«Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի մենթոր, կենսուրախ ու եռանդուն բժիշկ-օրդինատոր Տիգրան Սևյանը մայրիկի հորդորով ընտրեց վիրաբուժությունը, սրտի թելադրանքով՝ անոթային վիրաբուժությունը։
Բժշկական համալսարանում Տիգրանին շատերը գիտեն․ հերացիականների մի մասի համար նա մշտապես ինքնակատարելագործվող ու նպատակասլաց մարդու և մասնագետի օրինակ է, մյուս մասի համար՝ հավատարիմ ընկեր ու աջակից։
Տիգրան Սևյանի հետ զրուցել ենք սկզբնական շրջանում բժշկությամբ բոլորովին հետաքրքրված չլինելու, արտերկրում վերապատրաստվելու հնարավորությունից չօգտվելու, անոթային վիրաբուժության «էլեգանտ» աշխարհի, բժիշկ-օրդինատորի մասնագիտական սկզբունքների, կարգախոսի ու նախասիրությունների մասին։
– Ինչու՞ Տիգրան Սևյանը որոշեց դառնալ բժիշկ։
– Երբևէ չեմ կարող ասել, որ ես եմ ընտրել բժշկությունը։ Ինձ փոքր տարիքից ընտանիքս ներշնչել է բժիշկ դառնալ՝ չնայած նրան, որ իմ ընտանիքում բոլորը տնտեսագետ են։ Ես որոշել էի բիզնեսով զբաղվել, սակայն տանը շատ ուժեղ հակազդեցություն սկսվեց։ Մոտ 1,5 տարվա լուրջ պայքարից հետո, ի վերջո, հանձնվեցի ու ընդունվեցի բժշկական համալսարան։ Առաջին 2 տարին ինձ համար շատ ծանր էր, որովհետև չէի ուզում բժշկականում լինել։ Ինձ մաթեմատիկայի և բիզնեսի աշխարհն էր հետաքրքրում․ 5 տարեկանում արդեն պատկերացնում էի արտարժութային շուկան։ Սակայն մայրս շատ էր ուզում, որպեսզի ես բժիշկ դառնայի, ու հենց վիրաբույժ։
Առանցքային պահ էր այն, որ 2-րդ կուրսն ավարտելուց հետո ընկերս, որն այդ ժամանակ համակարգում էր արտասահմանցի վիրաբույժների հետ ԵՊԲՀ փոխանակային ծրագրերից մեկը, ինձ առաջարկեց հիվանդանոցում ուղղորդել ռուս ուսանողների խմբի։ Շփվելով նրանց հետ՝ սկսեցի խորանալ վիրաբուժության աշխարհում։ Իմ առաջին վիրահատությունն ազդրային զարկերակի դանակահարությունն էր, ինձ շատ հետաքրքիր էր այդ գործընթացը։ 2 ամիս գործնական հմտություններս զարգացրի և դարձա հիվանդանոցի թիմի անդամ։ 30-40 վիրահատության մասնակցեցի այդ ընթացքում։ Դրանից հետո՝ 3-րդ կուրսում, արդեն սկսեցի նոր թափով սովորել՝ կորցրածը հետ բերելու համար։ Շատ դժվար էր, իհարկե։ Բայց ես սիրում եմ մրցակցել։ Երբ սովորում էի «Քվանտ» վարժարանում, պարբերաբար մասնակցում էի օլիմպիադաների․ մշտապես քիմիայի հանրապետական օլիմպիադայի թիմում էի։
Անընդհատ կապ էի պահպանում անոթային վիրաբուժության թիմի հետ։ 2-րդ կուրսում անդամակցում էի նաև Օպերատիվ վիրաբուժության խմբակին, իսկ 5-րդ կուրսում հասկացա, որ այդ ձևաչափը փոքր է, չի բավականացնում․ դա սկիզբ դրեց «Լանցետ» ծրագրին, որն էլ հող նախապատրաստեց «Վիրաբուժության դպրոց»-ի գաղափարի քննարկման համար։
– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ոգեշնչում բժշկի դժվարին առաքելության ընթացքում։
– Որևէ մեկը՝ որպես այդպիսին, չկա։ Ու չեմ կարծում, որ դա լավագույն մեթոդն է, որպեսզի մարդն ինչ-որ բանի ձգտի։ «Լանցետ» ծրագրի մասնակիցներին նույնպես ես միշտ ասում եմ․ «Հիշե՛ք, թե դուք այսօր ինչ եք արել, վաղը եթե դուք ավելի լավ չարեցիք, ուրեմն դուք պարտվել եք, որովհետև ձեր միակ մրցակիցը հենց դուք եք։ Եթե դու ամեն օր լինես ավելի լավը, քան երեկ, հնարավոր չէ, որ չհասնես նպատակներիդ։ Հենց այս միջավայրն է ստեղծում վիրաբուժությունը։ Իրականում վիրաբուժության մեջ ոչինչ բավարար չէ, ոչինչ չի կարող այնքան լավը լինել, որ զարգանալու տեղ չունենա։
– Գիտեմ, որ «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի ներդրման շնորհիվ Դուք չօգտվեցիք արտերկրում վերապատրաստվելու հնարավորությունից՝ նախընտրելով մնալ և կատարելագործվել հայրենիքում։ Որոշումն արդարացվա՞ծ էր։
– Նման որոշման կայացմանը նպաստեց մի քանի գործոն։ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ես ձեռք բերեցի ուսուցիչներ՝ մենթորներ, որոնք ինձ Հայաստանում պահող գործոններից մեկն էին։ Գիտեի, որ այդ մարդիկ ուզում էին ինձ սովորեցնել և պատասխանատու էին իմ կրթության համար։ Ամեն պատեհ առիթով նրանք ինձ հնարավորություն են տալիս՝ ավելի աճելու։ Սա շատ հազվագյուտ և անգնահատելի բան է։
Երկրորդ գործոնն ընտանիքս էր, երրորդը՝ ընկերներս։ Նրանք իմ կյանքի անբաժան մասն են, չէի կարող թողնել նրանց ու հեռանալ։
– Ինչու՞ ընտրեցիք անոթային վիրաբուժությունը։
– Անոթային վիրաբուժությունը շատ էլեգանտ է, իսկ ես էլեգանտություն շատ եմ սիրում․ էլեգանտության մեջ հստակություն եմ տեսնում։ Անոթային վիրաբուժությունը շատ բարձր ճշտության, զգուշության, բայց միաժամանակ շատ հստակ շարժումների աշխարհ է։ Դու չես կարող ուղղակի զգույշ լինել․ դու պետք է շատ հստակ շարժվես ու զգույշ լինես միաժամանակ։ Դժվար է պատկերացնել ֆիզիկական ուժի կիրառումը բարակ պատով անոթի վրա։ Դու պետք է չպատռես այդ անոթը, բայց միևնույն ժամանակ, եթե շատ փափուկ անես գործը, դու կմաշեցնես անոթը։ Այսինքն՝ վախկոտության հասնող զգուշություն պիտի չլինի, բայց նաև պետք է շատ կոպիտ չլինել։ Աշխատանքի այս իդեալական հավասարակշռությունը ես կոչում եմ «էլեգանտություն» անոթային վիրաբուժությունում։
– Մի փոքր խոսենք մեր երկրում անոթային վիրաբուժության զարգացման մասին։ Արդյո՞ք զիջում ենք առաջատար երկրներին։ Հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեիք այս ոլորտում։
– Մեզ պակասում է ֆինանսը, մասնագետները չեն զիջում միջազգային մակարդակին։ Սակայն, հաշվի առնելով պացիենտների ծավալը, ներդրումներն այս ոլորտում պետք է արդարացված լինեն։ Անոթային վիրաբուժության առումով մենք աշխարհում միջին մակարդակում ենք և բավականին լավ արդյունքներ ունենք։
Հայաստանում կա համընդհանուր խնդիր՝ մենք վարման գործելակարգեր (պրոտոկոլներ) չունենք։ Պրոտոկոլներ չունենք, որովհետև որոշակի անհրաժեշտ իրավակարգեր սահմանված չեն։ Մեկ մարդը, մեկ բժիշկը չի կարող պատասխան տալ ամբողջ հասարակության համար։ Այսինքն՝ բժշկության ոլորտում սխալ է հիմնվել մեկ մարդու վրա, պետք է հիմնվել հարյուրավոր կլինիկաների փորձի վրա ամբողջ աշխարհում։ Եթե այդ բոլոր կլինիկաները հավաքագրեն միլիոնավոր վիրահատությունների վերաբերյալ իրենց տվյալները մեկ բազայում, ներկայացնեն տոկոսներով արտահայտված արդյունքներ, ուսումնասիրվեն առաջացած բոլոր բարդությունները և իրականացվի մանրամասն վերլուծություն, այդ տվյալների հիման վրա կկազմվեն պրոտոկոլներ, որոնք կուզենայի, որ շատ լինեին։ Հայաստանում բժշկության որևէ ճյուղում նմանատիպ օրինականորեն հաստատված վարման գործելակարգեր չունենք։ Դրանց շնորհիվ հնարավոր կլինի հստակեցնել նաև երկրի մոտեցումը, իսկ երկրի մոտեցման հստակեցումը հնարավորություն է տալիս հետևություններ անել նաև տվյալ երկրի մասին։
– Ո՞րն է եղել մինչ այս պահը Ձեր ամենամեծ ձեռքբերումը կամ հաջողությունը։
– Ամենամեծ ձեռքբերումն իմ առաջին վիրահատությունն էր։ Առաջին անգամ ինձ վստահվեց վիրահատություն, և ես հաջողությամբ այն կատարեցի։ Այդ «պատը» հաղթահարելուց հետո իմ առաջ բացվեցին վիրաբուժության «դռները», և ես հայտնվեցի շատ բարձր մրցակցային միջավայրում։
– Որո՞նք են բժիշկ Տիգրան Սևյանի հիմնական սկզբունքները։
– Բարձր հստակություն, պացիենտի տեղեկացվածություն (պացիենտը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ ինչ-որ բան անել կամ չանել․ նա պետք է իրոք ընտրի բժշկին, յուրաքանչյուր խնդրի դեպքում ցանկանա զանգահարել այդ բժշկին, պացիենտը պետք է վստահի բժշկին) և անսահմանափակ խանդավառություն՝ էնտուզիազմ (անընդհատ ինչ-որ բան բարելավելու ցանկություն)։ Շատ կարևոր է նաև հոգատարությունը․ չէ՞ որ բժիշկը պատասխանատու է պացիենտի կյանքի համար։
– Ի՞նչ կարգախոսով է առաջնորդվում Տիգրան Սևյանը կյանքում։
– Ավելի լավ, քան երեկ։
– Ստացվու՞մ է համատեղել բժշկի աշխատանքն ու անձնական կյանքը։
– Շատ երկար ժամանակ կարծել եմ, որ դա անհնար երևույթ է, հիմա կարծում եմ, որ անհնար է առանց աշխատանքն ու անձնական կյանքը համատեղելու։ Մարդը, որը գործ ունի կյանքի և կյանքի որակի հետ, պետք է հասկանա այդ կյանքի բարիքները, նա պետք է կարողանա իրեն դիմող մարդու տեսանկյունից նայել նրա խնդիրներին։ Իսկ այդ խնդիրները հասկանալու համար բժիշկը նույնպես պետք է ունենա այդ խնդիրները։ Բժշկի համար կործանարար է սոցիալական ասպեկտներն անտեսելը։
– Բժշկությունից բացի, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամերին։ Ի՞նչ նախասիրություններ ունեք։
– Ես ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող հայ աշակերտներին և ուսանողներին անգլերենով բնագիտական առարկաներ և մաթեմատիկա եմ դասավանդում։ Վերջին 2 տարվա ընթացքում, ցավոք, սպորտով չեմ զբաղվել։ Երաժշտություն միշտ եմ լսում՝ անկախ գտնվելու վայրից։
– Ո՞րտեղ եք տեսնում Ձեզ 10 տարի անց։
– 10 տարի անց ինձ տեսնում եմ՝ որպես սեփական կլինիկայի ղեկավար կամ որևէ մեծ կլինիկայում սեփական բժշկական ծառայության ղեկավար, որը ես զրոյից կկառուցեմ՝ հիմնվելով կարգապահության իմ սկզբունքների և ինձ համար առաջնային մարդկային արժեքների վրա (ամենակարևոր մարդկային հատկանիշն, ըստ իս, հավատարմությունն է)։ Ընդ որում՝ անպայման չէ Հայաստանում, քանի որ լավ բժիշկը ոչ թե երկրի, այլ աշխարհի քաղաքացի է։ Սակայն բժշկի համար շատ կարևոր է ծննդավայրը․ դա նրա «ձեռագիրն» է լինելու ամբողջ կյանքի համար։ Եվ հենց դա էր պատճառներից մեկը, թե ինչու ես մնացի Հայաստանում։ Ինձ դուր է գալիս մեր բժիշկների «ձեռագիրը»․ այստեղ կա ազատության մակարդակ, որը թույլ է տալիս «ստեղծագործել»։
– Ձեր խոսքն ու խորհուրդն ապագա գործընկերներին։
– Վիրահատելու ընթացքում միշտ ուղեղում երաժշտություն կամ ինչ-որ ռիթմ ունեցեք։ Փորձեք պահել ու երբեք չկորցնել ձեզ բնորոշող ու մյուսներից առանձնացնող այդ ռիթմը։ Թող պացիենտը ձեզ ճանաչի հենց այդ ռիթմով, ու երբ նա բացի ձեր սենյակի դուռը, հայտնվի ձեր ռիթմով լի միջավայրում։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան