Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտն այսօր ԵՊԲՀ-ում էին: Պրոֆեսորները քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ-ին քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ այսօր ԵՊԲՀ-ի համար իսկապես հիշարժան օր է, քանի որ համալսարան են այցելել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, որոնք ավարտական դիպլոմներ են հանձնելու նաև բուհի պատմության մեջ առաջին անգամ իրականացված «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին։ Նա մաղթեց շրջանավարտներին, որպեսզի իրենց հաջողվի դառնալ արդյունավետ և հաջողակ կառավարիչներ։ Ռեկտորի գնահատմամբ՝ բժշկական համալսարանն իր հաջողություններով օրեցօր ավելի հայտնի է դառնում աշխարհում և այս առումով համաշխարհային ճանաչում ունեցող գործընկերների այցն առավել քան կարևոր է:
Այսօր ԵՊԲՀ այցելած Նոբելյան մրցանակակիրների թիվը հասավ 7-ի, քանի որ երկու տարի առաջ առաջին անգամ միաժամանակ հինգ Նոբելյան դափնեկիրներներ էին այցելել ԵՊԲՀ: Գիտնականներ, որոնք կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկագիտության թեմաներով բաց դասախոսություններ վարեցին բժշկական համալսարանում (2016թ. ապրիլին Երևանում դասախոսություններով հանդես եկան կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ռոբին Ուորենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա): Բուհի ղեկավարը նաև ազդարարեց, որ հարգարժան հյուրերը Նոմինացիոն խորհրդի առաջադրմամբ և Գիտական խորհրդի որոշմամբ արժանանում են ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման: Պատվավոր դոկտորների ցանկը ընդլայնվում է, սակայն այստեղ, ձևավորված ավանդույթի համաձայն, հայտնվում են միայն այն անհատների անունները, ովքեր իսկապես մեծ ներդրում ունեն ոչ միայն հայ, այլև համաշխարհային առողջապահական կամ բժշկագիտական զարգացումներում:
Ինչպես նշեցինք, օրն առաձնահատուկ էր նաև նրանով, որ Նոբելյան մրցանակակիրները մասնակցեցին նաև «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը։ Տեսաուղերձով նախորդ ուսումնական տարվա 25 շրջանավարտներին և հյուրերին ողջունեց նաև «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը: Հիշեցնենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է հենց այս խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:
Նա շեշտեց, որ ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կառավարման նոր մտածելակերպ և դարձնել այս նախաձեռնությունն աշխարհի նորագույն և արդիական կրթական ծրագրերից մեկը:
Շրջանավարտներին և Նոբելյան մրցանակակիրներին ողջունեց նաև անկախ Հայաստանի առաջին առողջապահության նախարար, առողջապահության երկարամյա կազմակերպիչ Միհրան Նազարեթյանը, ով հույս հայտնեց, որ ծրագրի շրջանավարտներին կհաջողվի լրացնել կազմակերպիչների այն բացը, որն առկա է առողջապահության ոլորտում: Հանդիսավոր արարողության ավարտից հետո անվանի պրոֆեսորները հանդես եկան դասախոսությամբ, ինչը ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին հնարավորություն տվեց տեղեկանալ գիտության ոլորտում նրանց կատարած աշխատանքներին, որոնք մեծապես կապված են ներկայումս և ապագայում մոլեկուլային շղթաների և դրանց կիրառման հնարավորությունների հետ: Բեն Ֆերինգան մեծապես կարևորեց երիտասարդների շրջանում սեփական ուժերին հավատալու, ինչպես նաև երևակայության և աշխատասիրության միջոցով նորանոր հաջողությունների հասնելու ցանկությունը:
Նշենք, որ ԵՊԲՀ կատարված այցը հնարավոր է դարձել Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի հայազգի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանի շնորհիվ, ում նախաձեռնությամբ Գրոնինգենի համալսարանը՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ, Երևանում հոկտեմբերի 22-ից 25–ը կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront 2018) քիմիային նվիրված միջազգային խոշոր գիտաժողովը: ԵՊԲՀ-ում անցկացված միջոցառման հյուրերին ողջունեց նաև Սյուզաննա Հարությունյանը: Գիտաժողովի շրջանակներում Հայաստան են հրավիրվել 22 բացառիկ, գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ, այդ թվում` երկու Նոբելյան մրցանակակիրներն ու ԵՄ-ի Հորիզոն 2020 ծրագրի մասնակիցները: Հրավիրված բանախոսներից զատ, աշխարհի տարբեր անկյուններից, ներառյալ Հայաստանից, ավելի քան հարյուր գիտնական մասնակցում է այս հինգօրյա կոնֆերանսին:
Գիտաժողովի համապարփակ ծրագրում ներառված է նաև հրավիրված գիտնականների դասախոսությունները, որտեղ ներկայացվում են ոլորտին առնչվող վերջին զարգացումները: Սիմպոզիումի հիմնական նպատակն է հայ գիտնականներին, հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին՝ իրենց աշխատանքներում որակապես տարբերվող և նորարարական մեթոդներ կիրառելով: Գիտաժողովի ամենակարևոր ուղերձն է` հանրապետությունում քիմիայի զարգացման անհրաժեշտությունը՝ համահունչ մեր երկրի կարիքներին և պայմաններին ու համընթաց աշխարհի գիտական նվաճումներին: