«Հաղորդակցման հմտությունները՝ բժշկությունում». այս ուսումնական տարվանից մեկնարկեց Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) կողմից ամրագրված պահանջով ստեղծված նոր Մասնագիտական կոմպետենցիաների և առողջապահական մենեջմենթի հմտությունների կրթական խմբի` ամբիոնի աշխատանքը:
ԵՊԲՀ «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվել է վերոնշյալ ֆեդերացիայի կողմից ամրագրված պահանջներին, և այսօր մեկնարկող կրթական շարունակական նախաձեռնությունը միջազգայնացման փուլային գործընթացի հերթական բաղկացուցիչն է:
«Կառուցելով կամուրջներ առավել որակյալ առողջապահության համար» խորագրով դասախոսությունն առաջինն էր, որ ներկայացվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի հայ և օտարերկրացի ապագա բժիշկներին:
Դասախոսը նորաստեղծ համալսարանական այս ստորաբաժանման ղեկավար Խաչատուր Մարգարյանն էր: Համալսարանականը լսարանի հետ երկխոսությունը սկսեց հաղորդակցման մասին ուսանողներին ուղղված հարցերով:
«Հաղորդակցման հմտությունները ձեզ պետք կգան ոչ միայն պացիենտների, այլև գործընկերների հետ ամենօրյա շփումներում, ինչը պակաս կարևոր չէ», – ընդգծեց նա:
Այսպիսով, մեկ ուսումնական տարի՝ հինգ դասախոսությամբ ու ամփոփիչ քննությամբ, երկրորդ կուրսեցիները կսերտեն ճիշտ և գրագետ հաղորդակցվելու հմտությունները:
«Երբ դուք հայտնվում եք հիվանդասենյակում, հիվանդանոցում, կլինիկական միջավայրում և կրում եք բժշկական բուհի տարբերանշանով խալաթը, ապա պացիենտի համար կարևոր չէ՝ դեռ ուսանող եք, թե բժիշկ, նա ձեզնից սպասելու է, որ դուք տիրապետեք այն գիտելիքին, որն ընդունված է հաղորդակցման հմտությունների կրթական աշխարհում», – նշեց Մարգարյանը, ով նաև Կարիերայի կենտրոնի ղեկավարն է և Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալը:
Ճկուն հմտություններից մինչև միջանձնային ու մշակութային, կոմպետենցիա, պրոֆեսիոնալիզմ, քննադատական մտածողություն, սթրեսի կառավարում. առաջին դասախոսության քննարկման նյութն էին:
Անդրադարձ կատարվեց նաև հաղորդակցման պատմական ակունքներին, որոնք տանում են դեպի Հին Հունաստան, Հնդկաստան և Չինաստան: 20-րդ դարի սկիզբն ու վերջը նույնպես հաղորդակցման տեսակետից հսկայական առաջխաղացում ապահովեցին, որը ներդրվեց բժշկության ոլորտում:
Նոր նախաձեռնության մասին ուսանողների հարցադրումները հաջորդում էին մեկը մյուսին․ դրանք պարունակում էին ինչպես էթիկական, այնպես էլ բարոյահոգեբանական ուղղվածություն:
Առաջիկայում ամբիոնի կողմից ուսանողներին ներկայացվելու է ևս 4 դասախոսություն` երկու բժշկի և երկու ոչ բժիշկ մասնագետի կողմից, որոնք կվերաբերեն արդյունավետ հաղորդակցության հաստատմանը բժշկությունում, բնակչության հետ հաղորդակցմանը, արդյունավետ միջմասնագիտական հարցերին և, ամենակարևորը, բժշկի և պացիենտի միջև հաղորդակցման հմտություններին: