Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկությունն ավելի շատ ապրելակերպ է, քան մասնագիտություն. Անի Ռափյան

Բժշկությունն ավելի շատ ապրելակերպ է, քան մասնագիտություն. Անի Ռափյան

Տեսական գիտելիքները գործնականում  կիրառելը բժշկական  համալսարանում ուսումնառության գործընթացի անքակտելի մասն է։ ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը բուհի այն շրջանավարտներից է, ում կյանքում ուսանողական  նստարանից դեպի ամբիոն անցումը երկար չտևեց։ Տևական ժամանակ է նա դասավանդում է ապագա բժիշկներին Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնում և սեփական օրինակով ապացուցել է, որ լավ սովորելը բժշկի մասնագիտության մեջ հաջողությունների հասնելու առաջնային պայման է։

Անի՛, Դուք գերազանցությամբ եք ավարտել ԵՊԲՀն, սովորելու տարիներին  բարձր առաջադիմությունից բացի՝ ճանաչվել եք լավագույն ուսանող, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու եք եղել,  զուգահեռաբար  նաև ակտիվ դերակատարում  եք ունեցել  Ուսանողական խորհրդարանի աշխատանքներում, ղեկավարել եք այս կառույցը,  ինչո՞ւ  ընտրեցիք բժշկի ուղին և ի ՞նչ տվեց Ձեզ ուսումնառությունը բժշկական համալսարանում։

-Բժշկի ուղին տարբերվող է և՛ իր դժվարության, և՛ իր պատվաբերության աստիճանով: Մարդու ամենաթանկ ունեցվածքը կյանքն է, և բժիշկն իր գործունեության ընթացքում շատ հաճախ փրկում կամ ավելի լավն է այն դարձնում: Բժիշկ լինելն ավելի շատ ապրելակերպ է, քան մասնագիտություն: Մարդասիրություն, պատասխանատվություն, կարեկցանք, պրոֆեսիոնալիզմ… հեշտ չէ ունենալ այս ամենը: Եվ հենց դա էլ ինձ տարավ դեպի բժշկի ուղին: Այս ճանապարհն ինձ անընդհատ ուժեղացնում է, ավելի  ընդլայնում աշխարհայացքս: Բժշկական համալսարանում ուսանողական տարիներս շատ հագեցած են անցել: Այստեղ մեծ փորձ ու ինքնաբացահայտման հնարավորություններ է ինձ տվել Ուսանողական խորհրդարանը: Շատ հաճախ այնտեղ տիրող ակտիվ ու դրական մթնոլորտը լիցքաթափող է եղել ինձ համար՝ մասնագիտական ծանր իրավիճակներում: Մտերիմ ընկերներ, զվարճալի պատմություններ, ջերմ հիշողություններ… միայն մասնագիտությունը չէ, որ ձեռք եմ բերել բժշկականում:

յժմ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի ասպիրանտ եք, ինչո՞ւ  որոշեցիք մասնագիտանալ հենց սրտաբանության ոլորտում։

-Ավելի ցածր կուրսերում, երբ դժվարությունների հանդեպ միայն ռոմանտիկ վերլուծությունն էր գերակշռում, որոշել էի սրտային վիրաբույժ դառնալ: Սիրտը միշտ ասոցացրել եմ կյանքի հետ և՛ բառի բուն, և՛ փոխաբերական իմաստով: Ուզում էի ձեռքերիս մեջ զգալ սրտի աշխատանքը: Հետո, երբ դժվարությունների հանդեպ ռոմանտիկ պատկերացումներն իրենց տեղը զիջեցին ռեալ մտածելակերպին, կյանքում մեր դերի պատկերացմանը, որոշեցի մասնագիտանալ ոչ թե սրտային վիրաբուժության, այլ սրտաբանության ոլորտում: Բժշկության մեջ թերապևտիկ մտածելակերպը, ընդհանուր առմամբ,  ինձ ավելի հարազատ է, քան վիրաբուժականը:

-Կարելի է ասել, որ  սովորելով ասպիանտուրայում կանխորոշել եք Ձեզ համար թե՛ կլինիկական, թե՛ գիտական գործունեություն։ Ո ՞րն է ավելի հոգեհարազատ։

-Ես իմ մտածելակերպով ավելի շատ կլինիցիստ եմ, բայց ամեն օր զարգացող մասնագիտության մեջ առանց գիտական գործունեության չես կարող առաջ շարժվել: Երկուսն էլ փոխկապակցված են միմյանց հետ: Կարծում եմ՝ լիովին համադրելի են գիտությունը և կլինիկան բժշկության մեջ:

-Փստորեն նաև դասավանդում եք։ Դասախոս-ուսանող հաղորդակցությունը հեշտ է ստացվո՞ւմ, լսարան մտնելիս չկային վախեր,  չէ՞ որ սովորողների հետ մեծ տարիքային տարբերություն չունեք։

-Սիրով եմ դասավանդում: Դասախոսական գործունեությունն ինձ հոգեհարազատ է: Շատ մեծ դրական էներգետիկ դաշտ եմ իմ վրա զգում ուսանողների միջավայրում: Տարիքային փոքր տարբերությունը երբևէ չի խանգարել, հակառակը՝ դասերն ավելի անկաշկանդ մթնոլորտում են անցնում: Ցանկացած ուսանող դասախոսից մեկ ակնկալիք ունի՝ գիտելիք: Եթե կարողանում ես դա տրամադրել, որևէ խանգարող հանգամանք չի կարող առաջանալ:

Կարճ ժամանակ առաջ Ձեզ վստահվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը, ի ՞նչ ակնկալիքներ ունեք այս զբաղվածությունից։

-Բուհի հոգաբարձուների խորհրդի քարտուղար լինելը մեծ պատիվ է ինձ համար: Դա ինձ ուղղված մեծ վստահություն էր խորհրդի անդամների կողմից: Եվ այստեղ ավելի շատ պատասխանատվության զգացումն է մեծ, քան ակնկալիքները: Ուրախ կլինեմ, եթե կարողանամ նպաստել հարազատ բուհիս զարգացմանը:

 ՞նչ խորհուրդ կտաք  կամ կմաղթեք այն ուսանողներին, երիտասարդներին, ովքեր արդեն ընտրել են կամ առաջիկայում պատրաստվում են ընտրել բժշկությունը որպես մասնագիտություն, ինչպես հաղթահարել այն դժվարությունները, որոնք անխուսափելի են լավ մասնագետ, հատկապես բժշիկ դառնալու ճանապարհին։

Բժշկի մասնագիտությունը լավագույնն է ինձ համար: Այո՛, լավ բժիշկ հեշտությամբ չեն դառնում: Մեծ ջանքեր, աշխատասիրություն, կամքի ուժ է պետք այս ճանապարհով գնալու համար: Խորհուրդ կտամ երբեք չհանձնվել և չվախենալ դժվարություններից, իսկ դժվարություններ միանշանակ կլինեն, անկումներ նույնպես, բայց որպես սրտաբան կասեմ՝ կյանքը վերելքների ու վայրէջքների մեջ է: Ուղիղ գիծն իմ մասնագիտության մեջ այլևս կյանքի նշան չէ: 

 

Հարցազրույցը՝ Տաթևիկ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Անի Ռափյանի անձնական արխիվից