Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական երեք հիվանդանոցի գլխավոր բուժքույրերը

Համալսարանական երեք հիվանդանոցի գլխավոր բուժքույրերը

Քույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն:

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են բուժքույրերի միջազգային օրը: Այսօր ևս մեկ առիթ է շնորհավորել և շնորհակալական խոսքեր ուղղել ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին:

Հատկապես վերջին տարիներին համավարակի դեմ պայքարն առանց բուժքույրերի հոգատար ու նվիրված աշխատանքի անհնար է պատկերացնել:

Ամենօրյա աշխատանքի շնորհիվ բուժքույրերը նպաստում են տասնյակ պացիենտների ապաքինմանը: 

Բուժքույրերը ներկայումս առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Անահիտ Օհանյանը  «Էրեբունի» պետական բժշկական քոլեջն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»-ում, տասը տարի աշխատելուց հետո մասնագիտական գործունեությունը շարունակել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

«Համատեղությամբ նաև բժշկական համալսարանի նախկին Հոսպիտալ թերապիայի ամբիոնում էի աշխատում, ներգրաված էի հետազոտական աշխատանքներում, մասնավորապես երևանյան հիվանդության ուսումնասիրման մեջ»,- հիշելով գործունեության մեկնարկի տարիները պատմում է տիկին Անահիտը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատանքից հետո նա երեք տարով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու աշխատանքի առաջարկ է ստանում:

Այնտեղ կրկին երկարաձգվել է պայմանագիրը: Աշխատել է լայն ճանաչում ունեցող անգլիական, եվրոպական հիվանդանոցներից մեկին քիմիոթերապիայի բաժնում` ձեռք բերելով մեծ փորձ ու հմտություններ:

Վերադարձից հետո, վերջին 11  տարում նրա հիմնական աշխատատեղը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրն է: 

«Մինչև բժշկական կրթական հաստատություն ընդունվելը չէի պատկերացնի, որ կնվիրվեմ այդ գործին: Ջութակի էի գնում և պատրաստվում էի մասնագիտանալ երաժշտական ուղղությամբ, սակայն առողջական խնդիր ունեցա, մատս վնասվել էր և մորս օրինակով ընտրեցի բուժքույրական գործը»,- ասում է Անահիտ Օհանյանը:

Նրա մայրը  Մարուսյա Ավետիսյանը ևս ողջ կյանքը նվիրել էր այս քույրական գործ մասնագիտությանը:

Նախքան «Մուրացան»-ում աշխատելը տիկին Անահիտը աշխատել է մեծահասակների հետ, սակայն ինչպես փոքրերի դեպքում, այնպես էլ մեծերի քույրական գործի բազային կրթությունը,  հիմքը նույնն է:

Աշխատանքի անցնելով համալսարանական բժշկական կազմակերպությունում նրան հաջողվում է  մանկական պրոֆիլով աշխատող բուժքույրերով մեծ թիմ կազմել և առաջնորդել  իր ենթականերին:

Նրանց, որոնք պատրաստվում են ընտրել այս մասնագիտությունը խորհուրդ է տալիս զինվել համբերությամբ և համարձակությամբ:

Փոքրերի հետ աշխատելը, փորձառու բուժքրոջ գնահատմամբ, շատ հետաքրքիր է, պետք է կարողանալ հասկանալ նրանց լեզուն, անգամ ամենափոքրերի, որոնք չեն կարող փոխանցել անհանգստությունները:

Առաջին հարցը, որ տալիս է աշխատանքի ընդունվել ցանկացողներին այն է, թե ինչու են ուզում աշխատել, պատասխանից շատ բան է կախված:

«Շեշտը դրված է  նրա վրա, թե ինչ են պատասխանում: Եթե ասում են, որ ցանկանում են բուժքույր դառնալ, նշանակում է որ պատրաստ ենք այդ ծառայությանը, առաքելությանը»,- ընդգծում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույրը` հավելելով, որ նորավարտներին ավելի հեշտ է սովորեցնել և ուսուցանել, քան արդեն որոշակի փորձ ունեցող միջին մասնագիտական կրթություն ունեցողներին:

 

Պատմական ակնարկ

Պատահական չէ, որ մասնագիտական տոնը նշում են հենց այս օրը: Մայիսի 12-ը հայտնի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրն է:

Ղրիմյան պատերազմի ընթացքում հենց նա է կազմակերպել գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը: 1854թ.-ին Նայթինգեյլը մեկնեց Թուրքիա, իսկ այնուհետև Ղրիմ` այցելելու հիվանդանոցները:

Նրան ուղեկցում էր նաև 38 օգնական, որոնց թվում էին գթության քույրեր և միանձնուհիներ: Հատուկ հետևողականությամբ Ֆլորենսն սկսեց խնամել պատերազմի դաշտում վիրավորվածներին:

Լազարեթում նրա գործողությունների շնորհիվ զգալիորեն նվազել էր մահացությունների թիվը:

Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույր Գեղանուշ Ստեփանյանը նաև  ԵՊԲՀ սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի լաբորատն է: Նա սկզբում մտածել է բժիշկ դառնալու մասին, սակայն հետո ընդունվել բժշկական քոլեջ՝ ընտրելով բուժակի մասնագիտությունը:

