Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Որդեգրելով գիտության զարգացման ուղին` ԵՊԲՀ-ում Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն բացվեց․ Տեսանյութ

Որդեգրելով գիտության զարգացման ուղին` ԵՊԲՀ-ում Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն բացվեց․ Տեսանյութ

Բժշկական 100-ամյա համալսարանի պատմության մեջ մարտի 16-ը նշանավորվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի բացմամբ:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, դիվանագիտական, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոնը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանօրինակ լավագույն լաբորատորիաների հետ։

Գիտակրթական այս կարևոր կառույցի ստեղծման պատմությունը ներկայացնելով` ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ռեկտորի ղեկավարությամբ համալսարանական թիմը որդեգրել է գիտության զարգացման ճանապարհը ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի աջակցությամբ և ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի նախաձեռնությամբ, որի առաջին դրամաշնորհի մասնակիցը և հաղթողը բժշկական համալսարանն է:

Նրա փոխանցմամբ` համալսարանական մեծ թիմի տեսլականն է Հայաստանում ունենալ Նեյրոգիտության և Ուղեղի հետազոտությունների գերազանցության տարածաշրջանային կենտրոն, որը կտեղորոշի երկիրը համաշխարհային գիտական քարտեզում:

Ելույթ ունեցավ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը` նշելով, որ այս նոր կենտրոնը նոր ազդակ կհաղորդի ուղեղի հետազոտությունների իրականացմանը:

«Արդյունքում ուղեղի կենտրոնը հանդես կգա որպես գերազանցության կենտրոն, որը համանման կլինի եվրոպական երկրների նման լաբորատորիաների հետ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ուսանողներին ներգրավել գիտահետազոտական աշխատանքներում»,- ասաց Կարոլին Գեգինատը` կարևորելով ձևավորված գիտական միջավայրի հետագա համագործակցությունը ազգային և միջազգային գիտահետազոտական կենտրոնների միջև:

Դիմելով հյուրերին, միջոցառմանը ներկա Գիտական խորհրդի անդամներին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ օրը շատ կարևոր է, քանի որ այս կենտրոնի բացմամբ համալսարանը զարգացման նոր շրջափուլ է թևակոխում:

«Ոչ միայն ուսումնական գործընթացն է մեզ համար գերակա, այլև մեր ուժերը դիվերսիֆիկացնում ենք այն հանգամանքին, որ տարիներ շարունակ բժշկական համալսարանը ոչ միայն հանրապետության, այլև համամիութենական, համաշխարհային համալսարանների շարքում առանձնացել է հենց գիտության շնորհիվ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ ջանքերն ուղղված են գիտական ժամանակակից հարթակ ձևավորելուն, որը կնպաստի ուսանողների հնարավորությունների բացահայտմանը:

Հատուկ շեշտեց նաև, որ հինգ տարի առաջ ԵՊԲՀ-ում վճռական որոշում կայացվեց դադարացնել կոչումագիտությունը, պաշտոնների վերաբաշխումը և միայն թվայնացված մոտեցմամբ առաջնորդվել գիտական բնագավառում, հաշվառելի դարձնել գիտությունը:

100-ամյա համալսարանը ունեցել է գիտական վերելքներ, ճանաչելիություն և այսօր մեկդարյա հոբելյանի առիթով բուհը որոշել է կյանքի կոչել «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը, որի շրջանակում հարյուրավոր անվճար խորհրդատվություններ, բուժօգնություն կտրամադրվի բնակչությանը:

Արմեն Մուրադյանի գնահատմամբ` այս ծրագիրը աշխարհում ստեղծված դժվարին իրավիճակում վկայում է այն մասին, որ մասնագիտական արհեստավարժությունը, բժշկագիտությունը կարող են ուրույն խոսք ասել մարդկությանը:

Կենտրոնի ստեղծումը կնպաստի բուհի ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, հետազոտական կարողություններով օժտված երիտասարդ մասնագետների ինկուբատորի ձևավորմանը: Նյութատեխնիկական բազան կարող է հարթակ ծառայել այլ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողների և գիտնականների աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի ոչ միայն ԵՊԲՀ-ի, այլև Հայաստանում գիտության որակի բարձրացմանը:

Գիտակրթական նորաբաց կենտրոնի ստեղծումը կնպաստի նաև շրջանավարտների և այլ երիտասարդ հետազոտողների համար նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այստեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:

Նշենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է ներառել գիտությունը կրթության մեջ և համալսարանի գերիշխող կրթական ուղղվածությունը վերափոխել հետազոտականի:

Նախքան կենտրոնի բացումը, վարչական մասնաշենքի նախասրահում տեղակայված հուշատախտակի առաջ ԵՊԲՀ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած ռազմական բժիշկների, սովորողների, հերացիականների:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց` ծանոթանալով բուհում վերջին տարիներին իրականացված շինարարական, վերանորոգման աշխատանքների արդյունքում և «Վերադարձ» ծրագրի շրջանակում վերաբացված լսարաններին, թանգարանին, մարզադահլիճին:

Վերանորոգված և արդիականացված 6-րդ լսարանում ռեկտորը զեկույցով ներկայացրեց բժշկական բուհի գրանցած հաջողությունները, այդ թվում բժշկական կրթություն ստանալու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրացի սովորողների երկրների աճող դինամիկան: Բուհի ղեկավարը խոսեց նաև հիվանդանոցային ոլորտում արդեն կատարված, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց համալսարանական երեք հիվանդանոցում հիվանդանոցային պայմանների, բուժօգնության որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին: