեկուցումները կազմելիս ուսումնասիրել էին համապատասխան գրականություն, կիրառել բազմաթիվ ուսանելի սլայդներ, որոշ դեպքերում՝ նաև տեսանյութեր: Նրանց ելույթները գրագետ էին, մատուցվող նյութը՝ լիովին յուրացված: Զեկուցումների ընթացքում ծագած հարցերն ստացան սպառիչ պատասխաններ ու պարզաբանումներ ինտերնների և նրանց ղեկավարների կողմից:

Միջոցառումն աշխատանքն ամփոփեց հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Սաթենիկ Բաղդասարյանը:

Դասախոսական հանձնաժողովի անդամների լրացրած անանուն հարցաթերթիկների արդյունքներն ամփոփելու արդյունքում բոլոր զեկուցումներն էլ արժանացան բարձր գնահատականի, իսկ առաջատարները Ա. Հայրապետյանը և Է. Մկրտչյանն էին: