Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Այցելու պրոֆեսորը ԵՊԲՀ-ում դասախոսելու մեծ ցանկություն ունի

Այցելու պրոֆեսորը ԵՊԲՀ-ում դասախոսելու մեծ ցանկություն ունի

Արդեն չորս տարի է, ինչ ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը համալրել է կանադաբնակ վիրաբույժ Սարգիս Մետերիսյանը: Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, ՄակԳիլ համալսարանի Առողջապահական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի մեծահասակների ընդհանուր վիրաբուժության բաժնի գիտաշխատող Սարգիս Մետերիսյանը երկու անգամ է եղել Հայաստանում, բայց հույս ունի շուտով կրկին այցելել:

Հայազգի առաջատար մասնագետի հետ զրուցել ենք բժշկի մասնագիտության գրավչության, մարտահրավերների և առավելությունների, դեռևս չիրականացած երազանքների, նախասիրությունների և բժշկի համար կարևոր հատկանիշների մասին:

– Ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ: Երազե՞լ եք այդ մասին:

– Դեռ ավագ դպրոցից ինձ միշտ հետաքրքրել են կենսաբանությունը և մարդու մարմինը։ Քոլեջում հասկացա, որ ուզում եմ ստոմատոլոգիա սովորել։ Ճակատագրի հեգնանքով՝ հայ ստոմատոլոգների գրասենյակում ամառային աշխատանքը ստիպեց ինձ կասկածի տակ դնել կարիերայի հարցում իմ կողմնորոշումը: Քոլեջի վերջին կուրսում որոշեցի դիմել բժշկական ուղղվածությամբ դպրոց և ընդունվեցի առաջին իսկ փորձից՝ ի զարմանս ինձ, քանի որ գործընթացը շատ մրցակցային էր: Բժշկական դպրոցում հիացած էի անատոմիայով, և գործնական հմտությունների ձեռքբերման տարիներին ինձ մեծապես հետաքրքրեց վիրահատությունը: Ոգևորված էի վիրահատարան գնալու փաստով, և ուշադրությունս գրավեց հիվանդությունը հերձակով (scalpel) բուժելու գաղափարը: Ի վերջո, ընտրեցի կարիերան վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտում՝ դիտարկելով այն նաև որպես առաջադեմ հետազոտություններ կատարելու հնարավորություն: Ներկայումս ես զբաղված վիրաբույժ եմ, ինչպես նաև բժիշկ-գիտնական և անչափ երջանիկ եմ:

– Ինչպիսի՞ մարտահրավերների է բախվում բժիշկն իր գործունեության ընթացքում:

– Բժշկական մասնագիտության երկու ամենամեծ մարտահրավերները ժամանակն ու ռեսուրսներն են: Կցանկանայի, որ օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ լիներ հետազոտություններ անելու, դրամաշնորհներ գրելու, դասախոսություններ կարդալու և հիվանդներին զննելու համար: Շատ դժվար է համատեղել զբաղված կլինիկական գործունեությունը հաջող հետազոտական կարիերայի հետ: Ռեսուրսները միշտ մարտահրավեր են, լինի հիվանդանոցում թե լաբորատորիայում: Ամեն ինչ ֆինանսական միջոցների շուրջ է պտտվում, ուստի ես շատ ժամանակ եմ ծախսում դրամահավաքի և դրամաշնորհներ գրելու վրա: 

– Ի՞նչ առավելություններից է օգտվում բժիշկը:

– Քանի որ ես վիրաբուժության և ուռուցքաբանության ոլորտների պրոֆեսոր եմ, օգտվում եմ ուսանողների և կլինիկական օրդինատորների հետ աշխատելու առավելությունից: Նրանց շնորհիվ ես միշտ ծանոթ եմ լինում ժամանակակից գրականությանը, ինչպես նաև համբերատար ուսուցիչ եմ վիրահատարանում և դրանից դուրս: 

– Մի փոքր պատմե՛ք Ձեր կարիերայի մասին:

– Ակադեմիկոսների կարիերայի ուղին բարդ է. նրանց գնահատում են ստացված դրամաշնորհների և հրապարակված հետազոտությունների քանակով: Միևնույն ժամանակ, պետք է կլինիկորեն լավ մասնագետ լինել, որպեսզի բժիշկները հիվանդներին ուղղորդեն ձեզ մոտ: Կլինիկական և ոչ կլինիկական այս հավասարակշռությունը բարդ է և սթրեսային: Այս պատճառով է, որ շատ երիտասարդներ ընտրում են ոչ ակադեմիական կարիերան: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ ես վայելել եմ այս երկուսի խառնուրդը, քանի որ հետազոտությունն օգնել է իմ կլինիկական աշխատանքին և հակառակը: 

– Ունե՞ք երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:

– Ես բավականաչափ բախտավոր եմ ասելու, որ իմ երազանքների մեծ մասն իրականացել է, բացառությամբ ԵՊԲՀ-ում դասավանդելու հնարավորությունը։ Իմ երազանքն է լինել ԵՊԲՀ-ում՝ շրջապատված եռանդուն և լայն աչքերով ուսանողների կողմից, որոնք լսում են կրծքագեղձի քաղցկեղի կամ վիրաբուժական ուռուցքաբանության այլ ասպեկտների մասին իմ դասախոսությունները: Գիտեմ, որ այդ օրը կգա։ 

– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

– Ամուսնացած եմ 33 տարի և ունեմ 3 չափահաս երեխա, որոնցից որևէ մեկը չի ընտրել բժշկությունը՝ որպես մասնագիտություն: Ես ուրախ եմ, որ նրանք ընտրել են իրենց ուրույն կարիերայի ուղին, և նրանք բոլորն էլ շատ երջանիկ են։ Ունեմ սրամիտ և եռանդուն թոռնիկ ու հուսով եմ՝ շատերն էլ դեռ «ճանապարհին» են: 

– Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:

– Հանգստանում եմ՝ ոչ գեղարվեստական գրականություն կարդալով, ֆիլմեր դիտելով և իմ սիրելի շան՝ Ալբերտի հետ զբոսնելով: Ալբերտն օգնում է ինձ հանգստանալ, և ես խորապես հավատում եմ շների թերապիայի օգտակար հատկություններին: 

– Անդրադառնանք Հայաստանին. ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում բժշկության ոլորտը, ինչպես նաև ԵՊԲՀ-ի հետ համագործակցության մակարդակը։

– Կարծում եմ՝ վերջին 2 տասնամյակի ընթացքում բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել Հայաստանում։ Սփյուռքի բժիշկները, իմ համոզմամբ, պարտավոր են իրենց գիտելիքներով ու փորձով օգնել իրենց եղբայրներին ու քույրերին։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կընձեռվի հնարավորություն՝ ավելի մեծ մասնակցություն ունենալու ԵՊԲՀ-ի գործունեությանը: 

– Պլանավորու՞մ եք ապագայում այցելել Հայաստան:

– Երկու անգամ եղել եմ Հայաստանում և հույս ունեմ, որ շուտով կրկին կայցելեմ: 

– Որպես հարուստ մասնագիտական ուղի անցած փորձառու բժիշկ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին:

– Իմ խորհուրդն ապագա բժիշկներին՝ համոզվե՛ք, որ դուք պահպանում եք աշխատանքի և կյանքի հավասարակշռությունը: Քրտնաջան աշխատելը կարևոր է և կբերի ազգային ու միջազգային հաջողությունների, ճանաչման: Բայց միայն աշխատանքը բավարար չէ, կյանքը շատ արագ է անցնում։ Պետք է ժամանակ գտնել նաև ընտանիքի, նախասիրությունների համար: 

– Ի՞նչն է կարևոր բժշկի համար:

– Բժշկի համար ամենակարևորը վերլուծելու ունակությունն է։ Մտածե՛ք ձեր հաջողությունների և ձախողումների մասին: Գնահատե՛ք ձեր հաջողությունները և սովորե՛ք ձեր սխալներից: Մտածե՛ք ձեր կյանքի մասին․ որտե՞ղ եք դուք հիմա և որտե՞ղ եք ուզում լինել 10 տարի հետո: Աշխատե՛ք քրտնաջան՝ հոգ տանելով նաև ձեր և ձեր սիրելիների մասին:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան