Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում

Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում

Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը, որն ամփոփում էր համալսարանական հիվանդանոցների 2023թ գործունեության հաշվետվությունը՝ նշված ժամանակահատվածում համալսարանական կլինիկաների առջև դրված խնդիրների կատարողականը:

Ներկայումս ԵՊԲՀ-ի կազմում գործում են «Հերացի» թիվ 1, «Մուրացան» և «Միքայելյան» հիվանդանոցային համալիրները՝ բազմապրոֆիլ վիրաբուժական և թերապևտիկ ծառայություններով, 637 մահճակալների ընդհանուր թվով:

Համալսարանական հիվանդանոցների կազմում գործում են նաև երկու առողջության առաջնային պահպանման պոլիկլինիկաներ, որտեղ հավաքագրված բնակչության ընդհանուր թիվը 2023 թվականին կազմել է 39949 մարդ: Այն 1,5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշից:

Երեք հիվանդանոցի կազմում գործում են նաև հանրապետական նշանակության կենտրոններ՝ նորածնային վերակենդանացման, բժշկական գենետիկայի, մանկական էնդոկրինոլոգիայի, մանկական թունաբանության և մուկովիսցիդոզի:

Երեք համալսարանական հիվանդանոցներում ընդհանուր բուժաշխատողների թիվը 2023թ. կազմել է 1807:

Արմեն Մինասյանի զեկուցմամբ, ուսումնասիրելով վերջին տարիների համալսարանական հիվանդանոցների բուժական գործունեությունը, կարելի է արձանագրել, որ նախորդ տարվա համեմատ երեք հիվանդանոցում նկատվել է ստացիոնար հիվանդների ընդհանուր թվի 7,4% աճ:
Նախորդ տարի նորածնային վերակենդանացման կլինիկայի սանավիացիայի ծառայության կողմից ընդհանուր սպասարկված կանչերի թիվը չի փոխվել ` կազմելով 682 կանչ: 0,7 %-ով ավելացել են մարզեր սպասարկված կանչերը` կազմելով 534 կանչ:

Համալսարանական հիվանդանոցները հանդիսանում են համալսարանի կլինիկական ամբիոնների բազաներ և 2023 թվականի ընթացքում համալսարանական հիվանդանոցներում տեղակայված 40 ամբիոնում շուրջ 1848 ուսանող և 659 կլինիկական օրդինատոր է մուտք ունեցել ամենօրյա կտրվածքով:

Բացի դասավանդման պրոցեսներից, ներդրվել է նաև կամավորական աշխատանքների մոդելը, որի արդյունքում 2 տարվա ընթացքում կամավորական աշխատանքների է մասնակցել շուրջ 145 ուսանող: Կամավորական աշխատանքի թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր հիվանդանոցի պատասխանտուի և պրակտիկայի բաժնի պետի կողմից՝ մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Կամավորական աշխատանքի ավարտին տրվում է համապատասխան տեղեկանք, որը ներառվում է ուսանողի անձնական գործի մեջ: Ներկա պահին կամավորության ակտիվ կարգավիճակ ունեն նրանցից 82-ը:

2023 թ.-ից, ԵՊԲՀ ռեկտորի հանձնարարությամբ, համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հետ համատեղ մշակվել է ամառային պրակտիկայի անցկացման, ինչպես նաև գործնական հմտությունների դասավանդման նոր մոդել: Արդյունքում՝ 2023-2024 ուսումնական տարում համալսարանի Ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետների, ինչպես նաև ԵՊԲՀ քոլեջի համապատասխան մասնագիտությունների տեղացի և օտարերկրյա շուրջ 4536 ուսանող պրակտիկան անցել են բացառապես ԵՊԲՀ հիվանդանոցային համալիրներում: Բացի այդ, խրախուսման նպատակով, համալսարանի կողմից շուրջ 63 ուսանողի հնարավորություն է տրվել աշխատելու համալսարանական հիվանդանոցներում որպես սանիտար:

«Նշեմ, որ ուսանողները աշխատանքների մասնակցում են մեծ ոգևորությամբ և բարձր պատասխանատվությամբ: Այսպիսով՝ ուսանողների ներգրավումը համալսարանական կլինիկաների առօրյա կյանքին խիստ կարևոր է և մեր նպատակն է ավելի ընդլայնել ուսանողների ներգրավվածության շրջանակները»,- փաստեց պրոռեկտորը` անդրադառնալով նաև իրականացված այլ ծրագրերի:

Նախանշվել էր «Թվային համալսարան» նախագծի շրջանակում իրականացնել ամբողջությամբ «Թվայնացված կլինիկա» ծրագիրը, որի շնորհիվ պացիենտի վարման ամբողջ ընթացքը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով: Արդյունքում՝ էլեկտրոնային համալսարանի հիվանդանոցային և լաբորատոր ախտորոշիչ բաղադրիչները գտնվում են մրցութային փուլում, որի կայացումից հետո կսկսվի ծրագրի մեկնարկը «Հերացի» հիվանդանոցի ամբուլատոր, ռադիոլոգիայի, լաբորատորիայի և ստացիոնար ծառայություններում: Ծրագիրը նախատեսում է երկարատև և շարունակական գործընթաց: Նշված աշխատանքները կազմակերպվելու են փուլային տարբերակով, իսկ որոշ արդյունքներ տեսանելի կլինեն մինչև տարվա վերջ:

Նիստի հիմնական զեկուցողը շեշտադրեց ստոմատոլոգիայի բնագավառում մասշտաբային բարեփոխումների կատարումը, ինչպես նաև խոսեց երեք հիվանդանոցում նոր ծառայությունների ու բաժանմունքների ստեղծման և հզորացման մասին:

Այսպիսով` կլինիկական ուղղությամբ 2024-2026թթ. ծրագրված աշխատանքների թվում են մշակել համալսարանական հիվանդանոցների կառուցվածքային, կազմակերպչական բարեփոխումներ և աշխատավարձի վարձատրման նոր մեխանիզմներ, ինչը կնպաստի աշխատավարձի ընդհանուր ֆոնդի նվազեցմանը:

Պլանավորվում է համալսարանական հիվանդանոցներում ստեղծել գիտակլինիկական հետազոտական աշխատանքների միասնական հարթակ, որը կբերի նոր ֆինանսական հոսքերի: Շարունակել համալսարանական հիվանդանոցների թվայնացման գործընթացը: Ավարտել միասնական լաբորատորիայի գործարկումը և լաբորատոր ծառայությունների թվայնացումն ու միջազգային հավատարմագրումը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, լսելով զեկույցը, հետաքրքրվեց այն ցուցանիշով, թե կլինիկական օրդինատորների քանի տոկոսն է նախընտրում համալսարանական հիվանդանոցները։

Հնչեցին տեսակետներ, որոնց հիման վրա նա հանձնարարեց հետբուհական կրթության պատասխանատուներին համալսարանական հիվանդանոցները օրդինատորներին առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ կրթական ծրագրեր ներդնել, ինչը կնպաստի նաև հետագայում առավել արդյունավետ կադրային քաղաքականությանը։

Ռեկտորը համոզմունք հայտնեց, որ կլինիկական օրդինատորների համար համալսարանական առողջապահական հաստատությունները պետք է ամենագրավիչը լինեն, իրենց հերթին այստեղ որպես նեղ մասնագետ թրծվելը հնարավոր է նաև մրցութային ընթացակարգ ունենա։

Սովորեցնելու բաղադիչն այն հիմնականն է, որն ընկած է աշխարհում գործող այս հաստատությունների գործունեության առանցքում` զուգահեռ բուժական, առողջապահական աշխատանքներին։ Առաքելությունը` հիվանդանոցային այս կարգավիճակի համալիրների, պետք է լինի ծառայելը որպես գերազանցության` ռեֆերենս կենտրոններ։

Ամփոփելով` Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց պրոռեկտոր Մինասյանին հսկայական, վիթխարի աշխատանքի համար։

Կենսաքիմիայի ամբիոնը այն երկար տարիներ ղեկավարող անվանի պրոֆեսոր Միխային Աղաջանովի անվամբ անվանակոչելու հարցը զեկուցեց Նոմինացիոն կոմիտեի նախագահ Վլադիմիր Շեկոյանը:

Նա նշեց, որ առաջարկը անվանակոչման ԵՊԲՀ ռեկտորինն է, որը կատարվում է ի նշան երախտագիտության հայ անվանի կենսաքիմիկոսի գիտամանկավարժական բնագավառում կադրերի պատրաստման, բժշկագիտության զարգացման գործում անուրանալի ավանդի համար։

Բուհի ղեկավարի խոսքով` պրոֆոսոր Աղաջանովի անժամանակ մահը անկախ տարիքից մեծ կորուստ է և 67 տարի նրա աշխատանքային գործունեությունն այս կրթօջախում վկայությունն է նրա` մեկդարյա այս կրթօջախի հիմնասյուններից մեկը լինելու մասին։

«Վերադարձ» ծրագրի շրջանակում այս կերպ անվանինները վերադառնում են համալսարան և սա նրանց տասնամյակների աշխատանքի բարձր վկայությունն է։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը ներկայացրեց հաջորդ հարցը: Այն մայիսի 2-ին բուհում կայանալիք Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով մեր երկիր ժամանող Հոնկոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կլինիկական ակադեմիկոս, մանրէաբանության, հետազոտություն և կառավարման ոլորտի մասնագետ Լակշման Սամարանայակեին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի շնորհմանն էր վերաբերում:

Աշխարհահռչակ գիտնականի ներկայությունն այսօր չեղարկվել էր թռիչքի հետաձգման պատճառով, նրան հանդիսավորությամբ կշնորհվի դոկտորի կոչում կոնֆերանսի մեկնարկային օրը:

Նիստում նաև կանոնակարգերի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր զեկուցվեցին, ինչպես նաև Գիտական խորհուրդը դոցենտի գիտական կոչման շնորհման համար երաշխավորություն տվեց երկու դասախոսի: