Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական հիվանդանոցում կամավորական աշխատանքը ստիպում է ավելի շատ սիրել բժշկի մասնագիտությունը

Համալսարանական հիվանդանոցում կամավորական աշխատանքը ստիպում է ավելի շատ սիրել բժշկի մասնագիտությունը

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Նանե Քոչինյանն իր ազատ ժամանակը, այդ թվում՝ հանգստյան օրերն անցկացնում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում՝ կատարելով կամավորական աշխատանք:

Ինչպես նշում է Նանեն՝ հիմնականում լինում է հիվանդանոցի ընդունարանում, քանի որ ամենից շատ այստեղ է օգնության կարիք լինում՝ պայմանավորված դիմողների թվով: «Հիվանդանոց առաջին անգամ գնացել եմ դեկտեմբերի սկզբին: Սկզբում չէի մտածում, որ կշարունակեմ նույն ոգևորությամբ հաճախել: Սակայն օրեցօր ամեն մանրուք ավելի հետաքրքիր էր դառնում: Այնտեղ հնարավորություն ունեմ մասնակցել իմ կարողությունների սահմանում ցանկացած աշխատանքի. զարկերակային ճնշման չափում, երակային ներարկում, էլեկտրասրտագրություն և այլն»,-ասում է ապագա բժիշկն՝ ավելացնելով, որ երեք ամիսների ընթացքում սովորել է, թե ինչպես է պետք հաղորդակցվել հիվանդի հետ, և հասկացել, որ յուրաքանչյուր պացիենտ անհատական մոտեցում է պահանջում:

Նանեն նշում է, որ կցանկանար նաև մասնակցել հիվանդանոցում հերթապահելու աշխատանքին, ծանոթանալ՝ ինչպես է անցնում գիշերը հիվանդանոցում: Նանեի՝ հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելու ցանկությունը, որպես օրինակ մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև կուրսընկերների շրջանում, որոնք նույնպես ցանկություն են հայտնել գնալ և ծանոթանալ այն ամենին, ինչը սպասվում է նրանց ապագայում՝ բժշկի մասնագիտություն ստանալուց հետո:

Խոսելով մասնագիտության ընտրության մասին՝ ուսանողը պատմում է, որ բժիշկ դառնալու որոշումը կայացրել է փոքր տարիքում. ոգեշնչվելով մանկական ստոմատոլոգից՝ մտածում էր ատամնաբույժ դառնալու մասին: «Երբ եկավ մասնագիտության ընտրության պահը, որոշեցի ընդունվել ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ինձ գրավում էր դատաբժշկությունը, սակայն այժմ մտածում եմ գինեկոլոգիան՝ որպես մասնագիտացում ընտրելու մասին»,-ասում է նա՝ շեշտելով, որ եթե չընտրեր բժշկի մասնագիտությունը, ապա կդառնար իրավաբան: «Հայրս նույնպես իրավաբան է, և բազմիցս խորհուրդ է տվել ընտրել իր մասնագիտությունը: Սակայն ես իրականացրի մայրիկիս ցանկությունը: Ընտանիքում բժիշկներ չկան, սակայն երկու տատիկներս ավարտել են ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետը, և երկար տարիներ աշխատել՝ որպես դեղագործներ»,-հավելեց Նանեն:

Ապագա բժշկի խոսքով՝ իր մասին խոսելիս մայրը միշտ նշում էր, որ ինքը շատ հոգատար է և կարող է լավ բժիշկ դառնալ: «Հոգատարությունը բժշկի բնավարության անբաժանելի մասը պետք է լինի, ինչպես նաև կարևորում եմ հաստատակամությունը, կողմնորոշված լինելը՝ հստակ իմանալով անելիքները և պահելով մարդ տեսակը: Բժշկի ուղին անցնելիս մարդը կոփվում է, ինչը հաճախ կարող է առաջացնել սառնություն, կոպտություն: Պետք է պահել բարին ու ջերմը, որը բնորոշ է մարդուն՝ անկախ մասնագիտությունից: Հիվանդանոցում ներկա եմ եղել ամենաթեթևից մինչև ամենածանր դեպքերի, ընդհուպ՝ մահ: Տեսել եմ, երբ հիվանդին բերել են սրտի կանգով և ռեանիմատոլոգների ջանքերի շնորհիվ փրկվել են կյանքեր: Կյանքումս առաջին անգամ մարդու մահվան դեպքի էլ ականատես եմ եղել այստեղ, ինչը շատ ծանր էր ինձ համար»,-ասում է ուսանողը՝ ավելացնելով, որ այդպիսի դեպքերին ներկա գտնվելու արդյունքում հասկացել է, որ բժշկության մեջ որոշ բնագավառներ իր համար հասանելի չեն: Դրանք են՝ սրտաբանությունն ու ռեանիմատոլոգիան:

Նանեն նշում է, որ բուհում ստացած տեսական գիտելիքներն օգնում են իրեն հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելու ժամանակ:

Ինչպես բոլորը, ուսանողը նույնպես ունեցել է խոչընդոտներ՝ վերելքներ ու վայրէջքներ: «Դժվարություններ եղել են: Ինձ մի պահ նույնիսկ թվացել է, որ իմ առջև կփակվեն բոլոր դռները, սակայն ամեն ինչ սկսել եմ նորից: Հիվանդանոցում կամավորական աշխատանք կատարելը, ինձ ոչ միայն ստիպում է ավելի շատ սիրել բժշկի մասնագիտությունը, այլև հնարավորություն է տալիս կես քայլ առաջ լինել մյուս ուսանողներից, ովքեր դեռ առիթ չեն ունեցել ծանոթանալ հիվանդանոցի առօրյա աշխատանքներին»,-եզրափակում է ապագա բժիշկը:

Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը