Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԱՄՆ-ում հայտնի հայ սննդաբանը կարոտում է Հայաստանի անկեղծ ու սիրալիր մարդկանց

ԱՄՆ-ում հայտնի հայ սննդաբանը կարոտում է Հայաստանի անկեղծ ու սիրալիր մարդկանց

Ամերիկահայ ճանաչված սննդաբան Կարոլին Աբովյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Բոսթոնի համալսարանի միջև Համագործակցության ծրագրի շարունակականությանը զուգահեռ մտադիր է Հայաստանի գյուղական շրջանների վերաբերյալ հատուկ հետազոտություն իրականացնել, քանի որ, ըստ նրա, երեխաների աճը գյուղերում նորմալ չի ընթանում, նրանք սննդի միջոցով չեն ստանում բավարար պրոտեին և թերի են սնվում:

2017 թվականի դեկտեմբերի 31-ից Բոսթոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր, Բոսթոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և Քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Աբովյանը համատեղության կարգով նաև Երևանի պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է:

Պրոֆեսոր Աբովյանը բժշկական կրթությունը ստացել է Նյու Ջերսիի բժշկության և ատամնաբուժության համալսարանում, այնուհետև անցել ռեզիդենտուրա և ստացել սնուցման ու մետաբոլիզմի նեղ մասնագիտացում Հարվարդի բժշկության դպրոցի New England Deaconess բժշկական կենտրոնում:

1998-2000թթ. Կարոլին Աբովյանը եղել է Հարվարդի բժշկության դպրոցի Brigham and Women՛s հիվանդանոցի Քաշի կառավարման ծրագրի ղեկավարը, իսկ 1996-2000թթ. Spence Centers for Women՛s Health-ի քաշի կառավարման և սննդաբանության ծրագրի ղեկավարը: Այժմ Կարոլին Աբովյանը հանդիսանում է ԱՄՆ Ճարպակալման ասոցիացիայի (U.S. Obesity Society) նախագահը:  

Բոսթոնի համալսարանում սննդաբանության կրթության զարգացման համար նա American Society of Clinical Nutrition-ի կողմից արժանացել է Physician Nutrition Specialist մրցանակին: Բժիշկը 200-ից ավելի գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է. դրանք տպագրվել են աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում:

Կարոլին Աբովյանը «The Age-Defying Diet», «The Overnight Diet»  և «The ALLI Diet Plan» գրքերի հեղինակն է:

– Բժիշկ Աբովյան, ի՞նչ գործունեություն եք ծավալում ներկա պահին: Ի՞նչ նախագծեր եք կյանքի կոչում:

Մենք շատ հետազոտություններ ենք անում, նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Zoom հանդիպումներ ենք անցկացնում, դասախոսություններ, մեր ամբողջ գործունեությունը տեսազանգերի միջոցով ենք իրականացնում: Այս տարվա մայիսին, օրինակ, ես ճարպակալման թեմայով կոնֆերանս անցկացրի. 750 բժիշկ ամբողջ աշխարհից միացավ իմ նախաձեռնությանը: Ինչպես նշեցի, մենք նաև շատ հետազոտություններ ենք անցկացնում COVID-19-ի վերաբերյալ: Մեզ մոտ՝ Բոսթոնոմ, COVID-19-ի շատ դեպքեր են գրանցվել, և մենք փորձում ենք ուսումնասիրել մարդկանց հիվանդանալու պատճառները: Մենք նաև հեռախոսազրույցներ ենք ունենում հիվանդների հետ. շատ մարդիկ, օրինակ, հոսպիտալացման կարիք ունեն, այդ պատճառով մենք հավաստիանում ենք, որ նրանք հասնում են հիվանդանոց: Ես առաջնագծում չեմ, ես հիվանդների մասին հոգ չեմ տանում հիվանդանոցում, սակայն իմ հիվանդներից շատերը հիվանդանում են նոր կորոնավիրուսով ճարպակալման հետևանքով: Հետևաբար, ես պետք է վստահ լինեմ, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է:

– Պլանավորու՞մ եք այցելել Հայաստան, երբ նոր կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունն ավարտվի:

Ես Երևանի պետական բժշկական համալսարանի և Բոսթոնի համալսարանի միջև Համագործակցության ծրագրի տնօրենն եմ: Այդ պատճառով ես այցելում էի Հայաստան ընդհուպ մինչև վերջին մի քանի տարին: Եվ ես շատ կուզենայի վերադառնալ Հայաստան՝ շարունակելու մեր համագործակցությունը: Մենք ուղարկում ենք ուսանող-բժիշկներին Հայաստան, իսկ Հայաստանից ապագա բժիշկները գալիս են ԱՄՆ՝ Բոսթոն՝ սովորելու և ծանոթանալու բժշկական կրթության ոլորտի նորույթներին: Այսինքն՝ սա շարունակական գործընթաց է: Ես նաև հետաքրքրված եմ Հայաստանի գյուղական շրջանների վերաբերյալ հետազոտություն անցկացնելու մեջ, քանի որ երեխաների աճը գյուղերում նորմալ չի ընթանում, նրանք սննդի միջոցով չեն ստանում բավարար պրոտեին, նրանք թերի են սնվում, և ես ուզում եմ հասկանալ՝ ինչու: Քանի որ ես մասնագիտությամբ սննդաբան եմ, ես փորձում եմ օգնել Հայաստանի գյուղերում ապրող երեխաներին: Ես շատ կուզենայի աշխատել Երևանում սննդաբանների հետ՝ ուսումնասիրելու, թե ինչ է կատարվոմ Հայաստանում, որպեսզի մենք կարողանանք օգնել և կանխել թերսնուցումը: Ես կարծում եմ՝ գյուղերում բավականաչափ պրոտեին չկա: Խնդիրը, ըստ իս, կայանում է նրանում, որ գյուղացիներն ուղարկում են լավ սնունդը քաղաք, որպեսզի մարդիկ գնեն այն, իսկ իրենց երեխաներին ոչինչ չի մնում: Այս երեխաները նաև ավելորդ քաշի խնդիր ունեն, քանի որ լավ չեն սնվում. ուտում են չիպսեր և տուփերով սնունդ առանց պրոտեինի: Սա է խնդիրը: Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի, ես փորձեցի աշխատել այս խնդրի վրա, սակայն մենք ֆինանսավորման խնդիր ունենք: Մենք դիմեցինք Հայաստանում USAID-ի գրասենյակ, բայց այնտեղից մեզ ասացին, որ չեն կարող օգնել: Հետևաբար, մենք գումարի կարիք ունենք:

Ամերիկահայ պրոֆեսոր, օստեոպորոզի մասնագետ, բժիշկ Ջոն Բիլեզիկյանն իմ ազգականն է: Ես Հայաստան էի գալիս նրա հետ համարյա ամեն տարի՝ հոկտեմբերին: Բայց 2017 թվականին ես դադարեցի գալ, քանի որ դարձա ԱՄՆ Ճարպակալման ասոցիացիայի (U.S. Obesity Society) նախագահ, և շատ գործ կար անելու: Հայաստան գալու փոխարեն ես ստիպված էի գնալ Օման: ԱՄՆ Պետդեպարտամենտն ինձ ուղարկում էր Օման՝ օգնելու նրանց ճարպակալման խնդիրներում:

– Այդտեղ՝ Միացյալ Նահանգներում, Հայաստանի հետ կապված ի՞նչն եք կարոտում:

Կարոտում եմ թարմ սնունդը: Սնունդը Հայաստանում այնքան լավն է: Կարոտում եմ լավաշը և Հայաստանի գեղեցկությունը՝ գեղեցիկ բլուրները, այնքան անկեղծ ու սիրալիր մարդկանց, Հանրապետության հրապարակը, չրերը, ընդեղենը՝ «Վերնիսաժ» շուկայում, և «Ժենգյալով հացը», որ փորձել եմ Արցախում:

– Վերադառնանք COVID-19-ին. Ինչպե՞ս կբնորոշեք վիրուսն ընդհանուր առմամբ: Ինչու՞ չի ստացվում գտնել դրա դեմ պատվաստանյութը:

Որովհետև այն մարդու մարմնի բջիջների մեջ մտնելու բազմաթիվ եղանակներ ունի: Այն թոքերի հյուսվածքի մեջ է ներթափանցում ACE2 ընկալիչի միջոցով: Թոքերի յուրաքանչյուր բջիջ ունի ACE2 ընկալիչ: Վիրուսը հայտնվում է օդում և բազմապատկվում: Այն մտնում է նաև ճարպաբջիջների մեջ, քանի որ ճարպային բջիջները նույնպես ունեն ACE2 ընկալիչներ: Հետևաբար, այդ վիրուսը ներթափանցում է մեր բջիջների մեջ ունիկալ ձևով: Այս ընկալիչները առկա են նաև լյարդում, երիկամներում և սրտում: Բջիջներ ներթափանցելուց հետո վիրուսը կարող է ավելի ծանր խնդիրներ առաջացնել ճարպակալմանը զուգահեռ: Եվ մեր իմունային հյուսվածքները դժվարին պայքար են մղում դրա դեմ, հատկապես՝ տարեց մարդկանց դեպքում, քանի որ նրանց իմունային հյուսվածքները նույնպես արդեն ծեր են:

– Ո՞րն է տարբերությունը COVID-19-ի և աշխարհը պատուհասած այլ համավարակների միջև:

Գիտեք, 1918 թվականի համավարակը (Իսպանական գրիպ – հեղ.) սպանեց շատ մարդկանց. այն շատ լուրջ հիվանդություն էր: Բայց նոր կորոնավիրուսն ավելի խնդրահարույց է, քանի որ այն կարող է լինել առավել դաժան, և այն վարակելիության ավելի բարձր մակարդակ ունի: Էբոլան, օրինակ, սպանում է, բայց այնքան էլ հեշտ չէ վարակվել Էբոլայով: Տարբերությունը նրանում է, որ դու կարող ես վարակված լինել COVID-19-ով և չիմանալ դրա մասին՝ փոխանցելով այն շատ ու շատ մարդկանց: Այն արագորեն վարակում է, և այն սպանում է. սա է պրոբլեմը: Բոսթոնում մենք շատ դժվարին իրավիճակ ունեցանք, քանի որ ամբողջ աշխարհից, հատկապես՝ Չինաստանից, մի շարք հետազոտողներ էին եկել Բոսթոնի հյուրանոց, և հետագայում բոլորը հիվանդացան: Ընդ որում՝ ոչ ոք չգիտեր, որ ինքը հիվանդ էր:    

– Կարո՞ղ եք նշել որևէ պետություն կամ պետություններ, որոնք արդյունավետորեն պայքարել են COVID-19-ի դեմ:

Այո, Հարավային Կորեան բավականին հաջող պայքար մղեց: Այնտեղ բոլորը հենց սկզբից դիմակ էին կրում: Կառավարությունը, որոշակի խստություն դրսևորելով, ստիպեց բոլորին դիմակ կրել: Միացյալ Նահանգների և Հայաստանի նման երկրների խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ այստեղ օգտվում են իրենց ազատությունից, սակայն երբեմն այդ ազատությունը վնասում է այլ մարդկանց կամ հենց իրենց: Հանրային առողջությունը շատ կարևոր միջոց է, որն ապահովում է մարդկանց ողջ մնալը, որպեսզի նրանք կարողանան օգտվել իրենց ազատությունից: Հարավային Կորեան շատ մեծ աշխատանք տարավ այս առումով: Մենք բոլորս պետք է այդ երկրից օրինակ վերցնենք:

– Ի՞նչ կասեք Հայաստանում իրավիճակի մասին:

Մնացեք տանը, կրեք դիմակ, մարզվեք և օգտագործեք պրոտեինով հարուստ սնունդ՝ հավ, ձուկ:

– Ի՞նչ կոչով կդիմեք Հայաստանում այն մարդկանց, որոնք, այնուամենայնիվ, դեռ չեն հավատում վիրուսի գոյությանը:

Միացյալ Նահանգներում, օրինակ, բժիշկներն ու բուժքույրերը տեսաուղերձով դիմեցին հանրությանը՝ ասելով. «Սա իրականություն է»: Նյու Յորքում նրանք կորոնավիրուսից մահացած մարդկանց մարմինների ֆոտոներ և տեսանյութներ էին հրապարակում, որտեղ երևում էր, թե ինչպես էին այդ մարմինները դրվում մեկը մյուսի վրա, քանի որ դրանք չափազանց շատ էին: Պետք է պարզապես տեսնել այս ամենը և հասկանալ՝ մարդիկ մահանում են: Եթե չեն հավատում, տարեք նրանց հիվանդանոցներ և ստիպեք նայել ու տեսնել, թե ինչ է այնտեղ կատարվում: Ես միշտ հիշում եմ իմ խիզախ տատիկին, որի աչքերի առաջ գլխատել էին նրա ողջ ընտանիքին Հայոց ցեղասպանության օրերին: Ամեն անգամ, երբ ես ինչ-որ խնդիր էի ունենում, գնում էի տատիկիս մոտ, խոսում էի նրա հետ, պատմում էի իմ խնդրի մասին, նա ինձ ասում էր. «Դա ամենևին խնդիր չէ»: Եվ, ուրեմն, COVID-19-ը խնդիր չէ. մնացեք տանը, կրեք դիմակ, և մենք կջախջախենք վիրուսը: 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան