ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում կայացավ «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի անդրանիկ նիստը։
Journal Club միջոցառումն այս ձևաչափով առաջինն էր համալսարանում։
«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավար, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվող առաջին միջոցառումներից մեկը նվիրված է հենց նյարդավիրաբուժական ոլորտին։
«Կենտրոնը համատեղելու է գիտությունը և կլինիկական գործունեությունը։ Եվ պատահական չէ, որ «Դենդի» ակումբը սկսում է գործունեությունն այս գեղեցիկ վայրում։ Այստեղ ուսանողները գալիս են ոգեշնչվելու նոր մտքերով ու գաղափարներով», – շեշտեց պրոռեկտորը։
Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանն անկեղծացավ, որ շատ կարոտել էր ուսանողներին։
«Տասնմեկ տարի առաջ ԱՄՆ Միչիգան նահանգում Վալտեր Դենդին ստեղծեց «Դենդի» ակումբը։ Նա, իրավամբ, համարվում է նյարդավիրաբուժության հիմնադիրը։ Հպարտ եմ, որ Հայաստանում նմանատիպ ակումբ ստեղծվել է հենց բժշկական համալսարանում, իսկ դրա անդրանիկ նիստին մասնակցելը մեծ պատիվ է ինձ համար», – նշեց Ռուբեն Ֆանարջյանը՝ ավելացնելով, որ առանց տեսական գիտելիքի հնարավոր չէ որևէ պրակտիկ գործունեություն։
«Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի փոխնախագահ, հնդիկ ապագա բժիշկ Բուրհան Իլյասն, իր հերթին, ընդգծեց, որ «Դենդի»-ն մեր երկրում առաջին նմանօրինակ ակումբն է։
«Այն ուղի կհարթի բոլոր նրանց համար, որոնք ձգտում են մասնագիտանալ նյարդավիրաբուժության ոլորտում», – հավելեց Բուրհանը։
Միջոցառման ընթացքում առաջին կուրսի կլինիկական օրդինատորներ Անուշ Զաքարյանը և Էլեն Դավթյանը հանդես եկան զեկույցներով՝ «Ողնաշարային ճողվածք» և «Պարկինսոնի հիվանդություն» թեմաներով։