Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա ստոմատոլոգի սերը բժշկության հանդեպ թույլ չտվեց դիտարկել այլ մասնագիտություն

Ապագա ստոմատոլոգի սերը բժշկության հանդեպ թույլ չտվեց դիտարկել այլ մասնագիտություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում է 416 ուսանող ԱՊՀ երկրներից։ Նրանցից մեկն է Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Ռոլան Մարգարյանը, որի հետ զրուցել ենք բժշկի մասնագիտության առավելությունների ու թերությունների, Հայաստանում բժշկական կրթության, ինչպես նաև բժշկի ու, մասնավորապես, ստոմատոլոգների համար կարևոր հատկանիշների մասին․

– Պատմե՛ք մի փոքր Ձեր մասին։ Ո՞ր երկրից եք եկել Հայաստան։

– Ծնվել եմ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում։ Ապրել եմ այնտեղ մինչև դպրոցն ավարտելը, ապա 2019 թվականին ընդունվեցի Երևանի պետական ​​բժշկական համալսարան։

– Ինչու՞ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։ 

– Դա միակ մասնագիտությունն էր, որի հանդեպ սեր էի տածում։ Այլ մասնագիտություններ ընդհանրապես չէի դիտարկում։ Դա նաև մորս երազանքն էր։ Մայրս երազում էր մեր համալսարան ընդունվել, բայց այնպես ստացվեց, որ ընտանեկան պատճառներով չկարողացավ, քանի որ տեղափոխվեցին Ռուսաստան։ Եվ բոլորովին պատահական ես ընդունվեցի այստեղ։

– Ընտանիքում բժիշկներ ունե՞ք։

– Հարազատներիս շրջանում շատ բժիշկներ կան։ Բայց մեր ընտանիքում ես առաջինը կլինեմ։

– Ի՞նչ առավելություններ ու թերություններ կառանձնացնեք Ձեր մասնագիտության մեջ։

– Առավելությունն, առաջին հերթին, բժշկական կարգապահությունն է․ երբ հասկանում ես, որ դու, ով էլ լինես (ատամնաբույժ, գաստրոէնտերոլոգ, թե այլ բժիշկ), պատասխանատվություն ես կրում մարդու կյանքի և առողջության համար։ Սա, մի կողմից, առավելություն է, մյուս կողմից՝ նաև թերություն, քանի որ կյանքում ամեն ինչ լինում է, բժիշկներն էլ մարդիկ են, նրանք էլ են սխալվում։ Բժշկության աշխարհում մնացած ամեն ինչ միայն առավելություն է։ Երբ նայում ես մարդուն, միանգամից պատկերացնում ես նրա օրգանիզմի առանձնահատկությունները․ դա ինձ շատ է դուր գալիս։

– Ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանը և ԵՊԲՀ-ն հետագա կրթության համար։

– Ռուսաստանում դպրոցն ավարտելուց հետո ավարտական ​​քննություններ են հանձնում։ Մինչ սպասում էի քննական արդյունքներին, փաստաթղթեր ներկայացրի նաև ԵՊԲՀ։ Ընկերս այստեղ՝ բժշկական բուհում, սովորելու հստակ մտադրություն ուներ։ Երկու օր մտածում էի՝ գալ Հայաստան, թե ոչ։ Երբեք այստեղ չէի եղել, որոշակի մտավախություն կար՝ կընդունվեմ, թե ոչ, բայց որոշեցի գալ նրա հետ։ Հաջորդ օրն արդեն քննությունների արդյունքները հայտնի էին․ ընդունվել էի և՛ ՌԴ համալսարան, և՛ ԵՊԲՀ։ Պետք է ընտրեի՝ կա՛մ մնալ այստեղ, կա՛մ վերադառնալ Ռուսաստան։ Բնականաբար, ընտրեցի Հայաստանը, քանի որ ժամանելուն պես սիրահարվեցի Երևանին, տեսա բժշկական համալսարանը, ինձ շատ դուր եկավ ամեն ինչ։ Այդպես ինքնաբուխ ստացվեց, բայց շատ ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ։

– Գո՞հ եք Ձեր ընտրությունից։ Սպասելիքներն արդարացա՞ն։

– Այո, քանի որ այստեղ ամեն ինչ շատ ազնիվ է։ Քննություն ենք հանձնում համակարգչով, և կհանձնես, թե ոչ՝ կախված է միայն քեզնից: Ես սա համարում եմ ամենակարեւոր առավելությունը, և դրա շնորհիվ մարդիկ փաստացի քննություն են հանձնում իրենց գիտելիքների հիման վրա։

– Կցանկանայի՞ք մնալ և աշխատել Հայաստանում:

– Ինձ դուր է գալիս այստեղի մտածելակերպը։ Բացի դրանից, սա ինձ համար պատմական, հայրենի հող է։ Ես միշտ ձգտել եմ լինել այստեղ: Կարծում եմ՝ ուսուցման ավարտին արդեն ավելի հստակ կլինի:

– Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

– 5 տարեկանից զբաղվում եմ ըմբշամարտով, բայց առայժմ այստեղ ժամանակը չի բավականացնում։ Ունեմ հոբբի՝ զբաղվում եմ ավտոմեքենաների նկարահանմամբ։ Համալսարանում դասերից բացի, փորձում եմ նաև գործնական հմտություններ ձեռք բերել կլինիկայում։

– Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա բժիշկը:

– Ճշտապահություն, կոկիկություն, զսպվածություն, հոգևոր, բարոյական և ֆիզիկական առողջություն, որպեսզի լինի հավասարակշռված և համբերատար ձևով կարողանա շփվել մարդկանց հետ։ Ինչ-որ առումով բժիշկը պետք է նաև հոգեբան լինի, քանի որ յուրաքանչյուր պացիենտ պահանջում է առանձնահատուկ մոտեցում։ Բնականաբար, ամենակարևորը բժշկի համար պրոֆեսիոնալիզմն է, գիտելիքը, պրակտիկան։ Բայց նախքան մարդկանց բուժելը, պետք է շփում հաստատել նրանց հետ, որպեսզի նրանք վստահեն ձեզ։

– Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ստոմատոլոգներին:

– Նախ, այս մասնագիտությունը բարդ է, պետք է մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին։ Ատամը ստոմատոլոգիայում փոքր նյութ է, որի մեջ այնքան բարդ վիրահատություններ են կատարվում։ Պետք է ամեն ինչ մանրամասն իմանալ․ սկզբում պետք է հասկանալ անատոմիան, հետո՝ պաթոլոգիան։ Երկրորդ, նրանց, ովքեր նոր են ընդունվում համալսարան, խորհուրդ կտամ ամեն ինչ ժամանակին սովորել, չթողնել ոչինչ վերջին պահին։ Իսկ ամենակարեւորը գործնական հմտություններին տիրապետելն է, որպեսզի մինչ բուհն ավարտելը գոնե կարողանաս ճիշտ բռնել ստոմատոլոգիական գործիքները։

– Ձեր կյանքի կարգախոսը.

– Գնալ դեպի երազանքը, չլսել ոչ ոքի և ամեն ինչ անել երազանքներն ու նպատակներն իրականացնելու համար։

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան