Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճակատագրի բերմամբ ստոմատոլոգ դարձած Լազար Եսայանը. Լավ մասնագետ լինելու համար նախ պետք է լավ մարդ լինել

Ճակատագրի բերմամբ ստոմատոլոգ դարձած Լազար Եսայանը. Լավ մասնագետ լինելու համար նախ պետք է լավ մարդ լինել

Հայաստանում ստոմատոլոգիայում գրանցված հաջողություններն ակնհայտ են: Մեր երկրում ստոմատոլոգների պակաս չի զգացվում, ոլորտի մասնագետներն էլ փաստում են՝ լավագույն մասնագետները Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ են: Հայաստանում ստոմատոլոգիական կրթության ոլորտում առկա խնդիրների ու ձեքբերումների մասին զրուցել ենք ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀԱԱ նախագահ Լազար Եսայանի հետ:      

-Պարոն Եսայան, ինչպիսի՞ ձեռքբերումներ է ունեցել Ստոմատոլոգիական ֆակուլտետն այս ուսումնական տարվա ընթացքում: Ի՞նչ քայլեր են տարվում կրթության որակի բարելավման ուղղությամբ:

-Ստոմատոլոգիական ֆակուլտետի ձեռքբերումներն այս տարի բավականին շատ են: Ընթացիկ տարում տարբեր ուղղություններով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ կրթության որակի բարելավման համար: Մոսկվայի ժողովուրդների բարեկամություն համալսարնի հետ կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ ԵՊԲՀ-ում անցկացվող վերապատրաստումները ընդունելի են լինելու ՌԴ-ում ու հավասարազոր են Ռուսաստանում անցկացվող վերապատրաստումներին: Այդ դասընթացները համատեղ իրականացվելու են ինչպես հայ, այնպես էլ ռուս մասնագետների կողմից:

Պետք է առանձնացնեմ Ստոմատոլոգների հայ-ամերիկյան միջազգային առաջին վեհաժողովը, որին արտասահմանից հրավիրաված էր մոտ 36 դասախոս: Այստեղ էր նաև Ստոմատոլոգների համաշխարհային կազմակերպության նախագահ Կեթրին Քելլը և փոխնախագահ Գերհարդ Սիբերգերը, որոնց մասնակցությամբ տեղի ունեցավ մեր գերագույն հաջողության՝ ստոմատոլոգիայի գերազանցության կենտրոնի բացման արարողությունը: Այն մեծ ձեռքբերում է ուսումնական պրոցեսում դասընթացները  ճիշտ կազմակերպելու համար: Այսօր մենք հնարավորություն ունեք իրականացնել ձեռքի հմտության դասընթացներ ուսանողների և կլինիկական օրդինատորների համար, ինչը  մեծ նշանակություն ունի լավ բժիշկ պատրաստելու ճանապարհին:

Կրթության որակի բարելավման ուղղությամբ մեր աշխատանքները շարունակական են ու անընդհատ: Առաջիկայում նախատեսում ենք հրավիրել մասնագետներ, անցկացնել սեմինարներ, այդ թվում՝ ձեռքի հմտության դասընթացներ: Վերջերս Իտալիայի Ջենովա քաղաքի բժշկական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել ստոմատոլոգիական ֆակուլտետում բացելու այդ համալսարանի «Լազերային ստոմատոլոգիա» մագիստրոսական կուրսի մասնաճյուղ, որտեղ կրթությունը կլինի անգլերեն՝ տարբեր երկրների մեր գործընկերների մասնակցությամբ: Հույս ունեմ, որ 2019 թվականին այդ համաձայնագիրը կյանքի կկոչվի: Բացի լազերային ստոմատոլոգիայից՝ նախատեսվում է նաև այլ մագիստրոսական ծրագրերի իրականացում:

Մենք նպատակ ունենք բուհում կրթության որակի բարձրացմանը զուգահեռ՝ զարգացնել նաև շարունական կրթությունը՝ մեր կոլեգաների մասնագիտական  գիտելիքները անընդհատ հարստացնելով: Այդ աշխատանքների շրջանակներում, բժշկական համալսարանը, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ, ամեն ամիս Հայաստանի տարբեր շրջաններում անց է կացրել մասնագիտական կոնֆերանսներ: Վերջինները նպաստում են մասնագիտական զարգացմանը՝ օգտակար լինելով մեր բնակչությանը:

-Ինչպիսի՞ ստոմատոլոգներ է կրթում ԵՊԲՀ-ն՝ պատրաստվածության տեսանկյունից:

-Հայտնի է, որ ԵՊԲՀ շրջանավարտները հիմնականում շատ պատրաստված են: Դա ոգևորող հանգամանք է: Մեր բուհն ավարտած մասնագետները գործում են աշխարհի տարբեր երկրներում: Չնայած այն հանգամանքին, որ հաճախ լավագույն մասնագետները նախընտրում են աշխատել արտերկրում, այս հարցի դրական կողմն այն է, որ նրանք բարձր են պահում երկրի ու բուհի պատիվը դրսում:

-Ստոմատոլոգիան Հայաստանում ինչպիսի՞ հաջողություններ է արձանագրել

-Ստոմատոլոգիայի գրանցած հաջողություններն ակնհայտ են: Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ ինչպես օտարերկրացի պացիենտները, այնպես էլ արտասահմանցի մեր հայրենակիցները նախընտրում են իրենց ստոմատոլոգիական խնդիրները լուծել Հայաստանում: Նրանք հիմնականում գոհ են հեռանում՝ ինչպես որակական, այնպես էլ սպասարկամ տեսանկյունից: Այլ երկրների հետ համեմատ՝ մեր երկրում ընդունված  ցածր գները՝ միջազգային մակարդակի ծառայության դիմաց,  նպաստում են Հայաստանում առողջապահական տուրիզմի զարգացմանը:

Մեր ոլորտում խնդիրներ ևս կան: Ամենատարածվածը՝ ստոմատոլոգների մեծ թիվն է, որի արդյունքում մրցակցությունը բերում է, ոչ թե որակի, այլ անորակության: Երբ խոսվում է ստոմատոլոգների մեծ թվի մասին, դրա մեծ բաժինը պատկանում է  մասնավոր բուհերի «արտադրությանը»: Իմ տեսակետի համաձայն, որի հետ շատերը գուցե չհամաձայնեն, բժշկական կրթությունը պետք է լինի պետական մենաշնորհ:

ԸՆդհանուր առմամբ, եթե ոլորտում ինչ-որ տեղ բացթողումներ լինում են, մեր աշխատանքի միջոցով փորձում ենք լրացնել դրանք:

– Մասնավոր բուհերն իրենց կրթական ծրագրերով կարո՞ղ են մրցակցել ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի հետ:

-Մասնավոր բուհերի հետ մրցակցություն կարող ենք ասել չկա, քանի որ վերջիններս չունեն այն ուսումնագիտական  պոտենցիալը, որն ունի ԵՊԲՀ-ն:

-Բժշկի մասնագիտությունը սովորաբար սերնդեսերունդ է փոխանցվում: Այսօր էլ է այդպե՞ս: Կպատմե՞ք` ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը:

-Ես նույնպես բժիշկների ընտանիքից եմ: Ծնողներս, բնականաբար, ցանկանում էին, որ ընդունվեի բուժական ֆակուլտետ: Գիտակից տարիքում ես արդեն գիտեի, որ ուզում եմ բժիշկ դառնալ, բայց թե ինչ մասնագիտացում պետք է ունենայի՝ դեռևս որոշված չէր: 8-րդ դասարանում իմ այցելությունն ատամնաբույժի ճակատագրական եղավ: Ստացվեց այնպես, որ ատամս բուժելու համար կատարված անզգայացումը չէր ազդել, ու նյարդը հեռացնելու ժամանակ իմ ինքնազգացողությունը վատացավ: Ինձ համար դա ճակատագրական եղավ, և ես ընտրեցի ստոմատոլոգի մասնագիտությունը՝ այն ժամանակ մտածելով, որ ես պետք է ոչ մեկին ցավ չպաճառեմ: Հիմա գիտակցում եմ, որ ցավն ախուսափելի է՝ ասեղի ծակոցն էլ կարող է ցավ պատճառել:

-Վերջերս վերընտրվեցիք դեկանի պաշտոնում: Որո՞նք են լինելու հետագա գործունեության առաջնահերթությունները:

-Աշխատելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք և աշխատում ենք՝  առաջնահերթությունն ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացումն է: Ես մշտապես ուսանողների մեջ սերմանում եմ այն միտքը, որ նախքան լավ մասնագետ լինելը նախ պետք է լավ մարդ լինել, որի արդյուքում էլ հնարավոր է շատ բաների հասնել: Ուսանողների հետ շատ հաճախ են լինում շփումները, բոլոր հարցերը քննարկվում են և ժամանակի ընթացքում ստանում իրենց լուծումները:

                                                                               Հարցազրույցը՝ Մարգարիտա Մխիթարյանի
                                                                                             Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի