«Սթրեսոլոգիա» խորագրով գիտաժողովը, որն այսօր մեկնարկեց բժշկական մայր բուհի նիստերի դահլիճում, նվիրված է մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։
Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը:
Հոբելյարի ողջ գիտական, մանկավարժական գործունեությունն ուղղված է եղել սթրեսաբանության գծով կլինիկական օրդինատորների վերապատրաստմանը:
Ադել Թադևոսյանն ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։
«Ադել Թադևոսյանին այսօր ողջունում եմ առաջին հերթին որպես բժշկական բուհի շրջանավարտի, որը մասնագիտական գործունեության վեց տասնամյակը նվիրել է բնակչության, պացիենտների առողջացմանը: Կարծում եմ, որ համալսարանը հարուստ է շրջանավարտներով: Ապագա բժիշկները, որոնք կրթություն են ստանում այսօր, պետք է գիտակցեն, որ բժշկական կադրերի դարբնոցն ունի հարուստ պատմություն և արժանի շրջանավարտներ»,-ողջունելով մասնակիցներին ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` մաղթելով ստեղծագործական նոր ծրագրերի իրականացում, անսպառ եռանդ:
Ցուցադրվեց Ադել Թադևոսյանի երկարամյա գործունեության մասին պատմող ֆիլմ:
«Մեր հայկական ավանդույթի համաձայն՝ ֆիլմի դիտումից, ինձ ներկայացնելուց հետո ես նույնպես պետք է խոսք ասեմ: Որպես կանոն նման դեպքերում հույս եմ դնում, այսպես ասած, «անգիտակցությանը»»,- ժպիտով նշեց Ադել Թադևոսյանը:
Նրա գնահատմամբ` մեր բուհի սիրտը երիտասարդ և հեռանկարային ուսանողներն են, կլինիկական օրդինատորները, իսկ ուղեղը «Ալմա մատեր»-ի պրոֆեսորադասախոսական կազմն է:
Բժշկական բուհի մեկդարյա հոբելյանի շրջանակում անցկացվող միջոցառման ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ արդի և հետաքրքիր թեմաներ՝ օգտակար բոլոր մասնագիտությունների բժիշկների, հատկապես հոգեբույժների, հոգեբանների, հոգեթերապևտների, սեքսապաթոլոգների, ուրոլոգների, նյարդաբանների, ընտանեկան բժիշկների, ինչպես նաև ուսանողների, օրդինատորների, մարդկանց լայն շրջանակի համար, որոնք հետաքրքրված են սեփական հոգեկան առողջությամբ, սթրեսային իրավիճակներով, իրենց անհատական հարմարվողական հնարավորություններով և բոլորի մոտ հանդիպող խնդրահարույց իրավիճակներից դուրս գալու ուղիներով:
Համաժողովը մեկնարկեց Ադել Թադևոսյանի «Հոգեբուժությունը հազարամյակի եզրին» թեմայով զեկույցով: Նա հանգամանալից խոսեց և անդրադարձավ մասնագիտական արդի հարցերի, տվեց պարզաբանումներ:
Ելույթի եզրափակիչ մասում առանցքային էր այն, որ նրա բնորոշմամբ` դժվարություններ հաղթահարելով մարդն ունի նաև վերածնվելու հնարավորություն, քանի դեռ նա չի հանձնվում՝ ուժեղ է ճակատագրից:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բժիշկ-մասնագետներին ներկայացրեց «Արդյո՞ք պետք է ինձ սթրեսը» զեկույցը:
«Մեր առաջին հանդիպումը հիշեցի այսօր, որի ընթացքում տարբեր ծրագրեր քննարկելիս հնչեց հետևյալ միտքը՝ Если знаешь зачем выдержишь любое как, սա հրաշալիորեն պարզաբանում է այն գաղափարը, թե արդյոք մեզ պետք է սթրեսը»,- նկատեց պրոֆեսոր Մուրադյանը մատնանշելով կանանց և տղամարդկանց սթրեսի հաղթահարման առանձնահատկությունները, ներկայացրեց առողջապահական ցուցանիշներ:
Ռեկտորը կարևորեց տղամարդկանց առողջության պահպանման գործում կանխարգելիչ ծրագրերի ներդրումը:
Հաջորդիվ, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ քաղաքի կանաչապատմանը՝ կարևորելով կանաչապատման դերը բնակչության առողջության պահպանման համար:
Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը խոսեց «Տղամարդը սթրեսի մեջ. անդրոլոգիական պատկերը» թեմայի մասին:
«44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների մոտ հետվնասվածքային սթրեսային հակազդումների հաղթահարման որոշ հոգեբանական հարցեր» թեմայով զեկույցով հանդես եկավ Արցախի պետական համալսարանի հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանը:
Մեկ այլ կարևոր թեմայի անդրադարձավ ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը՝ խոսելով ինտեգրալային հոգեթերապիայի մասին ընդհանուր բժշկության պրակտիկայում:
«Ինչ կապ կա սթրեսի և տեսողության միջև» զեկույցով հանդես եկավ ակնաբույժ-ռետինիստ, «Ռետինա» կլինիկայի ղեկավար, Ռ. Գրիգորյանը:
Թերապևտ, սրտաբան, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը մանրամասնեց թերապևտի պրակտիկայում տագնապային խանգարումների և օրգանային նևրոզների մասին:
Պրոֆեսոր, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանության ծառայության ղեկավար Հովհաննես Մանվելյանը խոսեց «Չափավոր կոգնիտիվ դեֆիցիտ» թեմայի մասին:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Covid 19-ի թողած հետևանքներին, որոնք մասնագետների ուշադրության կենտրոնում են ամբողջ աշխարհում:
ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Թաթարյանը ներկայացրեց «Covid 19-ի, ռազմական սթրեսի և Հայաստանի բնակչության շրջանում սոմատիզացված հոգեկան խանգարումների թեման»:
Անդրադարձ կատարվեց նաև շաքարային դիաբետին, հետտրավմային աճին, սթրեսոգեն սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներին: ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ Ելենա Աղաջանովան խոսեց երկարատև Covid 19-ի և շաքարային դիաբետի մասին:
«Հոգեբանական տրավմա, տոկոնություն և հետտրավմային աճ» զեկույցը ներկայացրեց դոցենտ, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը, իսկ դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը անդրադարձավ սթրեսոգեն սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումներին:
Դոցենտ Շահրամանյանին Ադել Թադևոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց գիտաժողովի աշխատանքների կազմակերպման և համակարգման համար:
Գիտաժողովի երկրորդ օրը ևս հագեցած է: «Սթրեսոլոգիա. կլինիկական դեպքեր». գիտագործնական միջազգային սեմինարը նվիրված է լինելու բժշկական պրակտիկայում հանդիպող կլինիկական դեպքերի քննարկմանը, վերլուծմանը: Տարբեր ոլորտի նեղ մասնագետներին միավորող միջոցառումը աշխատանքները կամփոփի Ադել Թադևոսյանի, Արմեն Մուրադյանի և Վրեժ Շահրամանյանի համահեղինակությամբ գրքի շնորհանդեսով: