ԵՊԲՀ-ում SIOP ASIA հոբելյանական 15-րդ միջոցառման վերջին օր էր` կրկին հանդիպումներով, քննարկումներով, փորձի փոխանակումներով հագեցած: 150-ից ավելի խոսնակ, շուրջ 500 մասնակից 60 երկրից ներկայացրին մանկական ուռուցքաբանության ոլորտում իրենց փորձը, ձեռքբերումներն ու ծրագրերը:
Հնդկաստանի Ադյարի քաղցկեղի ինստիտուտի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Վենկատրաման Ռադհակրիշնանի բնորոշմամբ՝ համաժողովը հրաշալի փորձ էր, որն ուղեկցվեց լայնախոհ, գեղեցիկ կազմակերպված զեկույցների ներկայացմամբ:
«Միջոցառումը սովորելու հիանալի հնարավորություն ընձեռեց: Ընդհանուր առմամբ, Հայաստանը բժշկության մեջ շատ լավ ժառանգություն ունի. հայ բժիշկները համաշխարհային ճանաչում ունեն իրենց հետազոտությունների և կլինիկական խնամքի շնորհիվ: Եվ ես իսկապես ուրախ եմ նրանց հետ համատեղ աշխատելու համար: Պատմականորեն Հայաստանն ու Հնդկաստանը սերտ կապեր ունեին։ Մեր ուսանողներն այսօր գալիս են այստեղ՝ բժշկական մասնագիտություն սովորելու։ Մենք կարող ենք կատարել համատեղ հետազոտություններ, ձևավորել մուլտիդիսցիպլինար խմբեր», – նշեց հնդիկ մասնագետը։ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) Ասիական մայրցամաքային խմբի նախագահ և Ճապոնիայի բարձրագույն բժշկության Մի համալսարանի պրոֆեսոր Հիրոկի Հորին նկատեց, որ միջոցառման ընթացքում շատ գիտելիք ձեռք բերվեց մանկական ուռուցքաբանության մասին։ «Լավ հնարավորություն ունեցանք քննարկելու, թե ինչպես պետք է համագործակցությունն իրականացվի Ասիայի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ մանկական ուռուցքաբանության պրակտիկայի առաջխաղացման համար: Ներկայումս SIOP-ը խրախուսում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին, որոնք կարող են բարելավել մանկական ուռուցքաբանական բնագավառը: Ծրագիրը լիովին համապատասխանում էր SIOP ASIA-ի գործունեության՝ մեր հեռանկարին: Հուսանք, որ այս համաժողովը կարող է շրջադարձային լինել մանկական ուռուցքաբանության առաջխաղացման համար Հայաստանում և հարևան երկրներում: Հուսով եմ, որ Հայաստանը կլինի առաջատարը տարածաշրջանում և կբարելավի իրավիճակը միջազգային գործընկերների աջակցությամբ», – ավելացրեց ճապոնացի պրոֆեսորը։
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ, Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Ֆոլկները շեշտեց․ «Հիմնական գործն այս ոլորտում անում են մարդիկ, ուստի ճիշտ մարդկանց գտնելը կարևոր քայլ է: Կարծում եմ, որ և այստեղ՝ Երևանում, հավաքված մասնագետները հենց այդ ճիշտ մարդիկ են։ Համաժողովն անցկացվեց այն ժամանակաշրջանում, երբ Ասիայում համագործակցության մեծ պատրաստակամություն կա, քանի որ շատ երկրներում մանկական ուռուցքաբանության ոլորտում նկատվում է առաջընթաց»։
Տոկիոյի երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնը և Երեխաների քաղցկեղի կենտրոնը ներկայացնող Կիմիկացու Մաթսումոտոն ասաց, որ առաջին անգամ էր մեր երկրում և շատ տպավորված էր անցկացված միջոցառմամբ: Վերադառնալով հայրենիք՝ նա կշարունակի համագործակցությունը հայ գործընկերների հետ, որոնց թվում են Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը, ինչպես նաև նույն կենտրոնի մանկական ուռուցքաբան Ռուզաննա Պապյանը:
Շվեդիայի Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցի մասնագետ, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ջասեկ Տոպորսկին նշեց, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 6 տարի առաջ՝ 2017 թվականին։ «Դեռ այն ժամանակ, հայ մասնագետներն այստեղ կատարում էին տրանսպլանտացիաներ, նրանք փոխել էին մանկական արյունաբանության ընդհանուր կազմակերպական կառուցվածքը՝ կենտրոնացնելով ամեն ինչ մեկ տանիքի ներքո, ինչը շատ գովելի է։ Տարեցտարի ձեր բժիշկները հարստացնում են իրենց փորձը, իսկ նմանատիպ միջոցառումները վկայում են այն մասին, որ Հայաստանը ճանաչված է աշխարհի մասշտաբով, և մարդիկ արժևորում են այն, ինչ դուք անում եք», – եզրափակեց պրոֆեսորը։
Մայիսի 21-ին Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն ամփոփեց 4-օրյա աշխատանքը բժշկական բուհում: