Բժշկության աշխարհը պահանջում է սեր և անմնացորդ նվիրում: Այս կարծիքին է Նյարդաբանության պրոֆեսոր, Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի Քնի խանգարումների կենտրոնի բժշկական տնօրեն, Լիբանանի Ամերիկյան համալսարանի այցելու պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Հրայր Ադդարյանը: Պրոֆեսորի հետ զրուցել ենք մասնագիտական առավելությունների և մարտահրավերների, ինչպես նաև Հայաստանում բժշկության ոլորտի մասին:
– Պարոն Ադդարյան, ինչու՞ որոշեցիք բժիշկ դառնալ:
Համալսարան ընդունվելիս չէի մտածում բժիշկ դառնալու մասին: Ցանկանում էի զբաղվել գիտությամբ: Երբ բակալավրիատի տարիներին քիմիա և կենսաբանություն էի սովորում (1984-1988թթ.), Լիբանանը դեռ գտնվում էր քաղաքացիական պատերազմի մեջ: Ես ցանկանում էի գիտության հանդեպ իմ հետաքրքրությունը համատեղել մարդկանց օգնելու ձգտման հետ: Այսպիսով, սկսեցի նախնական դասընթացների մասնակցել: Դիմեցի և՛ հանրային առողջության, և՛ բժշկական դպրոցի ասպիրանտուրա և ընդունվեցի երկու տեղում էլ: Այնուամենայնիվ, նախընտրեցի գնալ բժշկական դպրոց:
– Ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել մասնագիտական կայացման ճանապարհին:
Բժիշկ լինելու մարտահրավերները, նախ և առաջ, այդտեղ հասնելու՝ կայանալու ճանապարհին են: Քրտնաջան աշխատանք պահանջող գործընթացը բավականին երկար է: Մարտահրավերների երկրորդ շարքը կապված է արդեն բժիշկ դառնալու հետ: Դա աշխատանք կամ մասնագիտություն չէ, այլ կենսակերպ: Դուք 24 ժամ և 7 օր բժիշկ եք: Դա կարիերա չէ, երբ կարող ես տուն գալ և մոռանալ գրասենյակի մասին մինչև հաջորդ օրը:
– Արդյո՞ք բժշկի մասնագիտությունն ունի առավելություններ:
Առավելությունները շատ են: Առաջին հերթին, շատ բարձր է աշխատանքից բավարարվածության մակարդակը: Հիանալի զգացողություն է, երբ օգնում ես ինչ-որ մեկին ավելի լավ զգալ կամ կյանք ես փրկում: Շատ քիչ ոլորտներ կարող են առաջարկել այդ առավելությունը: Երկրորդ, բժշկի մասնագիտությունն ապահովում է ֆինանսական կայունություն և երրորդ, բժշկի մասնագիտությունը շաղկապված է որոշակի սոցիալական կարգավիճակի և հարգանքի հետ, որը համընդհանուր է: Ես դրանում համոզվել եմ իմ ապրած կամ այցելած յուրաքանչյուր երկրում:
– Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
Սկսեցի գիտություն ուսումնասիրել Բեյրութի Ամերիկյան համալսարանում և ավարտեցի այն 1988 թվականին՝ կենսաբանության ոլորտում բակալավրի կոչումով: Իմ ուսման վարձը և ծախսերը փոխհատուցվեցին Գյուլբենկյան հիմնադրամի տրամադրած կրթաթոշակի միջոցով:
Հետո ընդունվեցի նույն համալսարանի բժշկական դպրոց: Այս անգամ ստացա մեկ այ կրթաթոշակ «Հարիրի» հիմնադրամի կողմից (որը հիմնադրվել է հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի կողմից): 1992 թվականին՝ ավարտելուց հետո, ընդունվեցի Նյու Յորքի պետական համալսարան և 1996 թվականին ավարտեցի օրդինատուրան նյարդաբանության ոլորտում: Այնուհետև գնացի Ռոչեսթերի համալսարան` լրացուցիչ դասընթացներ ստանալու էպիլեպսիայի խնամքի և նեյրոֆիզիոլոգիայի բնագավառում: 1998 թվականին ընդունվեցի Մինեսոտայի համալսարան, որտեղ վերապատրաստման դասընթացներ անցա քնի բժշկության ոլորտում:
1999-ին սկսեցի իմ կարիերան որպես նյարդաբանության պրոֆեսորի օգնական Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանում: Որոշեցի մնալ ակադեմիական բժշկության ասպարեզում և չգնալ մասնավոր պրակտիկայի: 2003 թվականին ինձ առաջարկեցին պաշտոն զբաղեցնել Վերմոնտի համալսարանում և նրանց համար քնի կենտրոն կառուցել: Ես ընդունեցի առաջարկը: 4 տարի նյարդաբանության և ներքին հիվանդությունների պրոֆեսորի օգնական էի, այնուհետև դարձա դոցենտ: Ես կառուցեցի մեծ, համապարփակ և բազմաճյուղ քնի կենտրոն: 6 տարի անց ես կրկին փափագում էի ապրել մեծ քաղաքում, ուստի տեղափոխվեցի Չիկագո: Սկզբում ես մեկ տարի անցկացրի Չիկագոյի Լոյոլա համալսարանում, այնուհետև տեղափոխվեցի Չիկագոյի կենտրոն՝ Հյուսիսարևմտյան համալսարան, որտեղ արդեն 11 տարի է աշխատում եմ: Այստեղ ես քնի կենտրոնի պատասխանատուն եմ, նաև Լիբանանի Ամերիկյան համալսարանի այցելու պրոֆեսոր եմ: Իմ ուսումնասիրությունները հիմնականում վերաբերում են առողջ քնին:
– Ձեզ հաջողվու՞մ է հանգստանալ: Կպատմե՞ք Ձեր հոբբիների մասին:
Ազատ ժամանակս սիրում եմ հատկացնել լուսանկարչությանը, կարելի է ասել լուրջ «փողոցային» լուսանկարիչ (street photograph) եմ: Նաև սիրում եմ կարդալ ոչ բժշկական գրքեր, երաժշտություն լսել և գրել այդ մասին:
– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
Երեխաներ չունեմ: Վերջերս կինս ապաքինվեց երկարատև ծանր հիվանդությունից և այժմ աշխատանք է փնտրում: Ունենք 2 կատու և 3 թութակ. բոլորին փրկել ենք ապաստարաններից: Նրանք պահանջում են նույնքան ուշադրություն, որքան երեխաները:
– Ինչպե՞ս կբնութագրեք բժշկությունը Հայաստանում:
Հայաստանն ունի շատ փայլուն ու նվիրված բժիշկներ, ինչպես նաև առողջապահական ծառայություններ մատուցողներ: Ես տպավորված եմ Հայաստանում առկա կլինիկական հմտությունների մակարդակով: Կարծում եմ՝ երկրին անհրաժեշտ է առողջապահական ավելի լավ ենթակառուցվածք, համակարգ, որը կարող է աջակցել այս բոլոր տաղանդավոր և նվիրված բժիշկներին:
– Հայրենիքի հետ կապված ի՞նչն եք կարոտում:
Իմ հայրենիքը Լիբանանն է: Հայաստանն իմ պապենական հողն է: Ես միայն մեկ անգամ եմ եղել Հայաստանում: Դա հիանալի փորձ էր: Լիբանանից կարոտում եմ սնունդը, սուրճը և Միջերկրական ծովը:
– Պլանավորու՞մ եք այցելել Հայաստան:
Այո, պլանավորում եմ կնոջս հետ Հայաստան այցելել 2022 թվականին, եթե Covid-19-ը թույլ տա: Անհամբեր սպասում եմ այդ հնարավորությանը:
– Որպես փորձառու բժիշկ և գիտնական՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:
Խորհուրդս հետևյալն է. բժշկությամբ հետաքրքրվողները չպետք է զբաղվեն դրանով, ուղղակի քանի որ դա հեշտ և ֆինանսապես հատուցվող կարիերա է: Ո՛չ: Դուք պետք է հայտնվեք բժշկության աշխարհում, քանի որ սիրում եք բժշկությունը և ցանկանում եք ձեր կյանքը նվիրել դրան: Դա կոչում է և պահանջում է երկար ժամեր ու քրտնաջան աշխատանք: Նաև խորհուրդ եմ տալիս չզբաղվել բժշկությամբ՝ զուտ ծնողների սպասելիքներն արդարացնելու համար:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան