Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը ներկայացրեց 2018 թվականի ԵՊԲՀ գիտական գործունեության ամփոփ հաշվետվությունը, որը հիմնված էր բացառապես նոր գիտաչափական ցուցանիշների հիման վրա:
Առանձնահատուկ նշվեց, որ նախորդ տարիների համեմատ՝ բարձրացել է WoS շտեմարանում տպագրված հոդվածների թիվը, համապատասխան ցիտումները, համալսարանի աշխատակիցների մասնակցությունը դրամաշնորհային ծրագրերին, միջին և գումարային ազդեցության գործոնները, ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում: Վերջին 5տարիների ընթացքում նախապաշտպանությունների թվի նվազման հետ մեկտեղ բարձրացել է ազդեցության գործոնով հոդվածների թիվը, ինչը խոսում է համալսարանի գիտական գործունեության որակական փոփոխությունների մասին: «Գիտության զարգացումը պետք է հիմնված լինի մրցունակ և առաջադեմ նախագծերի վրա»,-շեշտեց պրոֆ. Ենկոյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով Հորիզոն 2020 Թվինինգ ծրագրին հաղթելու առիթով՝ նշեց որ դա համընդհանուր ձեռքբերում է:
Կոստանտին Ենկոյանն անդրադառնալով ձեռքբերումներին և խնդիրներին՝ ասաց, որ այս տարիների ընթացքում ստեղծվել է գիտության վերլուծության նոր մշակույթ, փոփոխությունների մշտադիտարկում և ուսանողական գիտական ակտիվության կայուն աճ։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ պետք է շարունակել գիտության զարգացման գործընթացը, և որ ԵՊԲՀ-ն ունի բոլոր նախադրյալները հաջողության հասնելու համար: Գիտական խորհուրդը որոշեց հավանության արժանացնել նաև բժշկական օգնության և սպասարկման որակի կառավարման հանձնաժողովի ստեղծման հարցը, ինչպես նաև հաստատել ռազմաբժշկական ֆակուլտետի պետի, տեղակալների, դասախոսների մրցույթի ընտրության պայմանների փոփոխությունը: