Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գրական երեկո ԵՊԲՀ-ում

Գրական երեկո ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ կարմիր դահլիճում անցկացվեց գրական երեկո՝ նվիրված հայ մշակույթի գործիչների բազմաժանր ստեղծագործություններին։

Բուհի Օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառումը կրում էր «Հայ գրականությունը՝ ռուս գրողների թարգմանություններում» խորագիրը։

Երեկոն անցավ ջերմ մթնոլորոտում՝ անտարբեր չթողնելով ներկաներին:

Ստեղծագործությունները կատարում էին ապագա բժիշկները, շրջանավարտները, ինչպես նաև Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, ռուսաց լեզվի մասնագետ Սվետլանա Նալբանդյանը։

Հայ գրականությունը, որի ակունքները ձգվում են դարերի խորքից, առանձնահատուկ տեղ է գրավում համաշխարհային գրականության պատմության մեջ։ Բազմաթիվ գրողներ, բանաստեղծներ, համաշխարհային մակարդակի գիտնականներ օտար լեզուներով թարգմանությունների (ռուսերեն, գերմաներեն, անգլերեն) միջոցով իրենց հիացմունքն են արտահայտել հայ պոեզիայի հանդեպ։

«Ռուս գրող, դրամատուրգ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի խոսքով՝ չափազանց պատասխանատու է ռուս գրողի դերը, որը եկել է հայ հասարակություն՝ խոսելու հայ պոեզիայի մասին։ Հայաստանը, ըստ նրա, ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է․ այն արժանի է ուշադրության նույն չափով, որքան մարդկության մշակույթի մեջ ներդրում ունեցած ամենանշանավոր ժողովուրդների պատմությունը։ Բրյուսովը կարծում էր, որ վերջին հազարամյակի յուրաքանչյուր դարն, առանց բացառության, առանձնացել է հայ պոեզիայի արժանի ներկայացուցիչներով», – նշվեց երեկոյի ընթացքում։

Միջոցառումը նշանավորվեց հայ բազմադարյա մշակույթի անվանի գործիչներ Կոմիտասի, Ֆրիկի, Ռաֆայել Պատկանյանի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի, Նահապետ Քուչակի, Պարույր Սևակի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների, հայկական ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով, ինչպես նաև ռուս հեղինակների՝ հայ պոեզիային նվիրված խոսքերով ու թարգմանություններով։