«Բուժքրոջ մասնագիտությունը շատ կարևոր մասնագիտություն է, դրական բազմաթիվ հատկանիշներ ունի. հոգատարություն, գթասրտություն, ջերմություն, մարդասիրություն, ամբողջ օրը աշխատում ես հիվանդի հետ, դառնում նրան հարազատ: Բուժքույրերը մեծ պատասխանատվությամբ պայքարում են մարդու ամենաթանկ հարստության՝ առողջության համար: Երբեք չեմ փոշմանել այս մասնագիտությունն ընտրելու համար, եթե ժամանակը հետ տայի կրկին իմ մասնագիտությունը կընտրեի: 1994 թվականից առ այսօր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բուժքույրն եմ, մինչ այդ աշխատել եմ տարբեր հիվանդանոցներում՝ նորածնային պաթալոգիայում, հետո վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում որպես ավագ բուժքույր: 2004 թվականից առ այսօր Հայաստանի բուժքույրերի ասոցիացիայի նախագահն եմ: Մենք բավականին մեծ աշխատանքներ ենք կատարում հանրապետությունում: Բոլոր մարզերում ունենք մասնաճյուղեր, 2010թ. նաև Արցախում ենք ստեղծել Բուժքույրերի ասոցիացիա, որն այժմ գործում է»,-նշում է նա:

Ասոցիացիայի նախագահը շեշտում է, որ բազմաթիվ կոնֆերանսներ են կազմակերպվում, այդ թվում արտերկրի կոլեգաների հետ հեռահար կոնֆերանսներ. «Հանդիպումներ ենք ունենում տարբեր մարզերում, կազմակերպում քույրական գործի դասընթացներ: Ես բժշկական համալսարանում ևս դասավանդում եմ, քույրերի վերապատրաստման դասընթացներ եմ վարում, որն իր մեջ ներառում է անհետաձգելի բուժօգնություն, առաջին բուժօգնություն, վիրաբուժություն: Պետք է նշեմ, որ բոլորը շատ ակտիվ և ոգևորված մասնակցում են դասընթացներին: Զուգահեռաբար դասավանդում եմ նաև Հենակետային բժշկական քոլեջում, մեթոդական հարցերով ղեկավար եմ և ԵՊԲՀ քոլեջում»:

Գեղանուշ Ստեփանյանը կարևորում է բուժքույրեր դերը հատկապես վերջին տարիների՝ պատերազմի և կորոնավիրուսային համավարակի ժամանակ, երբ աշխատում էին ծառնաբեռնված, պայքարում երկու ճակատով: «Սակայն դա չխանգարեց մեզ, որպեսզի մենք մեր աշխատանքները պատվով կատարենք»:

Հերացիականը նշում է նաև, որ մշտապես հասանելի է բոլոր բուժքույրերի համար՝ հատկապես վերապատրաստման դասընթացների ՇՄԶ-ների հարցով. «Գիտակցում եմ, որ պետք է նրանց առաջնորդենք օգնենք, կարգավորենք քույրական գործը: Բայց, պետք է նշեմ, որ մեր աշխատանքին ուժ ու եռանդ են տալիս մեր ղեկավարները՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, բոլորից անչափ շնորհակալ եմ: Բուժքույրերը մշտապես նրանց ուշադրության կենտրոնում են»:

Գլխավոր բուժքույրը նշում է նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բոլոր ավագ քույրերը ԵՊԲՀ հանրային առողջ ֆակուլտետում ավելացնում են իրենց գիտելիքները՝ մենեջմենթի դասընթացներին ինտեգրվելով:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բուժքույր, Միավորված վիրահատական բլոկի ավագ բուժքույր Ամալյա Գրիգորյանը 1995 թվականից միչն օրս աշխատում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: 1995թ.-ից–2006թ.-ը աշխատել է որպես վիրաբուժական բաժանմունքի բուժքույր, իսկ 2006թ.-ից-2012թ.-ը որպես վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանի ավագ բուժքույր: 

2012թ.-ից մինչ օրս աշխատում է միավորված վիրահատական բլոկի ավագ բուժքույր և միաժամանակ «Հերացի» հիվանդանոցային համալիրի գլխավոր բուժքույրն է:  

Անգամ կարճ ժամանակ նրա աշխատանքին հետևելով անհնար է չնկատել բուժաշխատողի հաղորդակցման ճկուն հմտությունները, թե՛ բուժառուների, թե՛ բուժանձնակազմի հետ շփվելու, կազմակերպչական աշխատանք կատարելու կարողությունը:

«Առհասարակ բուքրոջ աշխատանքը ինձ համար մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք բուժքույրերս մարդու կյանքի հետ գործ ունենք։ Ինչ վերաբերվում է գլխավոր բուժքրոջ աշխատանքին պատասխանատվությունը ավելի է կրկնապատկվում»,- ընդգծում է Ամալյա Գրիգորյանը:

Նրա գնահատմամբ` բուժքույրը պետք է օժտված լինի մասնագիտական հմտություններով, մարդասիրությամբ, ներողամտությամբ, և ամենակարևորը լինի հոգեբան:

«Դա է իմ աշխատանքի հիմնական գրավականը»,- հավելում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բուժքույրը:

ԵՊԲՀ համալսարանական երեք հիվանդանոցում աշխատող քույրական գործի մասնագետների ամենամեծ ցանկությունն է աշխատել խաղաղ պայմաններում, զերծ մնալով համավարակներից, առողջապահական համակարգի առաջ ծառացող  այլ խնդիրներից, որոնց պատճառով գրանցվում են մարդկային կորուստներ: