Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները

Հանդիսավոր պայմաններում երդվել և դիպլոմներ են ստացել ԵՊԲՀ շրջանավարտները

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, որը նվիրված էր 2017 թվականի բուհի շրջանավարտների երդման արարողությանը:

Մեր երկրի համար պատմական նշանակություն ունեցող «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառմանը գիտխորհրդի անդամներից և հյուրերից բացի՝ մասնակցել են հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինծառայողները։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի բացման խոսքից և համալսարանի մասին պատմող ֆիլմի դիտումից հետո, շրջանավարտներն ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել դիպլոմները։

«Բժիշկները ավանդաբար երդում են տալիս և այս տարի այդ երդումը տալու են մի շենքի բակում, որը բժշկական կրթության, բժշկական պատմության ակունքներում է, դարբնոցն է բժշկական կադրերի ոչ միայն Հայաստանի, այլև շուրջ քառասուն երկրների համար», – գիտական խորհրդի հանդիսավոր նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ այս շենքում աշխատող բժիշկները մեր ժողովրդի բոլոր պատմական իրադարձություններին, փորձություններին մասնակից են դարձել:

«Այս տանիքի ներքո բուժում են ստացել Սարդարապատի հերոսներ, Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցները, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ, արցախյան ազատամարտի մեր հերոսները, և, իհարկե, շատ խորհրդանշական է, որ հենց այս շենքում բացվում է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն, ինչպես մենք ենք կոչում՝ վիրավոր զինվորի տուն»,- ընդգծեց ռեկտորը՝ հավելելով, որ ինչպես 1914 թվականին «Հերացի» համալսարանական հիվանդանոցը ստեղծվել է ժողովրդական միջոցների հավաքագրման արդյունքում, այնպես էլ այժմ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, հիանալի օրինակ է, երբ հասարակության, բժշկական հանրության, ուսանողության ուշադրության և պետության հովանու ներքո ստեղծում է մի կենտրոն, որը կոչված է իր պաշտպանների առողջությունը վերականգնելուն:

Ռեկտորը կոչ արեց շրջանավարտներին կյանքի այս նոր շրջափուլում լինել նախաձեռնող և պատասխաանտու, խիզախ լինել մոտեցումներում, բայց խոհեմ:

«Երկու սկզբունք կա, որը պետք է նրանց բժշկական գործունեության ողջ ընթացքում. աշխատանքը կատարելագործելու ցանկություն և անսահման սեր»,- ասաց նա։

Շրջանավարտներին իր շնորհավորական խոսքը հղեց նաև անվանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը: Ավելի քան կես դար է՝ նա ճերմակ խալաթ է կրում: Բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:

Անվանական կրթաթոշակ ստացող շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով ԵՊԲՀ 1971 թվականի շրջանավարտ է:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դիպլոմներ հանձնեց Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավատներին:

Բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ հանձնելու իրավունքը վերապահվել է նաև առաջնագծում հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած այդ զինվորներից Սարգիս Ստեփանյանին և Գոռ Դարմանյանին։ Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի քայլերթով։

Նախարարը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց մեծ հաջողություն մասնագիտական և անձնական կյանքում:

«Հասկանալի պատճառներով ուզում եմ հատուկ խոսքս ուղղել բժշկական համալսարանն ավարտող մեր կուրսանտներին և ոչ միայն այն պատճառով, որ նրանք, ի տարբերություն բոլորի, մի քանի օր անց բացի Հիպոկրատի երդումից տալու են նաև Հայոց բանակի սպայի երդում, այլ որովհետև իրենց ծառայությունը որոշ առումով տարբերվում է։ Նրանք ավելի մեծ պարտականություն ունեն։ Ի տարբերություն ձեզ, ովքեր աշխատելու են քաղաքացիական բուժհաստատություններում, իրենց դիմող մեր զինծառայողներն իրենց չեն ընտրելու, ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն առաջին իսկ օրվանից դառնալու են բժշկական օգնության կարիք ունեցող զինվորի միակ հասցեն, և նրանց աշխատանքից է կախված լինելու, թե որքան արագ կապաքինվեն և կվերադառնան շարք մեր զինվորներն ու սպաները»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա գնահատմամբ՝ ինչպես ցույց տվեց արցախյան պատերազմը, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, քաղաքացիական և ռազմական բժիշկ գոյություն ունի միայն խաղաղ պայմաններում, իսկ երբ կարիքը գալիս է, բոլորը համախմբվում եք, և Հիպոկրատի երդումը դառնում է հայոց բանակի սպայի երդում։

Արարողության ավարտին հանրապետության նախագահը շրջել է ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի համագործակցության արդյունքում ստեղծվող վերականգնողական կենտրոնում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, կենտրոնի կողմից տրամադրվելիք բժշկական ծառայություններին և խոստացել աջակցել այդ նախաձեռնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչելուն։ Նախագահին զեկուցել են, որ «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր։

Նշենք, որ այս տարի պետական բժշկական համալսարանն ավարտեց 968 շրջանավարտ, աշխարհի 10 երկրից: Նրանցից 16-ը՝ Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ է: Կարմիր դիպլոմակիրները 52-ն էին:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեսաֆիլմի ցուցադրվեց նաև ֆոտոանիմացիոն ֆիլմ մեր երկրի բժշկագիտության նվիրյալների մասին:

Աշխարհի տարբեր անկյուններից շնորհավորական տեսուղերձներ էին հղել ԵՊԲՀ շրջանավարտներ անվանի սրտաբան Բագրատ Ալեքյանը, ԱՄՆ-ում մասնագիտական գործունեությունը շարունակող նյարդավիրաբույժ Արթուր Գրիգորյանը և շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը:

Շրջանավարտներին շնորհավորական տեսուղերձով շնորհավորեց նաև «Աշխարհի մանակական բժիշկ», ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Լեոնիդ Ռոշալը: