Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին

Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է ոլորտի առաջատար մասնագետներին

ԵՊԲՀ-ն մեկ հարկի տակ էր համախմբել աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մի քանի տասնյակ բժիշկ-մասնագետների: Ստոմատոլոգիայի ոլորտի առաջատարները, որոնց թվում էին նաև մեր հայրենակիցները Հայաստան են ժամանել Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով, որն այսօր առավոտյան մեկնարկեց համալսարանի Կարմիր դահլիճում: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն  ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը:

Մասնակիցներին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի անունից ողջունեց  և նրա ուղերձը փոխանցեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

«Ուրախ եմ ողջունելու աշխարհասփյուռ հայության ստոմատոլոգներին Երևանի պետական բժշկական համալսարանում:  Մեզ համար առանձնակի պատվաբեր է անցկացնել այս համաժողովը մեր բուհում, քանի որ դրա շրջանակում անցկացվելու է նաև  Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը»,- նշեց Կոնստանտին Ենկոյանը՝ հավելելով, որ հավաքը մասնակիցների համար  ապացուցողական բժշկության վրա հիմնված ժամանակակից տեղեկատվությունը ստոմատոլոգիայի բնագավառում փոխանակելու կրթական հարթակ կհանդիսանա: Պրոռեկտորը կորևորեց նաև ուսանողների մասնակցությունը միջազգային վեհաժողովում, ինչը հնարավորություն կտա ապահովել հետազոտոկան ունակությունների, ինչպես նաև գիտական աշխատանքների զարգացում այս ոլորտում:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  Հայաստանում նույնպես ստոմատոլոգիայի, ինչպես նաև այլ ոլորտներում կան խնդիրներ։

«Ընդհանրապես ամբողջ աշխարհում այդ խնդիրներն անխուսափելի են, խնդիրներից մեկը գիտելիքների բարելավման հարցն է, մասնագիտական ունակությունների, հմտությունների ձեռքբերման խնդիրը, նմանատիպ միջազգային վեհաժողովները թե Հայաստանում, թե արտասահմանում, հետագայում համարվում են շարունակական բժշկական կրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- ասաց նա։

Եսայանը նշեց, որ այս վեհաժողովներն էլ ավելի են ամրապնդում այդ գիտելիքները։ Նա նաև տեղեկացրեց, որ իրականացվելու է Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության գործընթաց, որը ևս շատ կարևոր առաջընթաց կապահովի։

Լազար Եսայանի խոսքով՝ նման համաժողովների շրջանակում կազմակերպվում են նաև գործնական ունակությունների, ձեռքի հմտության դասընթացներ։ 

Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են նաև Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:

Կեթրին Քելլը նշեց, որ վեհաժողովը լավ հնարավորություն է ոլորտի զարգացման տեսլականը միյանց հետ կիսելու համար: Նա նշեց, որ իր ղեկավարած կառույցը պատրաստ է շարունակել բոլոր այն ծրագրերը, որոնք համատեղ են կյանքի կոչվում: Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի անունից նա պատվոգիր հանձնեց Լազար Եսայանին  կատարած աշխատանքի համար:

Ռուսաստանից ժամանած բժիշկ-մասնագետ Միքայել Սարգսյանն էլ հայերենով ողջունեց միջոցառման մասնակիցներին: ԵՊԲՀ շրջանավարտը ջերմ խոսքեր հղեց հարազատ բուհի հասեցին նաև հայտնեց ներկաներին, որ 2018 թվականի մարտի 20-ի որոշման համաձայն Լազար Եսայանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Նշենք, որ Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով մայիսի 24-ից 26-ը Երևանում, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում կանցկացվեն մի շարք մասնագիտական միջոցառումներ, որոնք նվիրված են ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին: Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից: