Բժշկական ֆիզիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր Արմեն Քոչարյանը մասնագիտացած է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բնագավառում։
ԱՄՆ Հյուսթոնի մեթոդիստական հիվանդանոցի ավագ ֆիզիկոսն ու Վեյլ Քորնելի բժշկական քոլեջի դոցենտը 1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ՝ ստանալով բնական գիտությունների դոկտորի կոչում։
1986-87 թվականներին, որպես այցելու գիտնական, աշխատել է Օսլոյի համալսարանի քիմիայի ամբիոնում, 1994-1996թթ․ եղել է այցելու գիտնական Վիսկոնսինի Մեդիսոնի համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնում։ 1998-2002թթ. Արմեն Քոչարյանը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ֆիզիկայի ոլորտում մասնագիտացած գիտաշխատող էր Մինեսոտա նահանգի Ռոչեսթերի «Մայո» կլինիկայի ռադիոլոգիայի ամբիոնում։ 2011 թվականից Ռադիոլոգիական բժշկական ֆիզիկայի ամերիկյան ռադիոլոգիայի խորհրդի պատվիրակ է, իսկ 2019 թվականի՝ Մագնիսառեզոնանսային անվտանգության ամերիկյան խորհրդի պատվիրակ՝ որպես մագնիսառեզոնանսային անվտանգության փորձագետ։
Պրոֆեսորի և բժշկական ֆիզիկոսի հետ զրուցել ենք մասնագիտական կողմնորոշման, կայացման ճանապարհի դժվարությունների, ընտանիքի, հայրենիքի հանդեպ կարոտի և փորձի փոխանակման պատրաստակամության մասին։
– Ինչու՞ և ինչպե՞ս որոշեցիք մասնագիտանալ բժշկական ֆիզիկայի բնագավառում:
Ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ ԵՊՀ-ում։
Երբ Խորհրդային միությունը փլուզվեց, սկսեցի մասնագիտական կատարելագործման հնարավորություններ փնտրել։ 1 տարի աշխատեցի Նորվեգիայի Օսլոյի համալսարանում՝ որպես այցելու գիտնական։ Դա շատ կարևոր փորձ էր ինձ համար։ 1994-ին վերապատրաստվեցի ԱՄՆ-ում՝ բժշկական ֆիզիկայի բնագավառում։ Ապա 2 տարի աշխատեցի և սովորեցի Վիսկոնսինի համալսարանի բժշկական ֆիզիկայի ամբիոնում։ Այնուհետև վերադարձա Հայաստան, սակայն բժշկական ֆիզիկան այդ ժամանակ մեր երկրում զարգացած չէր, իսկ ես շատ էի ուզում աշխատել հենց իմ բնագավառում։ 2 տարի հետո հրավեր ստացա՝ աշխատելու ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի «Մայո» (Mayo) կլինիկայում։ Այնուհետև ռադիոլոգիայի բնագավառում հավաստագիր ստացա և արդեն 8-րդ տարին է, ինչ աշխատում եմ Հյուսթոնի մեթոդիստական հիվանդանոցում։
2018 թվականին առաջարկ ստացա գալ Հայաստան, իսկ 2019 թվականի սեպտեմբերին բժշկական բուհում մոտ 1 ժամ տևողությամբ դասախոսություն կարդացի ՄՌՏ վերաբերյալ։
– Խոսենք Ձեր ընտանիքի մասին:
Կինս բժիշկ է՝ նյարդաբան։ Երկու աղջիկ ունեմ, թոռներ դեռ չունեմ։ Մեծ աղջիկս համաճարակաբան է, այժմ աշխատում է Վիսկոնսինի առողջապահության նախարարությունում, փոքր աղջիկս սկզբում որոշեց երգչուհի դառնալ, բայց հետո սովորեց բիզնես կառավարում և հիմա հաջողակ բիզնես լեդի է խոշոր առևտրի կենտրոնում։
Տանը հայերեն ենք խոսում, պահպանում ենք մեր լեզուն և մշակույթը։
– Ստացվու՞մ է հանգստանալ: Ի՞նչ նախասիրություններ ունեք:
Կյանքն ԱՄՆ-ում անհամեմատելի է հայաստանյան առօրյայի հետ․ աշխատանքային կյանքն այստեղ սարսափելի ծանր է։
Ազատ ժամանակ շատ եմ սիրում կարդալ ոչ մասնագիտական, գեղարվեստական գրականություն։ Վերջերս, օրինակ, վերընթերցում էի Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը» ստեղծագործությունը։
Սիրում եմ ճանապարհորդել։
– Պլանավորու՞մ եք ապագայում այցելել Հայաստան։
Այո, իհարկե։ Շատ ենք ուզում գալ Հայաստան, կարոտում ենք մեր հայրենիքը, համարյա 30 տարի է, ինչ ապրում ենք Միացյալ Նահանգներում։ Այս տարվա աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին, ծրագրում ենք այցելել Հայաստան։
– Որպես փորձառու մասնագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ապագա գործընկերներին:
Բժշկական ֆիզիկայի մասնագետներն օգնող օղակ են ռադիոլոգների և տեխնոլոգների միջև։ Այստեղ գործում են բավական բարդ համակարգեր, որտեղ ֆիզիկոսի դերը շատ մեծ է։
Ես գոհ եմ իմ մասնագիտությունից։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան շատ արագ զարգացող և խոստումնալից, բայց, միևնույն ժամանակ, բավականին բարդ բնագավառ է․ այն պետք է իսկապես սիրել։ Ինքս միշտ հասանելի եմ և պատրաստ եմ ցանկացած հարցում օգնել այս ոլորտի ապագա մասնագետներին։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան