100-ամյա պատմություն և ավանդույթներ ունեցող Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ներկայիս բժշկագիտության զարգացումներին և պահանջներին համահունչ, շարունակում է բարձրագույն բժշկական կադրերի պատրաստումը, որոնք համալրում են առողջապահական համակարգի կադրային ներուժը:
Յուրաքանչյուր ուսումնական տարին սկսվում է 1-ին կուրս ընդունելության արդյունքների ամփոփումից:
ՀՀ կառավարության կողմից հաստատված են 2022-2023 ուսումնական տարվա անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» և բակալավրի կրթական ծրագրով «Ֆարմացիա» մասնագիտություններով անվճար և վճարովի 1-ին կուրս ընդունելության տեղերը:
Ներկայումս բժշկական համալսարանում սովորում է 5320 ուսանող, որոնցից 1472 օտարերկրացի՝ աշխարհի 29 երկրից ուսումնառությունն անցնում է օտարերկրացիների ուսուցման դեկանատում:
ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ Մարինե Հայրապետյանը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, ներկայացնում է բժշկական բուհի ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, որոնք կհետաքրքրեն ինչպես ապագա բժիշկներին, այնպես էլ այս տարվա դիմորդներին:
-Տիկին Հայրապետյան, քանի՞ դիմորդ է նախատեսում ընդունել ԵՊԲՀ-ն այս տարի:
-Այս տարի մեր բուհին 1-ին կուրս ընդունելության անվճար համակարգի համար հատկացվել է ընդհանուր 91 տեղ, իսկ վճարովի համակարգին՝ 605 , «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությանը՝ 25 տեղ, որից 5-ը Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի համար, իսկ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ «Բուժական գործ» մասնագիտության ընդունելությանը՝ 2 տեղ:
ՀՀ կառավարությունն այս տարի նոր ձևաչափ է մշակել նպատակային տեղերի տրամադրմանը: Նախորդ տարիներին մեր բուհին 2 նպատակային տեղ էր հատկացվում՝ «Բուժական գործ» մասնագիտությամբ Սյունիքի տարածաշրջանի համար, իսկ 2022-2023 ուստարվա դիմորդների նպատակային ընդունելության համար «Բուժական գործ» մասնագիտությամբ հատկացվել է 19 նպատակային տեղ, որոնք նախատեսված են ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով դիմող դիմորդների համար, ընդ որում՝ Կոտայքի մարզին տրամադրվել է 1, իսկ մնացած մարզերին՝ 2-ական տեղ: Կարևոր է ընդգծել, որ յուրաքանչյուր տարի ընդունելության արդյունքներով ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնում:
Պետք է ընդգծել նաև, որ ընդունելության քննություններից հետո 1-ին կուրս հրամանագրված արական սեռի ուսանողները, որոնք մեկնում են ժամկետային զինվորական ծառայության, պետք է պարտադիր դիմում ներկայացնեն համալսարան՝ տարածքային զինվորական ստորաբաժանման ծանուցագրի առկայությամբ, որպեսզի ուսումնառությունը դադարեցվի զինծառայության ժամանակահատվածով, իսկ նրանց բացակայության պարագայում դիմումը կարող է ներկայացնել ծնողը: Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է, այն իմաստով, որ չներկայանալու պարագայում սեպտեմբերին գրանցվում է անհարգելի բացակայությունների ժամաքանակ, որը կարող է հիմք դառնալ բուհից հեռացման համար:
-Ի՞նչ տեղեկատվության պետք է տիրապետի մասնագիտության հարցում կողմնորոշված, բժշկի մասնագիտություն ընտրած դիմորդը:
-Դիմորդներին հետաքրքրող հարցերից են ուսումնական գործընթացը համակարգող կանոնակարգերը: Հաճախ են դիմորդները դիմում ուսումնամեթոդական վարչություն՝ հարցնելով ուսումնառության ընթացքի, տևողության, անցկացվող պրակտիկաների, գործնական ունակությունների ձեռբերման, ատեստավորման ձևաչափերի, վարձաչափերի, ուսման վարձի փոխհատուցման` զեղչերի վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:
Այստեղ պետք է նշեմ, որ բոլոր հարցերի պատասխանները կարող են գտնել ԵՊԲՀ պաշտոնական www.ysmu.am կայքի՝ «Իրավունք» դարանում, որտեղ առկա են ուսումնառությանը վերաբերող բոլոր ընթացակարգերը:
Կրթությունն իրականացվում է առկա ձևաչափով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գիտելիքների ստուգումը կազմակերպվում է բանավոր, գրավոր և էլեկտրոնային թեստավորման ձևով: Էլեկտրոնային թեստավորման ձևաչափով ուսանողի գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակն է ապահովել սովորողների գիտելիքների անաչառ և անկողմնակալ գնահատում, նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը, ապահովել գիտելիքների գնահատման թափանցիկությունը, ունենալ ուսումնական նյութի լայն ընդգրկվածությունը, կիրառել տարբեր ձևաչափերի թեստային առաջադրանքներ: Այս ձևաչափը կարևոր նշանակություն ունի բարձր առաջադիմությամբ ուսանողների ամենամյա փոխատեղման մրցույթի մասնակցության՝ ռոտացիայի համար օբյեկտիվ գնահատման հարցում:
-Բժշկի մասնագիտություն ստանալիս տեսական գիտելիքներին զուգահեռ շատ կարևոր են ապագա բժիշկների գործնական հմտությունները: Ինչպե՞ս են կազմակերպվում սովորողների ուսումնական պրակտիկաները ԵՊԲՀ-ում:
-2014 թվականին հիմնադրվեց Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը, որը գտնվում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում: Այս կենտրոնի միջոցով մեր բուհի կրթական համակարգում ներդրվել է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, այնպիսի նորարարական կրթական մեթոդ, որը թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները, և ապագայում իրենց մասնագիտական գործունեության ընթացքում նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը: Կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Կենտրոնում ուսումնառում են բոլոր ֆակուլտետների 1-ին և ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսերի ուսանողները: 2021 թվականից կլինիկական առարկաների դասընթացում բժշկական կրթության մեջ առաջին անգամ փորձարկվեց «արհեստական ինտելեկտի» գործիքը, որն ապագայում կօգնի որակական առաջընթաց ապահովել ուսանողների կլինիկական մտածելակերպի ձևավորման մեջ:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար բուհի գլխավոր մասնաշենքում գործում է Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, որտեղ ապագա ստոմատոլոգները ձեռք են բերում գործնական հմտություններ: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար մի կրթական համալիր, որն հագեցած է հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Ինչ վերաբերում է ուսումնական պրակտիկաներին, ապա տեղեկացնեմ, որ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-6-րդ և ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-5-րդ կուրսերում մասնագիտական պրակտիկաները կազմակերպվում են կիսամյակի ընթացքում: Պլանային պրակտիկաներից բացի, ուսանողական նախապատվություններին ընդառաջ, պետք է ստեղծվեն լրացուցիչ պրակտիկաների հնարավորություններ, որի վերաբերյալ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդում ներկայացվել է պրակտիկաների կազմակերպման նոր հարթակը:
-Ի՞նչ իրավունքներ և պարտավորություններ ունի ԵՊԲՀ ուսանողը:
– Բժշկական համալսարանի ուսանողը պարտավոր է ուսումնառության ընթացքում ծանոթանալու համալսարանի ներքին կարգապահական կանոններին, ուսանողական իրավունքներին և պարտականություններին և ուսումնական գործընթացը կարգավորող մի շարք իրավական ակտերին: Ուսումնառության ընթացքում ատեստավորման գործընթացում ուսանողը պետք է հաղթահարի և ունենա սահմանված նվազագույն շեմի գիտելիքներ: Ուսանողն իրավունք ունի և կարող է մասնակցել համալսարանական կրթական, հետազոտական ծրագրերին, գիտաժողովներին, սեմինարներին և համալսարանական այլ միջոցառումներին, ստանալ ուսման վճարի փոխհատուցում (զեղչ)՝ համաձայն ՀՀ օրենսդրությանը և համալսարանի կողմից սահմանված կարգի, իրավունք ունի նաև ուսման վարձը վճարել ուսումնական տարվա ամիսներով՝ կրթության մասին պայմանագրով նախատեսված պայմաններով:
Ուսանողի ցուցաբերած ուսման բարձր առաջադիմությունն ու կարգապահությունը խրախուսելու նպատակով բուհը տրամադրում է անվանական կրթաթոշակ՝ սահմանված պահանջներին համաձայն: Ավանական կրթաթոշակները, ըստ հատկացման քանակի, կրում են առողջապահության ոլորտում բազմամյա ներդրում ունեցող անվանի անձանց անունները՝ «Մխիթար Հերացու» , «Վահան Արծրունու», «Հակոբ Հովհաննիսյանի», «Լևոն Հովհաննիսյանի», «Գրիգոր Արեշյանի», «Ռուբեն Յոլյանի», «Բարդուղիեմոս Ֆանարջյանի», «Լևոն Օրբելու»: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտի համար՝ «Մերուժան Ստեփանյանի» անվան, որին կարող են հավակնել ռազմաբժշկական ոլորտում զինծառայողների, արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ առանձնակի հոգատարություն ցուցաբերած ռազմաբժշկական ֆակուլտետի առավել բարձր առաջադիմություն ունեցող կուրսանտները: Անվանական կրթաթոշակները տրամադրվում են մեկ ուսումնական տարվա համար:
Կարևոր տեղեկատվություն է նաև ուսանողների ակադեմիական շարժունությունը՝ բուհից-բուհ և ներբուհական տեղափոխությունները: Վերջին 5 տարվա ընթացքում՝ 1 տարվա կտրվածքով, ուսանողների ակադեմիական շարժունության թիվը 94 է, որից 36-ն՝ այլ բուհերից, 58-ը՝ ներբուհական:
-Այս տարի ԵՊԲՀ-ն պատրաստվում է միջազգային հավատարմագրման գործընթացին: Որքանո՞վ է կարևոր այն բժշկական կադրեր պատրաստող բուհի համար:
Բժշկական համալսարանը 2021 թվականին վեց տարի ժամկետով անցավ ենթակառուցվածքային հավատարմագրում: Բուհի այսօրվա հրամայականը միջազգային հավատարագրման գործընթացն է: Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումը կմեծացնի համալսարանում կրթություն ստանալու ցանկություն ունեցող շահագրգիռ անձանց թիվը, կապահովի միջազգային կառույցներում բուհի որակը՝ առավել մեծ ճանաչում բերելով:
-Տիկին Հայրապետյան, ի՞նչ կմաղթեք դիմորդներին և ապագա բժիշկներին:
-Հարցազրույցի ավարտին, մեր բուհի դիմորդներին կցանկանայի մաղթել ընդունելության քննություների բարեհաջող ավարտ և բարի գալուստ 1-ին կուրս, իսկ ուսանողներին նորանոր գիտելիքների ձեռբերում ողջ ուսումնառության ընթացքում:
Հարցազրույցը` Մարգարիտա Մխիթարյանի