«Ուղեղի ճանաչման շաբաթ» միջոցառման երկրորդ օրը, ԵՊԲՀ ուսանողները այցելեցին մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներ: Վանաձորի համար 5 դպրոցում և Գյումրու «Ֆոտոն» վարժարանում ուսանողներն աշակերտների հետ խոսեցին ուղեղի, դրա կառուցվածքի, մասերի և ֆունկցիաների մասին: Կենտրոնական թեման ներկայումս աշխարհում շատ տարածված մի հիվանդություն էր` գլխուղեղի կաթվածը։ Կամավորները պատմեցին` ինչ է կաթվածը և որոնք կարող են հանդիսանալ դրա առաջացման ռիսկի գործոններ, ներկայացրեցին կանխարգելման և բուժման հիմնական մեթոդները, ինչպես նաև արագ ախտորոշման ու առաջին բուժօգնության ցուցաբերման սկզբունքները:
Քննարկումներն անցկացվեցին ինտերակտիվ ֆորմատով. ուսանողները պատրաստել էին խաղեր, որոնց օգնությամբ աշակերտներն է´լ ավելի ներգրավվեցին թեմայի քննարկման մեջ:
«Ուղեղի ճանաչման շաբաթ»-ի երրորդ օրվա թեման էր օպտոգենետիկան. այն վերջին տասնամյակի լավագույն նորարարական մեթոդներից է համարվում նեյրոգիտության մեջ: Անցկացվեց սեմինար, որի ընթացքում ԵՊԲՀ ուսանողները ներկայացրեցին մեթոդը:
Մանրամասն քննարկվեցին այս մեթոդի պատմությունը, ի՞նչ է նեյրոմոդուլյացիան, արդյո՞ք օպտօգենետիկան կարող է համարվել իդեալական, սեմինարի ընթացքում խոսվեց նաև օպտոգենետիկայի դրական եւ բացասական կողմերի մասին, նշվեց, որ առայժմ մարդկանց վրա փորձեր չեն կատարվել, բայց կա հեռանկար, որ ապագայում հնարավոր կլինի բուժել պիգմենտային ռետինիտը, Պարկինսոնի հիվանդությունը և այլ հիվանդություններ, որոնք կապված են ուղեղի խանգարումների հետ: Քննարկվեցին նաև օպտոգենետիկային առնչվող այլ կարևոր և առանցքային հարցեր:
Շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև ներամբիոնական գիտական խմբակների ինտերակտիվ քննարկումներ, իր տեսակի մեջ յուրօրինակ Դուաթոն, իսկ շաբաթը կեզրափակվի հեծանվավազքով՝որպես առողջ ապրելակերպի դրսևորում:
Հիշեցնենք, որ Brain Awareness Week-ն անցկացվում է ամեն տարվա մարտին, այն միջոցառումների շղթա է, որի նպատակն է հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկություններին և նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտություններին: