Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հակամանրէային կայունության իրազեկման համաշխարհային շաբաթ. «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին»

Հակամանրէային կայունության իրազեկման համաշխարհային շաբաթ. «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին»

Ներկայումս համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը:

Վարակիչ հիվանդությունները դադարում են արձագանքել ստանդարտ սխեմաներով բուժմանը դեղակայունության պատճառով, արդյունքում երկարում է հիվանդության ընթացքը, դեղաբուժությունը դառնում է անարդյունավետ և մեծանում է անբարեհաջող ելքերի և բարդությունների թիվը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ  հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը մարդկության առջև ծառացած հանրային առողջության 10 հիմնական գլոբալ սպառնալիքներից մեկն է:

ԱՀԿ տվյալներով` միայն 2019թ.-ին գրեթե 5 միլիոն մահ կապված է եղել հակամանրէային կայունության հետ, այդ թվում` 1.27 միլիոն մահ ուղղակիորեն պայմանավորված է եղել դրանով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 18-ից 24-ը հայտարարվում է հակամանրէային իրազեկման շաբաթ, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը մանրէային վարակների և նրանցից բխող խնդիրների վերաբերյալ:

Այս տարվա արշավի կարգախոսն է «Կանխարգելենք հակամանրէային կայունությունը միասին»` կոչ անելով տարբեր ոլորտներին  համագործակցելու միմյանց հետ, քանզի հակամանրէային կայունությունը լուրջ գլոբալ սպառնալիք է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների, բույսերի, սննդի և շրջակա միջավայրի համար:

Առանց արդյունավետ հակավարակային դեղամիջոցների ժամանակակից բժշկության՝ հաջողությունը վարակների բուժման գործում՝ ներառյալ բարդ վիրաբուժական միջամտությունները և քաղցկեղի բուժման ընթացքում քիմիաթերապիայի կիրառումը, մեծ ռիսկի տակ են:

Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը ոչ միայն առողջապահության, այլև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության և անասնաբուժության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման և որոշ դեպքերում աճը խթանելու նպատակներով: Հետևաբար անհրաժեշտ է ստեղծել հակամանրէային դեղերի կիրառման, ինչպես նաև հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության (սննդամթերքում, ինչպես նաև մարդկանց և կենդանիների շրջանում) ինտեգրված համակարգեր:

Հանրային առողջությանը սպառնացող հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ուժգնացող վտանգը պայմանավորված է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ պատշաճ օգտագործմամբ:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացմանը և տարածմանը նպաստող գործոններից են հակամանրէային դեղերի ցածր որակը, դրանց չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային` սխալ դեղաչափերով նշանակումը և կիրառումը, ինչպես նաև ցածր իրազեկվածության պայմաններում բնակչության ինքնաբուժումը և բուժման ռեժիմի խախտումը:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման  պատճառներից է հանրության շրջանում հակամանրէային կայունության խնդրի մասին տեղեկատվության ընդհանուր ցածր մակարդակը:

Մեկ այլ պատճառ է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակամանրէային դեղերի նշանակման և պատշաճ օգտագործման կանոնակարգերի բացակայությունը: Կարևոր պատճառներից է նաև դեղատներում դեռևս առկա  հակամանրէային դեղերի առանց դեղատոմսի բաց թողնելու պրակտիկան, որը և բերում է դեղերի անկառավարելի կիրառման և ինքնաբուժման աճի, որին նպաստում է նաև դեղատների թույլ վերահսկողությունը կամ դրա իսպառ բացակայությունը:

 Ստեղծված իրավիճակը նպաստում է նաև առողջապահական ծախսերի չնախատեսված մեծացմանը, քանի որ անհրաժեշտություն է առաջանում կիրառել թանկարժեք հակամանրէային դեղեր, պահանջվում է ավելի երկարատև բուժում` մեծամասամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ինչն էլ պայմանավորում է ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ ողջ հասարակության առողջապահական ծախսերի բեռի ծանրացումը:

Համաշխարհային բանկի հաշվարկների համաձայն, եթե ժամանակին  համակարգված պայքար չիրականացվի հակամանրէային կայունության զարգացման դեմ, նույնիսկ լավատեսական սցենարների դեպքում, համաշխարհային տնտեսական կորուստները 2030 թվականից հետո լավագույն դեպքում կգերազանցեն տարեկան 1 տրիլիոն դոլարը և մինչև 2050 թվականը կհասնեն տարեկան 2 տրիլիոն դոլարի, իսկ վատագույն դեպքում` կորուստների բացարձակ մակարդակը երեք անգամ ավելի բարձր կլինի՝ մինչև 2030 թվականը` հասնելով տարեկան 3,4 տրիլիոն դոլարի և մինչև 2050 թվականը շարունակելով աճել մինչև 6,1 տրիլիոն դոլար:

2050 թվականին առողջապահական լրացուցիչ ծախսերը կկազմեն տարեկան 1.2 տրիլիոն դոլար՝ լավագույն  սցենարով, իսկ վատագույն սցենարով` 2050 թվականին` տարեկան 0.33 տրիլիոն դոլար:

Հիշեցնում ենք, որ ՀՀ կառավարության 2019թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 1080-Ն որոշման համաձայն` հակավարակային (հակաբիոտիկային, հակասնկային և այլն) դեղերի դուրս գրումը շարունակում է լինել դեղատոմսով: