Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զուրաբ Վադաչկորիան` ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

Զուրաբ Վադաչկորիան` ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր  Զուրաբ  Վադաչկորիային բժշկական համալսարանի Գիտական խորհրդի` դեկտեմբերի 15-ի նիստում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: 

Նոմինացիոն կոմիտեի որոշումը ներկայացրեց Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Շեկոյանը` նշելով, որ   կոմիտեի անդամների` ԵՊԲՀ ռեկտորի միջնորդությանը միաձայն հավանություն տալու հիմքում Հայաստանի և Վրաստանի միջև բժշկագիտության բնագավառում երկարատև և բեղմնավոր համագործակցությունն է:

Զուրաբ  Վադաչկորիան իր և պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ղեկավարությանը ջերմ ընդունելության համար:

«Ինձ համար մեծ պատիվ է կրել այս կոչումը: Սրտանց գնահատում եմ, և սա ոչ միայն ինձ, այլև ամբողջ համալսարանին ձեր տված գնահատականն է»,-ասաց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը` հավելելով, որ հայ-վրացական բարեկամությունն ունի դարավոր պատմություն:

Նրան առաջինը շնորհավորեցին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը և ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Պրոֆեսոր Վադաչկորիան ևս մեկ անգամ ընդգծեց, որ, իրենց գնահատմամբ, Երևանի պետական բժշկական համալսարանն ունի բոլոր հնարավորությունները և մեծ ցանկություն՝ առաջ ընթանալու և նոր հաջողություններ գրանցելու:

Նա պատվիրակության և իր ղեկավարած համալսարանի անունից բուհին փոխանցեց հուշանվեր` ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքի հետաքրքիր ապակյա պատկերով:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ վրաց գործընկերների այցի նպատակը մասնավորապես միջազգային հավատարմագրման գործընթացում բժշկական բուհին իրենց փորձը ներկայացնելն է: Նա հույս հայտնեց, որ, հաշվի առնելով պրոֆեսոր Վադաչկորիայի բարձր հեղինակությունը և կառավարման հմտությունները, համագործակցությունը կընդլայնվի և կխորացվի:

Վրաստանից ժամանած պատվիրակության անդամներն օրվա երկրորդ կեսին շրջայց կատարեցին ԵՊԲՀ մի քանի ստորաբաժանումներում ևս:

Համալսարանականների ուղեկցությամբ՝ նրանք այցելեցին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարան, Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն, ԵՊԲՀ թանգարան, ուր ծանոթացան Հայաստանի բժշկության պատմությանը, անվանի բժիշկ-գիտնականների անցած ուղուն և բժշկագիտության զարգացման գործում ունեցած ներդրմանը: Շրջայցը եզրափակվեց Զինվորի տանը և «Հերացի» հիվանդանոցային համալիրում: