Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Գիտելիք և տրամաբանություն» բանաձևը սահմանամերձ բնակավայրում աշխատող բժշկին պետք է գալիս ամեն օր

«Գիտելիք և տրամաբանություն» բանաձևը սահմանամերձ բնակավայրում աշխատող բժշկին պետք է գալիս ամեն օր

ԵՊԲՀ շրջանավարտներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են Հայաստանի տարբեր անկյուններում` բարձր պատվով կատարելով հերացիականի կարևոր առաքելությունը:   

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժիշկ Քրիստինե Մելքոնյանը ևս սպիտակ բանակի մարտիկներից է, որն իր մասնագիտական գիտելիքներով ոչ միայն Վարդենիսի, այլև սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին է: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է ավարտել 2007 թվականին:

 «Երկու տարի անց ավարտել եմ կլինիկական օրդինատուրան էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ: Քանի որ գիտեի` վերադառնալու էի Վարդենիս, հետաքրքրվեցինք, թե ինչ մասնագետի պահանջարկ կա այստեղ, որպեսզի ավելի օգտակար լինեմ բնակչությանը: Բավական երկար ժամանակ, տասնյակ տարիներ այստեղ չկար էնդոկրինոլոգ, ուստի կանգ առա հենց այս նեղ մասնագիտության վրա: Ավարտելուց անմիջապես հետո Վարդենիսում անցել եմ աշխատանքի: Կարծում եմ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս»,-նշում է նա:

Քրիստինե Մելքոնյանի խոսքով` հաշվի առնելով թե՜ մասնագետների, թե´ տեխնոլոգիաների բացակայությունը կամ սղությունը, աշխատանքն այստեղ ավելի դժվար է դառնում.

«Բնակիչների առողջական շատ խնդիրներ լուծվում են` հիմնվելով միայն մեր գիտելիքների և տրամաբանության վրա: Բուժառուների մեծ մասը բազմաթիվ խնդիրներից ելնելով հաճախ չի կարողանում հասնել Երևան, ուստի խնդրի լուծման պատասխանատվությունն ընկնում  է մասնագետի ուսերին»:

Անդրադառնալով պացիենտ-բժիշկ հարաբերություններին, նա ընդգծում է, որ դա իր համար ամենակարևորն է:

«Կարևոր է, որ պացիենտը վստահի քեզ, հավատա, որ իրոք հոգ ես տանելու իր մասին, տեսնի, որ իսկապես մտածում ես իր առողջության մասին: Եթե հավատաց` ուրեմն կբուժվի: Վստահ եմ` դեղերից բացի բուժման համար շատ կարևոր է նաև բժիշկ-պացիենտ ճիշտ հարաբերությունների ստեղծումը: Յուրաքանչյուր պացիենտի` կապ չունի բարեկամ է, ծանոթ, թե անծանոթ, բանվոր է, հողագործ, թե ինչ-որ կառույցի տնօրեն, եթե սկսում ես բուժումը, ապա ամենայն լրջությամբ պետք է մոտենաս նրա խնդիրներին և հոգատարությամբ հասցնես լուծմանը»,-հավելում է նա:

Քրիստինե Մելքոնյանի համար բժշկի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդուն հասկանալ կարողանալն է և իր աշխատանքը սիրելը.

«Սիրում եմ իմ աշխատանքը, երբեք չեմ վիճում հիվանդի հետ: Եթե հիվանդն արդեն եկել է, ուրեմն արդեն լարված է, կարող է լինել ագրեսիվ, կարող է մի փոքր ճիշտ չհասկանալ քեզ, կարող է ճիշտ չարտահայտվել»:

ԵՊԲՀ շրջանավարտն իր մարզում նաև թերապևտի պարտականություններ է կատարում:

 «Երբ մարզում ես աշխատում` չես կարող միայն քո նեղ մասնագիտությամբ աշխատել: Այդ առումով դժվարանում է մեր աշխատանքը, բայց և ավելի հագեցած դառնում»,-նշում է բժիշկը:

Էնդոկրինոլոգն աշխատանքային լարվածությունն ու հոգնածությունը փորձում է տուն չտանել` լավ տրամադրություն պահպանելու համար:

Բժշկի ուղին ընտրել ցանկացողներին մասնագետը խորհուրդ է տալիս սկսել աշխատել հեռավոր գյուղերում:

«Քանի որ այնտեղ իսկապես կայանում ես և կոփվում, քաղաքում աշխատելն արդեն հեշտ է դառնում: Կարևոր է նաև ընտրել ճիշտ ուսուցչի, ավագ գործընկերոջ, որից օրինակ են վերցնելու, որը քեզ կառաջնորդի: Այդ առումով ԵՊԲՀ-ն առանձնանում է իր մասնագետներով, որոնցից վերցնում ենք ամենակարևոր հմտությունները, որոնք հետագայում կիրառում ենք մասնագիտական գործունեության մեջ»,-ընդգծում է բուժաշխատողը` հավելելով, որ յուրաքանչյուր ոլորտի զարգացում կախված է ցանկությունից, կամքից և համառ աշխատանքից: