Երևանի և մարզերի ավելի քան 400 բժիշկներ մասնակցում են ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկած Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովին, որն այս տարի նվիրված է Ընտանեկան բժշկության ամբիոնի հիմնադրման 20-ամյակին:
«Իրական առողջապահության հիմքում կանխարգելումն է ու առողջության պահպանումը»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ներկայացնելով «Տղամարդու առողջություն՝ առողջ ընտանիք» զեկույցը պրոֆեսորը հանգամանալից խոսեց տղամարդու առողջությանը վերաբերող խնդիրների մասին:
Նա ընդգծեց, որ հաճախ ոչ միայն քաղաքակիրթ աշխարհում, այլև մասնագիտական շրջանակում խուսափում են քննարկել նման խնդիրները, սակայն առողջությանը վերաբերող յուրաքանչյուր հիմնախնդիր վերլուծելու դեպքում է միայն հնարավոր կանխարգելել բարդություններն ու գտնել լուծման ուղիները: Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր ընտանիքի առողջապահության նախարարը կինն է և հենց կնոջ ձեռքերում է ընտանիքն առողջ պահելու կարևոր գործառույթը:
Ընտանեկան բժշկությունը Հայաստանում ներդրվեց 1999-ին` առաջնային բժշկական սպասարկման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված պետական ռազմավարության շրջանակում: Դեռ 1997թ.-ին նախադիպլոմային և հետդիպլոմային կրթական ծրագրերում «Ընտանեկան բժշկություն» առարկայի ստեղծման նպատակով ԵՊԲՀ կազմում հիմնադրվեց ընտանեկան բժշկության ամբիոնը: 1999թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հաստատվեցին ընտանեկան բժշկության մասնագիտությունը, և մասնագիտության ձեռքբերմանն ուղղված կլինիկական օրդինատուրայի ծրագիրը: Նույն թվականին ԵՊԲՀ ամբիոնն ընդունեց ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ առաջին կլինիկական օրդինատորներին:
Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն ընդգծեց, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը կայացել է հատկապես մարզերում: Նա մեծապես կարևորեց առողջ մարդու, ինչպես նաև առողջությանն ուղղված գիտական ու կրթական ծրագրերի իրականացման գաղափարը:
«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանն էլ ընդգծեց, որ 20 տարում գրանցած հաջողություններից է առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների հետ ամուր կապի ձևավորումը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման խթանումը:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, ինչպես նաև ճանաչված դասախոսներ և բժիշկներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից: Ընտանեկան բժշկության 5-րդ գիտաժողովի առանցքային թեմաներն են՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, սիրտ-անոթային համակարգի հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների ամենօրյա աշխատանքում հաճախադեպ այլ խնդիրներ: Հատկապես կարևորվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները: Երկօրյա միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցներին կհանձնվեն համապատասխան վկայագրեր: