Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Շատ հպարտ եմ իմ հայկական արմատներով»․ Արդեմ Պատապուտյանի այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն և դասախոսությունը

«Շատ հպարտ եմ իմ հայկական արմատներով»․ Արդեմ Պատապուտյանի այցը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն և դասախոսությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հունիսի 14-ն առանձնահատուկ էր․ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատվավոր հյուրն էր հայկական ծագումով Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր, նյարդակենսաբան Արդեմ Պատապուտյանը։

Լինելով «ՔՈԲՐԵՅՆ» գործընկեր՝ անվանի գիտնականն այցելեց Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, որտեղ նա տնկեց Arabidopsis thaliana կոչվող բույսի սերմը․ հենց այդ բույսի հետազոտության արդյունքում է նյարդակենսաբանը ստացել շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները։

Կենտրոնում շրջայցի ավարտին Արդեմ Պատապուտյանը պաշտոնապես համալրեց «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Խորհրդատվական խորհրդի (Advisory Board) անդամների շարքը։

«Մեծ պատիվ է այսօր մեր համալսարանում կրկին ընդունել մեր հայրենակցին, որն աշխարհահռչակ գիտնական է: Այսօր Արդեմ Պատապուտյանն ընտրվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, նա Նոբելյան մրցանակի 9-րդ դափնեկիրն է, որը հյուրընկալվում է բժշկական բուհում», – ընդգծեց ռեկտոր Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ պատվաբեր է, որ ԵՊԲՀ-ն սկսել է համագործակցությունը գիտնականի հետ տարիներ առաջ:

«Այսօր Պատապուտյանը գիտական փորձարարության մոդելավորման միջոցով պատկերավոր ցույց տվեց, թե ինչպես է արվում մոլեկուլների բացահայտումը, ինչի համար էլ մեր հայրենակիցն արժանացել է համաշխարհային փառքի», – նշեց ռեկտորը։

Արդեմ Պատապուտյանն, անդրադառնալով Հայաստան այցի նպատակներին, շեշտեց.

«Ես այստեղ եմ՝ առավել խորացնելու համագործակցությունը հայ գիտնականների և երիտասարդ ուսանողների հետ»։

Կենտրոնում շրջայցից հետո հայազգի նյարդակենսաբանը ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդես եկավ “HOW DO YOU FEEL? THE MOLECULES THAT SENSE TOUCH” թեմայով հանրային դասախոսությամբ։

«Շոշափելիքի զգայարանը մեր միջավայրից տեղեկատվություն է հավաքում ջերմաստիճանի, ճնշման, նույնիսկ քիմիական նյութերի միջոցով և վերծանում է այն մեր ուղեղին հասկանալի լեզվով։ Այնուամենայնիվ, մոլեկուլային մակարդակում այնքան էլ լավ հասկացված չէ, թե ինչպես ենք մենք շոշափում մեր միջավայրը», – դասախոսության ընթացքում ասաց Արդեմ Պատապուտյանը՝ հավելելով, որ շոշափելիքի զգայարանն օժտված է զարմանալի յուրահատկությամբ:

Աշխարհահռչակ գիտնականն անդրադարձավ քրոնիկ ցավի առանձնահատկություններին, PIEZO 1 և PIEZO 2 մոլեկուլներին, դրանց դերին, ինչպես նաև նեյրոպաթիկ ցավը կանխելու անհրաժեշտությանն ու հնարավորությանը։

Եզրափակելով դասախոսությունը՝ Արդեմ Պատապուտյանը ներկաներին պատմեց Նոբելյան մրցանակին արժանանալու լուրն իմանալու զվարճալի պատմությունը։ «Երբ Նոբելյան հանձնաժողովի անդամները որոշեցին կապ հաստատել ինձ հետ, Կալիֆոռնիայում գիշերվա ժամը 2-ն էր, և ես անհասանելի էի զանգերի ու նամակների համար, այդ պատճառով նրանք գտել էին իմ 94-ամյա հոր հեռախոսահամարը և կապվել նրա հետ։ Սկզբում հայրիկիս այնքան էլ դուր չէր եկել այդ ժամին զանգ ստանալու փաստը, սակայն հետագայում, հասկանալով, թե ինչ է կատարվում, նա, այնուամենայնիվ, ինձ հորդորեց ուշադրություն դարձնել հեռախոսիս ուղարկված ձայնային հաղորդագրություններին», – ժպիտով անկեղծացավ նյարդակենսաբանը։

Նրա խոսքով՝ այս պատմությունը ոչ այնքան իր և իր գործընկերների մասին է, որքան այն փաստի, որ ինքը հայկական արմատներ ունի։ «Ես շատ հպարտ եմ դրանով։ Հուսով եմ, որ սա ոգևորիչ օրինակ կլինի այստեղ հավաքված երիտասարդ գիտնականների համար։ Իրականում ամեն ինչ հնարավոր է, քանի որ, եթե դա պատահեց ինձ հետ, ապա դա կարող է պատահել նաև ձեզ հետ», – դասախոսությունն ամփոփեց Արդեմ Պատապուտյանը՝ շնորհակալություն հայտնելով բժշկական բուհի ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Դասախոսության ավարտին նա պատասխանեց նաև գիտնականներին և ապագա բժիշկներին հետաքրքրող հարցերին։

Արդեմ Պատապուտյանը Հայաստանում է հունիսի 13-ից 17-ը Երևանում անցկացվող «Գիտության և գործարարության օրեր» միջոցառման շրջանակում, որի ընթացքում, բացի Նոբելյան մրցանակակրից, ելույթներով հանդես կգան նաև հայտնի հայազգի գիտնականներ և գործարարներ, ինչպես, օրինակ, Ռուսական տնտեսագիտության դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։