Տասնչորսերորդ տարին անընդմեջ իրականացվող «ԴիջիԹեք Էքսպո» 2018 ցուցահանդեսն այս տարի տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողների համար իր դռներն էր բացել հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք առաջատար ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ:
ԵՊԲՀ-ն ևս անմասն չմնաց և ուսանողների կողմից հեղինակած հետաքրքիր տեխնիկական նորարարությամբ՝ բիոնիկ ձեռքով, նույնպես մասնակցեց տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սենիկ Մատինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բիոնիկ ձեռքի գաղափարը սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը վերականգնեց ներամբիոնական գիտական խմբակները։
«Ուսանողները իրենց աշխատանքը սկսել են 2017թ.-ին՝ ՈՒԳԸ ներամբիոնական խմբակի շրջանակներում՝ ոգեշնչվելով համալսարանի հիմնական ուղղվածությամբ՝ նեյրոգիտությամբ։ Առաջնային նպատակն էր օգնել այն մարդկանց, ովքեր հանգամանքների բերումով կորցրել են վերին վերջույքը։ Արդյունքում ծնվեց գաղափար ստանալ ֆունցիոնալ ու ճիշտ կառավարվող պրոթեզ» ,-ասաց նա։
Սենիկ Մատինյանի խոսքով՝ խումբն իր աշխատանքային գործունեության ընթացքում արդեն իսկ հասել է մի շարք հաջողությունների, մասնավորապես՝ վերջերս ստանալով դրամաշնորհ՝ Innovative solutions and technologies (ISTC) Joint research grant program-ի շրջանակներում, տարբեր կառավարման համակարգերի օգնությամբ կարողացել է իրագործել բիոնիկ ձեռքի պրոտոտիպի նախագծումը, հավաքումը ու փորձակումը։
Իսկ ահա օրերս տեղի ունեցած «ԴիջիԹեք Էքսպո» 2018 ցուցահանդեսի շրջանակում խումբը՝ արդեն ArmBionics անվանմամբ, ներկայացրեց բիոնիկ ձեռքի՝ միոէլեկտրիկ սենսորներով աշխատող տարբերակը։