Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վերջին կուրսի ուսանող Մերլին Ջորջը ծնվել է Հնդկաստանում, այնուհետև՝ տեղափոխվել Սաուդյան Արաբիա: Բժշկական բուհի Կարիերայի կենտրոնի շրջանակում գործող Սրտաբանական ընկերակցության հիմնադիրն ու նախագահը, Մեծ Բրիտանիայի Բժիշկների վիրաբուժական միության ուսանողների ղեկավարը, Հարվարդի Գլոբալ առաջնորդության դպրոցի անդամը նաև Հայաստանի գլոբալ դեսպանն է Բժշկական կրթություն ստացող ուսանողների միավորման ֆեդերացիայում (Federation of Medical Students Association – FMSA):
7 լեզվի տիրապետող ապագա սրտաբանի հետ զրուցել ենք բժշկական համալսարանի ընձեռած հնարավորությունների, Սրտաբանական ընկերակցության գործունեության, ինչպես նաև մասնագիտական ծրագրերի մասին։
– Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ։
– Մանկության տարիներին ծնողներս եղել են ոգեշնչման իմ ամենամեծ աղբյուրը: Հայրս աշխատում էր ռադիոլոգիայի ոլորտում, իսկ մայրս զբաղվում էր հիվանդանոցի որակի կառավարմամբ: Ականատես լինելով բոլորովին անծանոթ մարդկանց օգնելու նվիրվածությանը՝ որոշեցի անպայման զբաղվել բժշկությամբ:
Որպես ապագա ինտերվենցիոն սրտային վիրաբույժ՝ խորապես հետաքրքրված եմ առողջապահական տեխնոլոգիաների և բժշկական ձեռնարկատիրության ոլորտով։ Այս ոլորտում ավելի շատ պատկերացում ունենալու համար փորձ եմ ձեռք բերել՝ աշխատելով ԱՄՆ-ում գործող ընկերությունների հետ: Այժմ իմ սեփական ձեռնարկությունը հիմնելու գործընթացում եմ՝ առաջնորդվելով մարդկանց կյանքի որակի վրա ավելի էական ազդեցություն թողնելու ցանկությամբ: Իմ նպատակն է ապահովել բարձրորակ առողջապահություն բոլորի համար՝ անկախ նրանց տնտեսական կարգավիճակից՝ հատուկ ուշադրություն դարձնելով սիրտ-անոթային խնդիրներ ունեցողներին:
– Ինչու՞ ընտրեցիք Հայաստանը և ԵՊԲՀ-ն հետագա կրթության համար։
– Բժշկական համալսարաններ փնտրելու ընթացքում ես կապ հաստատեցի Սաուդյան Արաբիայում գտնվող իմ ավագ ընկերների հետ, որոնք սովորում էին ԵՊԲՀ-ում: Նրանք կիսվեցին Հայաստանի մասին միայն դրական արձագանքներով։ Սեփական հետազոտությունների արդյունքում պարզեցի, որ ԵՊԲՀ-ն՝ որպես համալսարան, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, ունեն համաշխարհային բարձր վարկանիշ։ Հայաստանը և՛ անվտանգ է, և՛ գեղեցիկ՝ հյուրընկալ բնակիչներով: Հայերեն խոսելու փորձը, թեկուզ քիչ, այստեղ բարձր են գնահատում և ջերմորեն ընդունում այդ փաստը։
Համալսարանն ինձ լայն հնարավորություններ ընձեռեց՝ զարգանալու և՛ որպես անհատ, և՛ որպես ապագա բժիշկ:
– Բժշկական ո՞ր մասնագիտացումն եք ընտրելու հետագայում:
– Իմ վերջնական նպատակը ինտերվենցիոն սրտային վիրաբույժ դառնալն է: Բացի այդ, նախատեսում եմ ուսումնասիրել առողջապահական տեխնոլոգիաների արդյունաբերությունը և համատեղել բժշկական փորձս հետազոտական ջանքերի հետ:
– Ի՞նչ կասեք Հայաստանի և հայ ժողովրդի մասին:
– Անշուշտ, կկարոտեմ երկիրն ու մարդկանց։ Այս երկրում լինելն օգնեց ինձ հասունանալ։ Հաճույք եմ ստանում այս երկրի գեղեցկությունը բացահայտելուց՝ ընկերներիս հետ ճամփորդելով, արշավների գնալով, թանգարաններ, զբոսայգիներ այցելելով, երեկույթների և երաժշտական փառատոնների մասնակցելով:
– Մի փոքր պատմե՛ք Սրտաբանական ընկերակցության գործունեության մասին։
– Կարիերայի կենտրոնի կազմում ձևավորված Սրտաբանական ընկերակցությունն ուսանողների կողմից ղեկավարվող նախաձեռնություն է, որը ծառայում է որպես ներքին բժշկության և սրտաբանության մասին սովորելու հարթակ: Անցկացնում ենք սեմինարներ և համաժողովներ բանախոսների հետ, որոնք հաջողությամբ հանձնել են այնպիսի քննություններ, ինչպիսիք են USMLE և PLAB, ինչպես նաև բժիշկների հետ, որոնք կիսվում են տարբեր երկրներում աշխատելու իրենց փորձով: Բացի այդ, մենք ակտիվորեն ներգրավված ենք հետազոտական ծրագրերում: Որպես ուսանող՝ ես մեծ օգուտներ եմ քաղել ինձ ընձեռված ակադեմիական հնարավորություններից: Մեր ընկերակցությունը ներկայումս ունի մոտ 280 անդամ և 25 մասնակցից բաղկացած Գործադիր կոմիտե: Սրտաբանական ընկերակցությունը նշանակալի քայլ է կատարել Սրտաբանության ամերիկյան քոլեջում՝ որպես ուսանողական շահագրգիռ խումբ ճանաչվելու ուղղությամբ: Շուտով կհայտնենք նաև սպասված լավ նորությունը, համաձայն որի՝ Սրտաբանական ընկերակցությունը կդասվի հավատարմագրված կազմակերպությունների հեղինակավոր շարքին։
– Ո՞րն է ապագայում լավ բժշկ դառնալու Ձեր դեղատոմսը:
– Լավ բժիշկ լինել նշանակում է ավելին, քան պարզապես տեխնիկական հմտություններին տիրապետելը: Կարեկցանքը, հաղորդակցությունը և շարունակական ուսուցումը նույնպես կարևոր են: Հաջողակ բժիշկները հոգ են տանում հիվանդների մասին, տեղեկացված են լինում ոլորտի նորարարությունների մասին, բաց են լինում գործընկերների հետ համագործակցելու և ամուր հարաբերություններ կառուցելու համար:
Նպատակների իրագործման ճանապարհին հաջողությունը միշտ չէ, որ երաշխավորված կլինի: Բժիշկը կարող է բախվել ձախողման, բայց պետք է շարունակել ճանապարհը՝ չնայած անհաջողություններին: Ինչպես ճապոնական ասացվածքն է ասում՝ «Յոթ անգամ ընկի՛ր, ութ անգամ կանգնի՛ր»։ Հավատացե՛ք ինքներդ ձեզ և շարունակե՛ք առաջ շարժվել դեպի ձեր ձգտումները:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան
Լուսանկարները՝ Մարի Գալստյանի