Նորվեգիայում բնակություն հաստատած և հաջող մասնագիտական գործունեություն ծավալող Դավիթ Աղայանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է, բժշկական բուհի Վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսոր։
Դավիթ Աղայանը վիրաբույժ և ավագ գիտաշխատող է Օսլոյի համալսարանական հիվանդանոցում։
36-ամյա բժիշկը 40 գրախոսվող հոդվածի, 3 գրքի և միջազգային ամսագրերում տասնյակ հրապարակումների հեղինակ և համահեղինակ է։
Երիտասարդ և արդեն կայացած մասնագետի հետ զրուցել ենք բժիշկ դառնալու պատճառների, դժվարությունների, բժշկի մասնագիտության մարտահրավերների ու առավելությունների, մայր բուհի հետ համագործակցության, ինչպես նաև երազանքների մասին։
– Ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ: Մանկության երազա՞նք էր։
– Նախ շնորհակալ եմ Ձեր հետաքրքրության և այս հնարավորության համար։ Ինձ համար մեծ պատիվ է հարցազրույց տալ իմ ALMA MATER-ին:
Այո՛, մանկությանս երազանքն է եղել բժիշկ դառնալը։ Գիտեի, որ այս մասնագիտության շնորհիվ կարող եմ օգնել, փրկել մարդկանց, ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկական տառապանքներից: Գուցե, ընտրությանս վրա էապես ազդել է այն փաստը, որ մանկությունս անցկացրել եմ Սյունիքում՝ Կապանում, որն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ենթարկվել է ռմբակոծությունների, և իմ ընտանիքը, ինչպես նաև հազարավոր այլ հայ ընտանիքներ, շատ անքուն գիշերներ է անցկացրել ապաստարաններում։
– Ի՞նչ մարտահրավերներ կառանձնացնեք բժշկի մասնագիտության մեջ:
– Բժիշկների առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ սկսած անձնական մարտահրավերներից մինչև մարտահրավերներ, որոնք առնչվում են էթիկական ասպեկտներին և ընդհանրապես առողջապահական համակարգին: Լուրջ հիվանդություններից կամ վնասվածքներից տառապող հիվանդների հետ առնչվելու հուզական և հոգեբանական ապրումները կառավարելն ամենամեծ մարտահրավերներից մեկն է նրանց համար, որոնք դեռ նոր են սկսում աշխատել որպես բժիշկ: Մեկ այլ մեծ մարտահրավեր է ծանրաբեռնվածության և երկար աշխատանքային ժամերի կառավարումը, ինչը կարող է հանգեցնել հոգնածության և ուժասպառ վիճակի: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է հետևել վերջին բժշկական հետազոտություններին և առաջընթացին, ինչպես նաև առողջապահական քաղաքականության և կանոնակարգերի փոփոխություններին:
– Ի՞նչ առավելություններ ունի բժշկի աշխատանքը։
– Հիմնական առավելությունը, որից օգտվում են բժիշկները, անձնական և մասնագիտական բավարարվածությունն է՝ օգնելով հիվանդներին և դրականորեն ազդելով նրանց կյանքի որակի վրա: Բժշկագիտությունը շատ հարգված և հեղինակավոր մասնագիտություն է, և հասարակությունը սովորաբար բարձր է գնահատում բժիշկներին: Կարևոր առավելություն է շարունակական ուսուցումը, որն աշխատանքը դարձնում է ինտելեկտուալ խթանիչ։ Բժիշկ լինելը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում․ դա սթրեսային և պահանջկոտ մասնագիտություն է:
– Խնդրում եմ, պատմե՛ք Ձեր կարիերայի և անցած մասնագիտական ուղու մասին: Արդյո՞ք այն հեշտ էր։
– Կարճ պատասխանն է՝ ոչ։ Բայց, իհարկե, եղել են ինչպես դժվար, այնպես էլ համեմատաբար հեշտ իրավիճակներ: Եղել են նաև իրավիճակներ, որոնցից կարելի էր հրաժարվել, բայց ինձ միշտ առաջնորդել են անսպառ հետաքրքրությունն ու սերը, որ ունեմ այս մասնագիտության հանդեպ։ Իմ կարգախոսն է «հանգիստ և համբերատար լինել»։ Բացի դրանից, ես դեռ բարձրանում եմ կարիերայի իմ սանդուղքով և նույնիսկ կեսին չեմ հասել:
– Ո՞վ է Ձեզ ոգեշնչել կամ ոգեշնչում այս ճանապարհին:
– Ոգեշնչվել եմ յուրաքանչյուր մարդուց, ում հետ աշխատել եմ՝ բուժքույրերից, օրդինատորներից, ավագ բժիշկներից, պրոֆեսորներից: Ցանկը շատ երկար է, բայց կցանկանայի նշել բժիշկ Էլման Ամիրյանին, որն ինձ համար բացահայտեց ընդհանուր վիրաբուժությունը, ինչն էլ ինձ օգնեց նեղ մասնագիտացման ընտրության հարցում։ Պրոֆեսոր Արթուր Սահակյանը` ամենաակնառու վիրաբույժ-ուռուցքաբանը, ում հետ երբևէ աշխատել եմ, իմ մենթորն էր նախքան Նորվեգիա տեղափոխվելս: Պրոֆեսոր Սահակյանն օրինակ է բազմաթիվ հայ վիրաբույժների համար։ Իմ նորվեգացի ղեկավար և ավագ ընկեր պրոֆեսոր Բյորն Էդվինը՝ աշխարհում առաջատար լապարասկոպիկ վիրաբույժ և գիտնական, ոգեշնչեց և օգնեց ինձ մուտք գործել գիտության աշխարհ, ինչի արդյունքում բազմաթիվ հոդվածներ տպագրվեցին հեղինակավոր բժշկական ամսագրերում:
– Կարո՞ղ եք հիշել իրադարձություններ, որոնք շրջադարձային էին Ձեր մասնագիտական կյանքում:
– Առաջին շրջադարձը մասնագիտացման ընտրությունն էր (ընդհանուր վիրաբուժություն) և օրդինատուրայի մեկնարկը, երբ արդեն կարող էի աշխատել տարբեր հիվանդանոցներում։ Ես հայտնվեցի պրոֆեսոր Սահակյանի թիմում, որտեղ հանդիպեցի ֆանտաստիկ մասնագետների ու կարճ ժամանակահատվածում շատ բան սովորեցի։ Մեկ այլ շրջադարձային կետ դարձավ այն, որ ընդգրկվեցի պրոֆեսոր Էդվինի գիտական թիմում՝ որպես վիրաբուժական ուռուցքաբանության ոլորտի գիտաշխատող, և արդյունքում հաջողությամբ պաշտպանեցի գիտական թեզս՝ պրոֆեսոր Էդվինի, դոկտոր Օսմունդ Ֆրետլանդի և հայազգի անվանի գիտնական, իմ լավ ընկեր պրոֆեսոր Հայրազատ Ղազարյանի ղեկավարությամբ: Սա օգնեց ինձ ընդլայնել մտածելակերպս մեկ հիվանդից դեպի ամբողջ բնակչություն և հակառակը:
– Ի՞նչ կասեք հայաստանյան մասնագետների հետ համագործակցության մասին։ Ըստ Ձեզ՝ որո՞նք կարող են լինել ԵՊԲՀ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտները։
– Ես բաց եմ Հայաստանում աշխատող իմ գործընկերների հետ ցանկացած համագործակցության համար (ինչով էլ ներկայումս զբաղվում եմ), բայց կարծում եմ, որ այս համագործակցությունն ընդլայնման ավելի մեծ ներուժ ունի: Մի քանի տարի առաջ՝ մասնավորապես, 2019 թվականին, նորվեգացի գործընկերներիս՝ պրոֆեսորներ Բյորն Էդվինի, Կնուտ Յորգեն Լաբորիի և դոկտոր Ասմունդ Ֆրետլանդի հետ եկել էինք Երևան՝ մասնակցելու HPB վիրաբուժության սիմպոզիումին, որտեղ մենք դասախոսություններ անցկացրինք և կատարեցինք վիրահատություն (լապարասկոպիկ լյարդի ռեզեկցիա): Համագործակցության նման օրինակները կարող են ավելի հաճախակի լինել, և մենք պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի ավելի շատ շահենք նման փոխգործակցությունից:
– Ունե՞ք երազանքներ, որոնք դեռ չեն իրականացել:
– Երազանքները մեր կյանքի հիմնական շարժիչ ուժն են, և երազանքներ ու նպատակներ ունենալով է, որ մենք առաջ ենք շարժվում ու զարգանում։ Ընդհանուր առմամբ՝ որպես բժիշկ և հայ՝ երազում եմ հայրենիքս տեսնել զարգացած երկրի կարգավիճակում՝ զարգացած առողջապահական համակարգով և հիվանդանոցներով։ Առողջապահական համակարգ, որը թույլ կտա բոլորին, անկախ իրենց սոցիալական և ֆինանսական կարգավիճակից, ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն՝ ստանդարտ բժշկական ստուգումներից մինչև առաջադեմ բուժում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ավելի ջանասիրաբար աշխատի՝ դրան հասնելու համար:
– Հասցնու՞մ եք հանգստանալ:
– Այո, փորձում եմ, և, կարծում եմ, դա ինձ մոտ ստացվում է։ Հանգստանալը կարևոր է. մեզ բոլորիս ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կտրվել առօրյա կյանքից և վերալիցքավորվել թե՛ մտավոր առումով, թե՛ ֆիզիկապես: Հաճույք եմ ստանում՝ ընտանիքիս և ընկերներիս հետ ժամանակ անցկացնելով, ճանապարհորդելով։ Փորձում եմ ակտիվ լինել նաև ֆիզիկապես՝ ֆուտբոլ խաղալով, դահուկներով սահելով, արշավների գնալով:
– Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին։
– Բժիշկների համար մասնագիտական տեղեկատվության սահմանափակում չկա․ այն մենք ստանում ենք ամեն օր: Բժշկությունը մշտապես զարգանում է, այնպես որ կարիերայի ընթացքում բաց եղե՛ք շարունակական ուսուցման և մասնագիտական զարգացման համար: Միևնույն ժամանակ հիշե՛ք, որ պետք է հոգ տանել ձեր մասին, հոգ տանել ձեր ֆիզիկական և մտավոր առողջության մասին, քանի որ ուժասպառությունը և սթրեսը կարող են բացասաբար ազդել ձեր կատարողականության և բարեկեցության վրա:
Միշտ կարեկցանք ունեցե՛ք բուժառուների հետ շփումներում: Այն օգնում է ձևավորել վստահություն և հսկայական ազդեցություն ունի հիվանդների խնամքի և ապաքինման վրա։ Եվ, վերջինը, բայց ոչ պակաս կարևորը, թիմային աշխատանքն է: Առողջապահությունը և բժշկագիտությունը թիմային աշխատանք են, և հաջողությունը կախված է ուրիշների, ներառյալ գործընկերների, անձնակազմի և հիվանդների հետ արդյունավետ աշխատանքից: Առանց համագործակցության ոչ մի պրոֆեսոր կամ հայտնի մասնագետ չէր ունենա հաջող կարիերա։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան