Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մեկնարկել է «Գիտության շաբաթ 2018»-ը. ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է

Մեկնարկել է «Գիտության շաբաթ 2018»-ը. ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է

«Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում երիտասարդ գիտանականները կամփոփեն բժշկագիտության մեջ կատարված հետազոտությունները:

«Գաղափար, նորարություն, ինֆորմացիա» խորագրի ներքո իրականացվող գիտական այս կարևոր միջոցառման նպատակն է միավորել հետաքրքրասերներին գիտության շուրջ՝ ուսանողներին և երիտասարդներին հնարավորություն տալով փոխանակվել փորձով ու գիտելիքներով անվանի գիտնականների հետ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը միջոցառման մեկնարկին ողջունելով մասնակիցներին՝ նշեց, որ պետական բժշկական համալասարանը տարբերվում է գիտական հենքով: «Ամենամեծ հույսը մենք կապում ենք երիտասարդության հետ, ովքեր ավագ գործընկերների անցած ճանապարհը տեսնելով, հենվելով նրանց վրա, կանգնելով նրանց ուսերին կարող են տեսնել ավելի հեռուն»,- ասաց ռեկտորն՝ ընդգծելով, որ համալսարանի առաքելություն է՝ ուսանողին տրամադրել ամուր ուսեր:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ բոլոր խոշոր գիտական հայտնագործությունները մարդկության պատմության մեջ իրականացվել են մինչև 40 տարեկանը: «Մենք ապրում ենք ամենահետաքրքիր դարաշրջանում, երբ հեռավորությունն ու  ինֆորմացիոն դաշտը  հասանելի է յուրաքանչյուրին»,- նշեց ռեկտորը:

Արմեն Մուրադյանը կարևորեց ակադեմիական  քննարկման ոճը՝ երիտասարդ գիտնականներին խորհուրդ տալով հինգ օրվա ընթացքում լինել խիզախ ու համարձակ:

Ամենամյա ամփոփիչ գիտական շաբաթը, որն անցկացվում է նոյեմբերի 26-ից 30-ը, հրաշալի հարթակ է  նոր կապեր ձեռք բերելու ու գործնական հմտությունները բարելավելու համար:  ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն ձևավորել է նոր մշակույթ՝ 3 տարի շարունակ հայտարարում է ուսանողական գիտական օր:

Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ գիտական շաբաթն անց է կացվում է նոյեմբերի վերջին շաբաթը, քանի որ դեկտեմբերի առաջին շաբաթն ամբողջ աշխարհը հանձնում է Նոբելյան մրցանակներ:

«Գիտաժողովը, որը բաղկացած է  մի քանի մասից, միտված է ամփոփելու նախորդ տարվա հետազոտություններն ու ձեռքբերումները բժշկագիտության ոլորտում։ Միջոցառումները կենտրոնացված չեն մեկ վայրում: Համաձայն նոր մոտեցմանը՝ դրանք սփռված են լինելու համալսարնով մեկ»,- ասաց պրոռեկտորը:

Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Վիտյա Վարդանյանը ներկայացրեց դասախոսություն «Կալիումական անցուղիների կառցվածքը, ֆունկցիան, ֆիզիոլոգիական և ախտաբանական դերը» թեմայով, որին հաջորդեց ուսանողական զեկույցներն ու պաստառային զեկույցները:

Միջոցառմանը մասնակցում են տեղի և արտերկրի ճանաչված մասնագետներ:

Գիտական բուռն մթնոլորտ ու գիտական մտքերի տեղատարափը ԵՊԲՀ-ում կտիրի մեկ շաբաթ: