Հանրային առողջության մասնագետը կարող է լուծումներ առաջարկել, տեսնել այնպիսի խնդիրներ, որոնք հասանելի չեն այլ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներին:
Այս համոզմանն է ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ Էմմա Թադևոսյանը, որն ապագայի մեծ ծրագրեր ունի:
«Քանի որ ընտանիքիս անդամներն աշխատում էին հիվանդանոցում և մանկուց շատ էի այցելում նրանց, այլ տարբերակ, բացի բժշկի մասնագիտությունից, նույնիսկ մտքիս ծայրով չի անցել, ես վստահ էի, որ դա է իմ ճանապարհը»,-նշում է բժշկական բուհի շրջանավարտը:
Անկեղծանում է, որ միշտ երազել է դառնալ ախտաբան, քանի որ այս մասնագիտությունը հիմնականում հստակ պատասխաններ է տալիս, ինչն իրեն շատ հոգեհարազատ էր:
«13 տարեկանում, ստանալով օրթոդոնտիկ բուժում, կտրուկ մտափոխվեցի մասնագիտության հարցում և կանգ առա ստոմատոլոգիայի վրա։ Ավարտելով դպրոցական հիմնական կրթությունը՝ ընդունվեցի քոլեջ՝ ատամնատեխնիկական գործ մասնագիտությամբ, այնուհետև բժշկական համալսարան և ստացա բժիշկ- ստոմատոլոգի որակավորում: Զուգահեռ ուսումնառության բոլոր տարիներին միշտ ունեցել եմ աշխատանք, այդ թվում նաև մասնագիտական, և ակտիվ ներգրավված եմ եղել հասարակական գործունեության մեջ, ինչն անչափ կարևորում եմ պրոֆեսիոնալ դառնալու հարցում»,-ընդգծում է Էմմա Թադևոսյանը։
Աշխատելով ստոմատոլոգիական ոլորտում՝ հասկացել է, որ միայն պացիենտներին ընդունելը և գեղեցիկ ժպիտ պարգևելը իրեն չի տալիս լիարժեքության զգացում, այդ ընթացքում նաև դասավանդել է ԵՊԲՀ քոլեջում։
Երկար մտածելուց և որոշակի ուսումնասիրություններ կատարելուց հետո 2017 թվականին դիմել է բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետ, որը համարում է իր լավագույն որոշումներից մեկը.
«Պատճառներից գլխավորն այն էր, որ տվյալ մասնագետը կարող է լուծել և դիտարկել այնպիսի առողջապահական խնդիրներ, որոնք հասանելի չեն նեղ մասնագիտացում ունեցող բժշկին, չնայած նրան, որ մեր երկրում կան այնպիսի բժիշկներ, որոնք նաև փայլուն կառավարիչներ են»:
Երիտասարդ բժիշկը նշում է, որ ուսումնառության ընթացքում իրենց դասավանդել են և բուհի դասախոսները և հրավիրվածներ, ինչն անչափ կարևոր է, քանի որ նրանք հիմնականում աշխատում են միջազգային կամ պետական կառույցներում:
«Ինձ շատ ուրախացնում էր այն փաստը, որ ի տարբերություն այլ ֆակուլտետների, քննությունները նաև հետազոտական աշխատանքների, նախագծերի միջոցով են անցկացվում: Այդպիսով, ուսանողը զարգացնում էր իր խոսքը և մտքի ճկունությունը։ Ի դեպ, ես ընդունվել էի վճարովի հիմունքով, քանի որ իմ թվով 2-րդ մագիստրատուրան էր, իսկ հետագայում ռոտացիոն համակարգով ստացա անվճար ուսանելու հնարավորություն»,-ասում է Էմմա Թադևոսյանը, ով հպարտ է, որ իրեն բախտ է վիճակվել բժշկական մայր բուհում սովորել և սովորեցնել:
Նա 2019 թվականին ավարտել է հանրային առողջության ֆակուլտետում ուսումնառությունը, հիմա աշխատում է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամում՝ բժշկական հարցերի համակարգող։
«2020 թվականին պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում ձևավորվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման թիմ, որի անդամ եմ նաև ես: Աշխատում եմ նաև Արյունաբանության կենտրոնի ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում՝ որպես որակի վերահսկման պատասխանատու։ Իմ աշխատանքի և հիմնադրամի գործունեության մասին պատմելու հնարավորություն ունեցա միջազգային կարևոր հարթակներում, նաև հնարավորություն ունեցա այցելել եվրոպական հայտնի բժշկական կենտրոններ, ինչն անչափ կարևորում եմ զարգացման գործում»,- նշում է Էմման, ում նպատակներից է մանկական քաղցկեղի բուժման արդյունավետության և իրազեկվածության բարձրացումը Հայաստանում, չնայած զարգացող երկրի համար մեր երկրի ցուցանիշը բուժման արդյունավետության առումով բավականին բարձր է, մոտ 70%:
Ծրագրում է նաև աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունում կատարել Հանրային առողջության ոլորտում նեղ մասնագիտացման ուսումնասիրություն, որոնցից մեկն է՝ Patient Advocacy (պացիենտի իրավունքների պաշտպանություն):